ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Լեյլա ՍԱՐԻԲԵԿՅԱՆ. վաստակավոր արտիստուհի, երգչուհի¬երգահան «Բեմը որևէ բան չթաքցնող հայելի է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Կյանքում ամեն ինչ վաստակել եմ` ապավինելով սեփական ուժերիս£ Այն ժամանակ` խորհրդային տարիներին, որևէ բան հենց այնպես չէր մատուցվում. պետք է արժանի լինեիր£ Ավարտել եմ Մանկավարժական համալսարանի երգ¬երաժշտության ֆակուլտետը£ Հետաքրքիր է` ժողովուրդն ինձ համարում է ժողովրդական ժանրի երգչուհի (որի համար շատ ուրախ եմ), բայց ես պատկանում եմ էստրադային ժանրին£ Երկար ու դժվար ճանապարհ եմ անցել, որպեսզի վաստակեմ այն, ինչ ունեմ այսօր` երաժշտական ճաշակ, ոճ և այլն£ Շատ խոչընդոտներ եմ հաղթահարել ներկայիս լիարժեք ընտանիքն ունենալու համար£ Դժվարին է իմ ընտրած ասպարեզը, բայց հաղթահարել եմ իմ առջև ծառացած յուրաքանչյուր արգելք£ Դժվարություններ եմ ունեցել նաև ամուսնուս կողմից իմ` որպես երգչուհի հանդես գալու առումով£ Այն մարդկանցից եմ, ովքեր չեն դավաճանում իրենց սկզբունքներին, և հիմա արդեն ամուսինս չի էլ պատկերացնում իմ երգչուհի չլինելը£ Ընկերներիս հետ բարեգործական համերգներով ենք հանդես գալիս, ինչը հոգեկան բավարարվածություն է պարգևում մեզ£ Թեև այդքան շատ բարեգործական համերգները եկամտաբեր չեն, բայց այլ կերպ չեմ կարող, երբ տեսնում եմ, թե իմ երգերով ինչպես է ոգևորվում ժողովուրդը£ Այն, ինչը սրտից է բխում, արդեն իսկ դժվարություն չէ£ Միգուցե այս մտածելակերպից տուժում է իմ նյութականը, բայց… Ընտանիքում ինձ հասկանում են այս առումով, ընդունում այնպիսին, ինչպիսին կամ£ Ինձ համար կարևոր են մարդկային փոխհարաբերությունները£ Եթե սիրում եմ որևէ մեկին, նվիրվում եմ անմնացորդ£ Չեմ ընդունում կեղծ, արհեստական մարդկային հարաբերությունները£ Եթե ծառայում ես արվեստին, օտար, անհաղորդ չես կարող մնալ մարդկային ուրախությանը, ցավին£ Պետք է ապրես այդ ամենը, անմիջականորեն զգաս քո անձի վրա, դարձնես քոնը, որ հետո կարողանաս կիսել դիմացինի հետ: Բեմը որևէ բան չթաքցնող հայելի է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեի՞ք լինել£ - Հարգելով յուրաքանչյուր ազգի` միշտ Աստծուն շնորհակալություն եմ հայտնում ինձ հայ ստեղծելու համար£ Աշխարհի ամենախելացի ազգն է` հոգևոր բարձր արժանիքներով օժտված£ Մարդկային իրականության մեջ հայը տիեզերական դեր ունի£ Միշտ ասել եմ` հայն է փրկելու աշխարհը, զգում եմ` աշխարհը փրկելու առաքելություն ունենք£ Աշխարհով մեկ սփռված լինելը, երևի, հայի առաքելություններից է£ Բայց չեմ կարողանում հասկանալ և ընդունել, երբ փախչում են հայրենիքից£ Հատկապես, արվեստին ծառայողները, որովհետև, լքելով հայրենիքը, ուրիշի ամբարն են հարստացնում£ Չնայած ծնվել եմ Թիֆլիսում, բայց ինձ երևանցի եմ համարում£ Երեխաներիս մեջ սերմանում եմ հայրենասիրություն, թեև այսօր դժվար է երիտասարդին այդպիսին դաստիարակել, երբ իր համար ակնհայտ է, որ շատ հարցեր ոչ թե խելքի, իմացության շնորհիվ են