Նոր «ազգություն». փախստականներ կամ գաղթականներ


Նրանք այսօր արդեն 50 միլիոնից ավելի են: Եվ որքան էլ օտարոտի հնչի, այդուհանդերձ զարգացող քաղաքակրթության ծնունդ են: Թուրքական յաթաղանից մազապուրծ հայ գաղթականները չշարժեցին աշխարհի գութը և գաղթականությունը դարձավ մարդկության ուղեկիցը: Corriere dellΖ SerΖ թերթի հրապարակումներից մեկը հիշեցրել է` 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո այսքան հոծ չի եղել փախստականների «բանակը»` 51,2 միլիոն մարդ:

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր հարկադրված վերաբնակեցվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 50 միլիոնի շեմը,- գրել է պարբերականը` մեջբերենք ՄԱԿ-ի` փախստականների հարցերով Գերագույն կոմիսարի նոր զեկույցում առկա փաստերը:

50 միլիոնից 16,7 միլիոնը փախել են արտասահմանյան երկրներ. նրանց կեսը անչափահասներ են: 1,2 միլիոնն էլ ուրիշ պետություններից ապաստան են խնդրել:

Փախստականների քանակի աճին նպաստել է նաև սիրիական պատերազմը. միայն անցյալ տարի այդ երկիրը լքել է 2,47 միլիոն քաղաքացի, իսկ 6,5 միլիոն մարդ էլ տարհանվել, բայց մնացել է Սիրիայի տարածքում:

Իհարկե, խոսքը միայն Սիրիայի մասին չէ. ներպետական բախումները, այսպես կոչված` գունավոր հեղափոխությունները, որոնք ուղեկցվում են զանգվածային սպանություններով, մարդկանց մղում են տարագիր դառնալ: Արտագաղթը սաստկացնում են նաև սոցիալական ծանր պայմանները, աշխատազրկությունը:

Այնպես որ, գործերդ կարծես այնքան էլ լավ չեն, քաղաքակի´րթ Աշխարհ: Մի օր էլ հանկարծ բնակիչներդ կարող է պահանջեն` «Կանգնեցրե´ք մոլորակը. մենք ուրիշ մոլորակ ենք տեղափոխվում»: