Հա՞ որ...


«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ընկերության հերթական սակագնային աճպարարությունը ժամանակավորապես կասեցված է, և գոնե մինչև տարեվերջ ջրի մանրածախ գնի անփոփոխ մնալու երաշխիքներ կան£ Այնուամենայնիվ, այս անգամ կառույցին հաջողվել է թանկացման հարցը լուծել և այն էլ վերջին շրջանում հազվադեպ դարձած եղանակով£ Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանը ջրամատակարարներին լրավճար է հատկացնելու և սպառողների վճարելիք 181 դրամին մեկ խորանարդ մետր ջրի դիմաց, այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին Երևան Ջուրը 206,97 դրամ է կորզելու£ Ակնհայտ է, որ բյուջետային միջոցների պակասից մշտապես դժգոհ քաղաքային իշխանության անսպասելի նախաձեռնությունը հավանաբար հենց նախանշվող ժամկետի ավարտին` տարեվերջին կեզրափակվի, և նշված գումարի տարբերությունն, ինչպես բոլոր նման դեպքերում, բնակիչ-բաժանորդների հոգալիք խնդիրը կդառնա£ Ավելին, ահռելի ծախսը, որն առաջիկա ամիսներին նշանակալիորեն թեթևացնելու է քաղաքապետարանի բյուջեն, գրեթե կասկածից վեր է, որ դարձյալ քաղաքացիների հաշվին է, բայց արդեն այլ ծառայությունների թանկացման տեսքով փոխհատուցվելու£ ԵՎ ՍՏԱՑՎԵԼՈՒ է այնպես, որ նման խորամանկ ու խճճված հանգուցալուծման դառը պտուղները ջրօգտագործողները դեռ նոր են վայելելու£ Իսկ համակարգի քայքայվածության մասին «Երևան Ջուր» ընկերությունը նախընտրում է լռել... Այստեղ վերջին շրջանում ոչ միայն աշխատակիցներին են սկսել կրճատել, այլ նաև վարձավճարների հավաքագրման ցուցանիշերի զգալի անկում է արձանագրվել£ Օպտիմալացումն ու կարճաժամկետ սուբսիդիաներն, իհարկե, չեն փրկելու այս կառույցին, սակայն, թանկացման նորանոր հայտեր պատրաստողները գոնե մինչև հիմա պետք է բազմիցս համոզված լինեն, որ ինչքան սակագինը վերանայում են, այնքան ջրօգտագործման ծավալներն ու վճարումների հարցում սպառողների պարտաճանաչությունը ցանկալիից ավելի ու ավելի հեռու արդյունքներ է արձանագրում£ ԵՐԵՎԱՆՋՐԻ օտար, թե տեղացի ղեկավարներն ակնհայտորեն թքած ունեն նաև ամենակարևոր խնդրի վրա. թե ջրից բացի ու ջրի հետ միասին ի՞նչ է հոսում մեր բնակարանների ծորակներից, նրանց ընդհանրապես չի հետաքրքրում£ Իսկ թե ինչպես է ստացվել, որ որակական բարձր հատկանիշներով հարուստ մեր ջուրը վաղուց արդեն վտանգավոր է դարձել առողջության համար` այս հարցն էլ պատասխան չունի£ Կարևորը թերևս ջրաչափի ցուցմունքն է, որն անհայտ ու անտրամաբանական արագությամբ պտտվում է` ավազ, օդ ու ինչ ասես դեպի ծորակ մատակարարելով, ջրմուղի քիմքին և գրպանին հաճելիորեն արագ շարքից հանելով ջրաչափեր£ Ընդամենը մի քանի տարի առաջ այդ սարքերը բավական թանկ գնով ձեռք բերած քաղաքացիների համար նորանոր ծախսեր առաջացնող ջրմուղն արդեն լուրեր է շրջանառում, որ ջրաչափերը նույնպես փոխելու անհրաժեշտություն կա£ Ֆրանսիական ընկերությունն իր հայրենակիցներին այսչափ «ֆռռացնել» չէր կարող իհարկե£ Չէ°ր համարձակվի£ Բայց դե Հայաստանում, երևի մտածում են` կարելի է նաև ջրաչափիչային «բիզնես» զարգացնել£