ԱՆՑՅԱԼԻՑ ՆԵՐԿԱ


Սյունյաց աշխարհի ոգեղենությամբ ներշնչված Արսեն Յուրիկի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ Արցախյան ազատագրական շարժման մասնակիցներից է... անկեղծ ու բռնկուն մի մարդ, ով արհամարհում էր հայրենասիրության կողմնակալ բոլոր ձևակերպումները: Մեր զրույցի ողջ ընթացքում վերահաստատեց... հայրենիքն սկսվում է տնից... - Ծնվել եմ Երևանում, ծնողներս Սյունիքից են: Հայրս 1987-ին է մահացել: Բանակից վերադառնալուց հետո անմիջապես մասնակցել եմ շարժմանը: Երբ առաջին անգամ գնացի Արցախ, մայրս չգիտեր: Այն ժամանակ դժվար էր Արցախ հասնելը: Գնացել ենք Վարդենիս, Վարդենիսից ուղղաթիռով հասել ենք Մարտակերտ: Զենք ձեռք բերեցինք ու տարանք: Զրուցակիցս միանգամից սկսեց իր կյանքի պատմությունը` սրընթաց, կրակոտ` նման իր մարտական գործողություններին: ՀՀ ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Արսեն Գևորգյանը 1989-94 թթ. Մալաթիա-Սեբաստիա երկրապահ կամավորականների ջոկատի կազմում մասնակցել է Արցախի և ՀՀ սահմանների պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին: 1998 թ. սեպտեմբերից Մարտակերտի շրջանի Թալիշ և Չայլու գյուղերի պաշտպանների շարքում էր, այնուհետև ջոկատի հետ Սիսիանի Ջոմարթլուի, Կոռնիձորի, ապա` Խնձորեսկի շրջաններում մղվող ինքնապաշտպանական մարտերում: - Հետո մեր ջոկատը տարբեր մարտերի մասնակցեց: Դեկտմբերի 7-ին առաջին զոհն ունեցանք` Սասունցի Նորիկն էր: 90 թվականն էր, որ Մեղրի գնացինք, համարյա երկու տարի այնտեղ եմ եղել` մասնակցելով Շվանիձորի, Նյուվադիի, Ագարակի այնուհետև Շամշադինի, Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերին: Կոռնիձոր ջոկատը հետո երեք ջոկատի բաժանվեց: Մեր ջոկատը մկրտվեց Վարդան ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ անունով, ով զոհվեց մարտական գործողություններից մեկի ժամանակ. նրան փոխարինեց Մարտին ՂԱԶԱՐՅԱՆԸ: Այս տարի` մարտի 22-ին, լրացավ մեր ջոկատի 20 տարին: 91 թվականն էր… նոր էր ամուսնացել: Մարտական գործողությունների բուռն ու արյունալի ժամանակաշրջան էր… Արսենը չէր կարող հանգիստ գլուխը բարձին դնել: Ընտանիքը հասկանում էր, որ երկիրը վտանգի մեջ էր: - Երբ դեռ չէի ամուսնացել, ընկերներիս հաճախ կատակելով ասում էի, թե էրեխեքին սովորեցրել եք, որ ձեր ետևից լացե՞ն (իսկ մեր ջոկատում համարյա բոլորն էին ամուսնացած): Երբ ինքս զավակներ ունեցա (երեք երեխա ունեմ), հասկացա, թե ինչ կա երեխայի անմեղ հայացքում. թաքնված ուրախությունն ու տխրությունն ինչքան զուլալ են… Ծնողի, ընտանիքի հանդեպ կարոտը երբեմն սահմաններ չի ճանաչում… Ամեն անգամ գնալիս հասկանում էի, որ կյանքս վտանգված էր, և բոլորովին չգիտեի` կվերադառնա՞մ, ևս մեկ անգամ կտեսնե՞մ զավակներիս… Շահումյանը մարտական ամենաթեժ շրջանն էր: Տեղացիները խուճապի էին մատնվել: Էնպես էինք անում, որ թշնամին չիմանա, թե ընկճված ենք. մահացածներին գիշերն էինք հողին հանձնում: Էն ժամանակ կռվի սահմռկեցուցիչ տեղատարափից վախեցած էին մարդիկ: Երբ կամավորական խմբերը նրանց հետ էին լինում, քիչ թե շատ խաղաղվում էին: Հայրենիքը սկսվում է տնից, իսկ այդ տարիներին, բարեբախտաբար, այդպես շատերն էին մտածում: 91 թվական… Դեռատի կնոջն ասաց, որ պետք է գնա ու