«ԱՆԱՊԱՏՈՒՄ ԿԱՆՉՈՂԻ ՁԱՅՆԸ»


«Քանի որ լոյսն ունիք, հաւատացէք լոյսին, որ լոյսի որդիք լինիք»:

(Հովհ. 12.36)

Հունիսի 21-ին մեկնարկած արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի «ՖՐԵՍԿՈ» միջազգային փառատոնը, մշակութային տարագույն ժամանցի բոլոր սիրահարներին ակնկալվածին համարժեք հնարավորություն ընձեռեց «առանց տոմսի» դիտելու 39 երկրներից ուղարկված ավելի քան 300 հայտերից առանձնացված 57 տարբեր ձևաչափերի ֆիլմեր: Ներկայացուցչական բազմամարդ հանդիսությունից ծայր առած քառօրյա տևական փոխշփումների հավաքական տպավորությամբ` ամենքն էլ անկեղծ խոնարհու մով ողջունեցին «ՖՐԵՍԿՈՅԻ» կազմակերպիչների միակամ հետևողականությունն ու խանդավառ հավատարմությունը` «Վնասվածը վերականգնելու կարիք կա» կարգախոսին և որդեգրած համամարդկային գաղափարախոսությանը: Առաջին անգամ մեր իրականության մեջ հավասարների իրավունքով միջազգային մշակութային փառատոնի շուրջ համախմբվել էր առողջական տարատեսակ խնդիրներ ունեցողների մի մեծ բազմություն ամբողջ Հայաստանից: Ինչպիսի˜ ջանադրությամբ էին լսողության խնդիրներ ունեցող «կամավորական» պատանիներն ու աղջիկները իրենց բախտակիցներին ինքնահատուկ ժեստերով փոխանցում «ՖՐԵՍԿՈՅԻ» համար կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հորինած «Մեծ հեքիաթ» երգի հեղինակային կատարման բովանդակային շերտը: Ինչպիսի˜ պատասխանատվությամբ էին միաբանվել Ելն ի Վիրապեն (Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից դուրս գալու օրը) տոնը նշանավորող մոտ 2000 մոմերը որպես հոգևոր աղոթքի լույսի խորհրդանշական հուշանվերներ պատրաստելիս: Փառատոնի կազմակերպիչների և տարադավան հյուրերի հետ Խոր Վիրապից ճրագ էին վերցրել, երկյուղածությամբ հասցրել Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, ստացել կաթողիկոսական օրհնություն: Ինչպիսի˜ ակնածանքով էին Կարապի լճի մեջ տեղադրված բեմահարթակից ջուրն իջնում և հոգու խավարը ցրելու կոչված, Հովհաննու Ավետարանից քաղված ասույթով շաղկապված իրենց վառած մոմերը հասցնում մերձակա խոտածածկույթին նստոտած հանդիսականներին: Ասես «անապատից կանչող մի նոր ձայն»` տարրական բարեկրթությամբ չփայլող մեծամասնությանը երեխաները նախազգուշացնում էին հոգևոր թմբիրից չսթափվելու մարդավերության անկանխատեսելի մոտալուտ վտանգների մասին:

Ցերեկվա բարկ արևից «ՖՐԵՍԿՈՆ» մարդկային անանցողիկ արժեքների շուրջ կառուցողական երկխոսության ձգտող կինոսերներին պատսպարեց Հայաստանի երաժշտական ընկերության (ՀԵԸ), Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի դահլիճներում: Ապա սիրահոժար տեղափոխեց Կարապի լճի մերձակա «կանաչ ամֆիթատրոն»` 5 անմոռանալի երեկո պարգևելով երկնառաք աղոթքի ճրագները հոգիներում բորբոքած ամենքին:

Ընդամենը 2 օր անց, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ակտիվ գործընկերությամբ, փառատոնի ընթացակարգն ավելի «թեժացավ»: Մեկնարկեց Հայոց Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված «Ճշմարտության հուշարձան» խորագրով հատուկ ծրագիրը, որի հանդեպ հայ կինոգործիչների դրսևորած «ալարկոտ» անտարբերության փաստը զարմացայտ ափսոսանքով ու զուսպ զայրույթով ընկալվեց: Հոլոքոստի մասին պատմող 7 կինոժապավենների «առաջնեկը» հայոց արնածոր ողբերգութ յան թեմայով չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա ռեժիսոր Օսկար Ափֆելի նկարահանած «Հոգիների աճուրդ» («Ավրորա») հոլիվուդյան վավերապատումն էր: 1919-ի փետրվարի 16-ին Նյու-Յորքի «Պլազա» հյուրանոցում առաջին անգամ ցուցադրված այդ ժապավենից պահպանված 24 րոպեանոց հատվածը հստակ պատկերացում տվեց գլխավոր դերակատարի` Արշալույս Մարտիկանյանի վերապրած Գողգոթայի մասին: Եվ միաժամանակ խթան դարձավ մարդկության պատմության գորդյան արնաներկ հանգույցները բարեգութ հանդուրժողականությամբ քակելու նոր ուղիների ու հնարների հանապազօր պրպտուքի:

