«Դիակոնիա» հիմնադրամի նախագահ պարոն Ջամբազյան` Մարդ, ում ճանաչել եմ


Որքան հարազատ, որքան թանկ է ինձ համար այս անունը և որքան երջանիկ եմ ես, որ ճանաչել եմ Ջամբազյան մարդուն, ով իր սրտում փայփայում է բազում մարդկային ճակատագրեր, հոգում նրանց հոգսերն ու կարիքները, լուծում նրանց առջև ծառացած անլուծելի խնդիրները, մարդ, ում շնորհիվ մանկական երազներն ու հեքիաթները դառնում են իրականություն… Սիրելի° պարոն Ջամբազյան, Դուք ի վերուստ ծնված եք եղել բարերար լինելու համար, քանզի Ձեր կյանքի իմաստը հազարավոր մանուկների ժպտացող աչքերն են, անմեղ հայացքները, երջանիկ դեմքերը, որոնցով ապրում եք Դուք… Լինելով «Հույսի ավանում»` ես ականատես եղա մաքուր, ազնիվ, անշահախնդիր ու շիտակ մթնոլորտի: Երբ զրուցում ես այդտեղ աշխատող մարդկանց հետ, հասկանում ես, որ ամեն ինչ դեռ վերջացած չէ, կյանքն ունի իր վառ գույները, և դու պաշտպանված ես, քանզի գտնվում ես հույս ներշնչող պատերից ներս` «Հույսի ավանում»: Խորին շնորհակալություն եմ հայտնում պարոն Ա. Համբարձումյանին` նրա կատարած դժվար ու ծանր, բարեխիղճ ու ազնիվ աշխատանքի համար: Խորին շնորհակալություն Ա. Մանրիկյանին, ում կողքին լինելիս` հասկանում ես, որ գեղեցիկ արտաքինի տակ թաքնված է գեղեցիկ հոգի` մի կերպար, որ ի վերուստ ծնված է եղել կին և մայր լինելու համար, նույնքան հեզ ու քնքուշ իր վերաբերմունքով և մոտեցմամբ, համբերությամբ լսելու և օգնելու այլոց: Հապա աղջիկների մի հրաշք խումբ, հիասքանչ թարգմանչուհիները` Նառան, Էլյան, Արմինեն, Նանեն, Գոհարիկը, Հասմիկը, ովքեր անմնացորդ նվիրումով են կատարում իրենց աշխատանքը, եզակի բարեհամբույր մոտեցմամբ յուրաքանչյուրիս հանդեպ, կարողանում են մտնել մեր ընտանեկան ներաշխարհն ու հույս տալիս մեզ… Խորին շնորհակալություն բժշկուհի Մարինեին, ով ոչ միայն ֆիզիկապես է օգնում մեզ, այլև` հոգեպես, որի կարիքը մենք ավելի շատ ունենք… Խորին շնորհակալություն մեզ հետ կապված խնդիրների և հաշվարկների համար միշտ պատրաստակամ տիկին Լիդային և էլի… էլի… Թող ինձ ներեն անուններ, ում ես չեմ թվել, սակայն, հաստատ գիտեմ, որ «Հույսի ավանում» սկսած դռնապանից մինչև տնօրենը` բոլորն ազնիվ են, լրջախոհ, խելացի, կիրթ, ու ամեն ինչ այստեղ պարզ է ու թափանցիկ: Մեր շա¯տ-շա¯տ սիրելի պարոն Ջամբազյան, ես գլուխ եմ խոնարհում Ձեր առաջ, հայտնում խորին շնորհակալություն և կուզեմ, որ Աստված ինքը փոխհատուցի Ձեզ… Եվ թող օրհնվի Ձեր գեղեցիկ, համեստ և օրինակելի ընտանիքը…

Անահիտ ԹԱԶԱՅԱՆ