Վանի հերոսամարտի 95-ամյակը


Այս տարի լրանում է հայ ժողովրդի նորագույն պատմության փառապանծ էջերից մեկի` Վան-Վասպուրականի հերոսամարտի 95 ամյակը: 1915 թ. գարնանամուտին Թուրքիայում իշխող երիտթուրքերի ոճրագործ պարագլուխները, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած պատեհ առիթից, որոշում ընդունեցին զանգվածային տեղահանության անվան տակ բնաջնջել հայ բնակչությանը: Հայոց ազատամարտի և հերոսական խոյանքի գագաթները եղան ոչ միայն Վանի, Շատախի, Արջակի, Փեսանդաշտի, այլ նաև Մուշի, Սասունի, Ուրֆայի, Շապին-Գարանհիսարի, Մուսա լեռան և այլուր օրհասական կռվի ելած հայ զանգվածների` օսմանյան զորքերի ու ջարդարար ամբոխի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերը: Սակայն իր մասշտաբներով և բախտորոշ հետևանքներով ապրիլ-մայիս ամիսներին Վանում մղած հերոսամարտը մեր ժողովրդի ճակատագրում առանցքային նշանակություն ունեցավ: Այս առիթով «Վան-Վասպուրական» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մեծ դահլիճում կազմակերպել էր հանդիսություն, որտեղ զեկույցներով հանդես եկան «Վան-Վասպուրական» կազմակերպության նախագահ Ռոմիկ Հովնանյանը, պատմաբան Ռաֆիկ Թադևոսյանը. ելույթ ունեցան «Արատտա», «Կարին», «Սասուն» ազգագրական համույթները և անհատ կատարողներ: Աննկարագրելի գեղեցիկ ու հետաքրքիր էր միջոցառումը. բոլոր կատարողներն ու մասնակիցները ոգեշնչված էին, համակված հայրենասիրության ոգով: Միջոցառման վերջում Ռ. Հովնանյանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորին, ճարտարապետական համալսարա նին, Արսեն Համբարյանին, «Արատտա», «Կարին» և «Սասուն» պարային խմբերին: Այսպիսով, Վանի հերոսամարտի հաղթանակի օրը ոչ միայն վասպուրականցիների, այլ համայն հայության ազգային տոներից մեկն է, որ պետք է հիշվի միշտ ու տոնվի` փոխանցվելով սերնդից սերունդ:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