Մարդասիրության հուզառատ դաս եղավ «Ֆրեսկոյի» հատուկ հյուրերից մեկի` Հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ հանդիպումը: Իտալիայի Սարդինիա կղզում 1962-ին ծնված, Հռոմի և Ժնևի համալսարաններն ավարտելուց հետո Մոսկվայում և Լենինգրադում (Սանկտ Պետերբուրգ) 1985-ին փորձաշրջանն անցած Հայր Հովհաննեսը, 4 տարի անց դարձել էր ռուս ուղղափառ եկեղեցու սպասավոր: Ի թիվս այլ ուսումնասիրությունների, նա հրատարակել էր 3 գիրք հայ եկեղեցու և ժողովրդի մասին: Հատկանշական է, որ «Մարդու կյանքը երկնքի և երկրի հանդիպումն է. զրույցներ Գարեգին Բ-ի հետ», «Հավատարմության 1700 տարի», «Ճիչ Արարատից. Արմին Վագները և հայերի ցեղասպանությունը» գրքերի հեղինակը «ՖՐԵՍԿՈՅԻ» հրավերով ժամանել է Հայաստան: Հընթացս փաստագրական հավելյալ ծանրակշիռ տվյալներ է մտադիր համբերատար ժողովել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մերկացնող իր նոր աշխատությունը շուտով ավարտուն ամբողջացման հասցնի:

Օպերային թատրոնի շենքը «շուրջկալած» սրճարաններում «ՖԻՖԱ»-ի ընթացքին ծխամած աղմուկով հետևող մոլի ֆուտբոլասերները նույնիսկ գայթակղվեցին «ՖՐԵՍԿՈՅԻ» կազմակերպիչների ջանասիրությամբ աշխարհի 17 երկրներից Հայաստան բերված ֆիլմերի բացօթյա ցուցադրություններով: Եվ, մեծադիր էկրանի յուրատիպ բովանդակությամբ օրեցօր աճող հետաքրքրությամբ, երեկոյան զովը մինչ ուշ գիշեր վայելեցին Կարապի լճի տարածքում: Նույնիսկ նախանձով լցվեցին հունիսի 26-ից Օձուն, Ախթալա, Հաղպատ հնավայրերի տարածքում նախաձեռնված ճամբարային կինոարշավների ու գիշերային խարույկների շրջօղակում բոցկլտացող քննարկումների մասնակիցների հանդեպ:

Երանի˜ նրանց, ում բախտ կվիճակվի հենց այսօր տեր Վրթանեսի վարած պատարագի հոգևոր լիցքերով գոտեպնդվել և մի քանի լեզուներով ունկնդրել նրա պատմագիտական զրույցները` Լոռվա հինավուրց քարեղեն մշակույթի և իմաստուն դիվանագետ ու արիակամ քրիստոնյա Հովհաննես Օձնեցու առեղծվածների շուրջ:

Ի տարբերություն մեզանում նախաձեռնվող մյուս փառատոների, «ՖՐԵՍԿՈՅԻ» տիրույթում ներգրավվածները ոչ միայն պարզապես ծանոթացան փառատոնային ֆիլմացանկին, այլև մասնակցեցին պատերազմները, բռնությունը, ազգային, կրոնական ու ցանկացած այլ տեսակի խտրականություն, մարդկային գործոնով բռնկված բնավերությունները դատապարտող խաղարկային և վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ կինոժապավենների ու տեսանյութերի քննարկումներին: Հուսանք, որ հունիսի 29-ին Մատենադարանում կայանալիք մրցանակաբաշխության արդյունքներում նկատելի կլինեն այդ քննարկումների անդրադարձները: Եվ մրցութային ծրագրում 8 երկրներից ընդգրկված 21 ֆիլմերից (ՀՀ-ից` միայն Արա Երնջակյանի «Խավարումը») լավագույններն ընտրելիս միջազգային հանձնախումբը (Կատյա Մալատեստա, Անտուան Ագուջյան, Արմեն Խաչատրյան, Գորան Ռադովանովիչ, Տեր Եսայի քհն. Արթենյան, Արամ Սուքիասյան, Հայր Հովհաննես Գուայտա) նույնպես հավատարիմ կմնա «ՖՐԵՍԿՈՅԻ» որդեգրած դավանանքին: Եվ, որ ամենակարևորն է, դեռ երկար կկայծկլտան հոգևոր նորաբորբոք կանթեղները...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