լուծում ստանում, այլ, այսպես կոչված` «ուրիշ կապերի» միջոցով£ Ամեն դեպքում, կփորձեմ երեխաներիս պահել այս երկրում, հակառակ դեպքում անիմաստ կլինի ապրելս£ Մենք գեղեցիկը տեսնող, ընկալող, բնությունը սիրող, հայրենիք, ծնող հասկացությունները գնահատող ազգ ենք, ինչն անհասկանալի է քոչվոր ցեղերին£ Խոնարհվում եմ այն տղաների առջև, ովքեր «հանունը» վեր դասեցին իրենց անձից£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Յուրաքանչյուր մարդու հոգում կա մի անկյուն, որն իրենն է, և ոչ ոք իրավունք չունի մուտք գործել այնտեղ. նույնիսկ` ամենահարազատ մարդը£ Հոգու այդ անկյունը հանրության սեփականությունը դարձնելը պետք է լինի միայն տվյալ անձի որոշմամբ£ Ամեն ոք ազատ ապրելու իրավունք ունի, բայց պետք չէ մոռանալ որոշակի սահմաններ չանցնելու մասին, չէ՞ որ երեխաներ ունենք£ Ինքս ինձ չդավաճանելու համար շատ երազանքներ եմ սպանել հոգումս£ Մի ճշմարտություն գիտեմ` անունդ չես կարող մաքրել ո°չ մի բանով, անգամ մահովդ£ - Ի՞նչն է Ձեզ համար առեղծվածային£ - Ինձ միշտ զարմացրել է սիրելու ունակությունը£ Մարդը գլխիվայր նետվում է սիրո հորձանուտը` գիտակցելով, որ այն վաղը հնարավոր է` ավարտվի£ Նա շարունակում է սիրել, նույնիսկ այն դեպքում, երբ անհնարին է այդ սիրուն հասնելը£ Հասկացել եմ մի բան` մարդիկ միայն սիրուց են սնվում, ներշնչվում£ Մարդկությունն առաջ տանողը սերն է£ Մարդկային ճակատագրեր կարող է փոխել սիրո նման հրաշքը£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ` սիրելի անեկդոտը£ - Զավեշտալի դեպքեր շատ են եղել իմ կյանքում£ Սովորաբար, իմ փոխարեն ընկերներս են հիշում ինձ հետ կատարված միջադեպերը£ Շատ մարդկանց գոյությունն իմ կյանքում արդեն իսկ զավեշտ է£ Այս պահին որևէ դեպք հիշել չեմ կարող£ Ինձ միշտ շրջապատում են հետաքրքիր, հումորի զգացողությամբ օժտված մարդիկ£ Սարսափելի է անհումոր մարդը£ Իմ կյանքում յուրաքանչյուր լավ մարդու ներկայությունը համարում եմ հարստություն£ Ես անեկդոտ լսող, ընկալող անձնավորություն եմ. ապարանցի եմ£ Բոլոր նոր ծնված անեկդոտներն ինձ են պատմում, բայց հիշել չեմ կարողանում£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Ամենալավ ժամանակահատվածը մանկությունս էր£ Մեծացել եմ Թիֆլիսում£ Շատ օրինակելի աշակերտուհի եմ եղել£ «Զրո» դասարանում արդեն գրում էի, կարդում£ Դասարանցիներիս հետ մինչև հիմա էլ կապերը պահպանում եմ£ Ամուսինս եղել է համադասարանցիս£ Ինձ սիրահարվեց առաջին հայացքից £ 10 տարի տևեց մինչև ամուսինս իր ցուցաբերած սիրով ու մաքրամաքուր էությամբ հաղթահարեց իմ կողմից առաջացրած անջրպետը£ Մայրս ճակատագրական դեր է ունեցել իմ կյանքում` եղել է երգի առաջին ուսուցչուհիս. աշուղական երգերն իրենից եմ լսել£ Պապս ու հորեղբայրներս հրաշալի երգում էին£ Աշուղի (Սարո) ծոռ եմ£ Երգող և պարող տոհմ ենք եղել£ Պարի նկատմամբ մեծ սերը ինձ փոխանցվել է իմ մորեղբորից` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վաղինակ Նալբանդյանից:

Մարգարիտա ԳԱՍՊԱՐՅԱՆ