գնաց… Մասնակցեց Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուղ, Մանաշիդ, Կարաչինար բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին: Նորից հիշողություններ, որ ստիպում էին վերադառնալ անցյալ… - Մի անգամ Շահումյանում ես ու Ալիկը` ընկերս, հետախուզության ժամանակ շրջափակման մեջ ընկանք. ետդարձի հույս այլևս չկար, բայց Աստված մեր կողմից էր, մի կերպ կարողացանք աննկատ դուրս գալ: Երբ Շահումյանում էինք, մեզ մոտ եկավ Ավոն: Սկզբում չգիտեինք` ով է. երևի բոլորիս մտքով անցավ, թե այս ինտելիգենտն ո՞վ է, ի՞նչ կարող է անել: Ոչինչ չգիտեինք իր մասին, չէր պատմում, բայց հետո ամեն ինչ պարզ էր… Փառապանծ Մոնթեն էր… Հայրենասեր, խիզախ, աստվածավախ մարդ էր: Նախատում էր տղաներին, երբ հայհոյում էին: Առաջին ականանետը Ավոն բերեց Շահումյան: Միասին ենք եղել Շահումյանի մարտական գործուղություններին: Շահումյանն ամեն օր ռմբակոծվում էր: Մենք զինատեսակներով աղքատ էինք: Մեր ջոկատից Սասունցի Անանն իր երգերով գոտեպնդում էր մեզ` մեր մեջ բարձրացնելով ազգային ոգին: Անանը «Մուշ» համույթից էր: Նրա հետ կապված հետաքրքիր հուշեր կան. հիշում եմ` իր ավտոմեքենան վաճառեց, զենքեր, փամփուշտներ գնեց: Կարաչինարում դիրքերը դեմ դիմաց էին ` շատ մոտիկ: Անանը որ երգում էր, թշնամին էլ էր հիացմունքի խոսքեր ասում. թերևս չէին էլ հասկանում: Իսկ 93-ին կրկին Մեղրիում էր` մասնակցելով Ագարակի պաշտպանական մարտերին: 1994-95 թթ. ծառայության է անցել ՀՀ ռազմական ոստիկանության հատուկ վաշտում, մասնակցել Քելբաջարի, Վարդենիսի մարտական գործողություններին: Այնուհետև մինչև 96 թվականը հատուկ գնդում է եղել: Հարկ է նշել, որ 95-97 թ.թ. ծառայել է զորամասի հետախուզական վաշտում, բայց միշտ դիրքերում է եղել: Երբ նրանից փորձում էի իմանալ իր ժամանակի երիտասարդների նվիրվածության, ոգեղեն կերտվածքի նկարագիրը, ասաց. - Մենք ուրիշ ոգով ենք դաստիարակվել, թող չվիրավորվեն մեր երիտասարդները, բայց ճշմարտությունը դա է` միշտ զգալով, որ պիտի ետ բերենք մեր պատմական հողերը: Պատմական Հայաստանի կորցրած վայրերի անվանումները մեր շուրթերին էին ու հոգում: Այդ տարիներին հատուցման հնարավորություն մեզ տրվեց: Ում մեջ հայրենիքի նկատմամբ սիրո կրակն էր բորբոքվում, գնաց ուրախությամբ: Հիմա շատ երևույթներ են փոխվել, բայց պետք է միշտ հիշել` ինչպես Նժդեհն է ասել, թե խաղաղությունը ժամանակահատված է, որ պատրաստվես նոր պատերազմի: Դրա համար պետք է զգոն լինել: Մենք անցյալ ունեցող ժողովուրդ ենք, պարտավոր ենք ետ նայել` դասեր քաղելու համար: Հայրենիքի նկատմամբ սերը գեներով է փոխանցվել, այնքան էինք լսել ֆիդայիների մասին, որ մեր մանկական խաղերում փորձում էինք նրանց նմանվել: Իմ մարտական ընկերներից այսօր շատերը չկան` մի մասը մարտադաշտում զոհվեցին, շատերն էլ ստացած վերքերից տարիներ անց մահացան: 91-ին Շահումյանում, երբ վիրավորվել էր, ինչպես ինքն ասաց` ասես ամոթ էր այդ մասին ասելը, իսկ հետո` եթե իմանան, էլ ինչպե՞ս կշարունակեր մարտը, չէին թողնի: Ահա այդպիսին էր իմ հերոսը` հպարտ, կենսասեր… Բավական չէ՞ արդյոք այդքան փորձությունները մի ժողովրդի համար: Այլևս խաղաղության դարեր թող թագավորեն: ԵՎ իսկապես, հայրենիքի նկատմամբ սերը ցավից է ծնվում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