Ամենաերկար երգն աշխարհում


Forbes-ի վարկանիշային ցանկում ընդգրկված հրեական ծագմամբ ռուսաստանցի խոշորագույն բիզնեսմենները գալիք երեքշաբթի կատարելու են ամենաերկար երգը, որը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում («ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ հրեական կոնգրեսի մամլո ծառայությունը):

Մեծահարուստ այդ գործարարները մասնակցելու են երաժշտական արտասովոր` «5775» մարաթոնին, որը նվիրված է ամենաերկարատև երգի ձայնագրությանը:

Ընտրվել է «Ալելույա» հիթը, որի հեղինակը կանադացի հռչակավոր կատարող, դարձյալ` հրեական ծագմամբ, Լեոնարդ Կոենն է: «Ալելույա» արտահայտությունը թարգմանաբար նշանակում է «փառաբանենք Աստծուն» և գործածական է թե´ եբրայան կրոնում, թե´ քրիստոնեության մեջ:

«5775» անվանումն էլ պատահաբար չի ընտրված. մարաթոնային երգի սկավառակը կթողարկվի հրեական թվականության 5775 թվականին և ճիշտ այդքան կատարող է մասնակցելու երգի ձայնագրությանը:

Նախաձեռնության կազմակերպիչները կարծում են, որ երգը Գինեսի գրքում կգրանցվի 3 անվանակարգերով. երբևէ ձայնագրված ամենաերկար երգ, երգ, որի ձայնագրությանը մասնակցել են ամենամեծ թվով կատարողներ և երգ, որի ձայնագրությունը կատարվել է ամենամեծ թվով երկրների ներկայացուցիչ կատարողների մասնակցությամբ: