ՄԵԾ ՏԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ


Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երկարատև լռությունից հետո որոշեց իր դռներն ու հոգին բացել լրատվամիջոցների առջև և ներկայացնել «Ժողովրդի համար և ժողովրդի հետ» աշխատելու իր գործելաոճի արդյունքները: ՀՀ տարածքում 524-ից ավելի սեփական գրասենյակներ ունեցող ԲՀԿ-ի «անխոնջ մեղուները» օր ու գիշեր «բզզում» են մարդկանց ականջին, ներկայացնում կուսակցության ծրագրերն ու գաղափարախոսությունը: ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արամ Սաֆարյանի համոզմամբ` կուսակցությունն այս պահին վայելում է ընտրողների 1/3-ի վստահությունն ու համակրանքը: Առավելապես ակտիվ ու մարդաշատ են մայրաքաղաքի ընտրազանգվածի հետ կազմակերպվող հանդիպումները: Եվ այստեղ, իրոք, պետք է հավատալ պարոն Սաֆարյանի խոսքերին, քանի որ, ականատեսի վկայությամբ, Դավիթաշեն համայնքում նման մի հավաքին ներկա էին անգամ «Արարատ-Ցեմենտ» գործարանի աշխատակիցներ և Առինջ գյուղի բնակիչներ: Զարմանալի չէ` սիրո համար սար ու ձորը մեկ են: ԲՀԿ-ի քաղխորհրդի անդամը ժխտում է իրենց` ընտրազանգվածի վրա ճնշում գործադրելու հնարավոր քայլերը. - Բոլոր 41 մեծամասնական տարածքներում ունենք շատ հզոր կազմակերպություններ: Մենք պատկառելի ուժ ենք, և հեշտ չէ մեր կողմնակիցներին մեր ձեռքից խլել: Այո, ԲՀԿ-ը չի հանդուրժի իր ընտրողների ազատ կամքի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն: Հո իզուր չէ՞ր անվճար բուժծառայություն կազմակերպել (հետո՞ ինչ, որ վերջերս դադարեցրել է), բա ընտրակաշառքնե՞րը: - Մեր կուսակցության նախագահը բազմիցս ասել է, որ Գագիկ Ծառուկյանն ու կուսակցությունը ընտրակաշառք չեն բաժանում, և սա կապ չունի այն բարեգործության հետ, որն արդեն մի քանի տարի է, ինչ իրականացնում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը, իսկ Ծառուկյանների ընտանիքը տարիներ առաջ է այն սկսել: Մենք ընտրական օրենսգիրքը չենք խախտում: Բարեգործական գործունեությամբ ոչ միայն Գագիկ Ծառուկյանն ու իր ընտանիքն են զբաղվելու, «Բարգավաճ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակելու է ընտրություններից հետո դարձյալ իրականացնել բարեգործություն: Բայց մենք ընտրակաշառք չենք բա-ժա-նե-լու,- վանկարկեց Արամ Սաֆարյանը: Մնում է ենթադրել, որ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ նախագահը, «Բարգավաճ Հայաստան» հիմնադրամի նախագահը բոլորովին տարբեր մարդիկ են, և սա թող մեղադրող ների ականջին օղ լինի` նրանց միմյանց հետ չշփոթելու համար: Լավագույն պաշտպանությունը կոմպլեմենտարիզմն է Արդի փուլում տարածաշրջանային զարգացումները միայն մեկ կետում խմորվող իրադարձություններ չեն: Ժողովրդավարության մասին ունեցած տարակարծությունը Իրանին և ԱՄՆ-ին մոտեցրել է պատերազմի նախաշեմին: Սակայն, հարկ է նշել, որ նրանց հակամարտությունը այնքան էլ նոր չէ, այն ձևավորվել է 37 տարի առաջ` Իրանի իսլամական հեղափոխությունից հետո: Այդ պահից սկիզբ առած աշխարհատնտեսական պայքարի իրական պատճառը նավթի և գազի հսկայական պաշարներն էին, որոնց վերահսկելու ԱՄՆ-ի ախորժակը տարեցտարի մեծանում է: Ի պատասխան ԱՄՆ-ի, Իրանն այսօր կիրառում է հիրավի շրջահայաց մարտավարություն. բորսաներում նավթի առևտուրն իրականացնելով եվրոյով` արժեզրկում է ամերիկյան դոլարը: Հակամարտության առավել ծանրակշիռ պատճառը միջուկային զենք ունենալու Իրանի համառ ձգտումն է, որը «խաչակիր» Բուշին (ինչպես նրան անվանում են ամերիկացի վերլուծաբանները) խիստ մտահոգում է, թեև նրան հայտնի է, որ դեռևս շահի ժամանակներում ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Իրանը ատոմային ռեակտորի տեր դարձավ, որին դեմ չեղան Ֆրանսիան, Գերմանիան և մի քանի այլ երկրներ: Իսկ այսօր ԱՄՆ-ը սկսել է «ծուռ» նայել Իրանին, քանի որ վերջինիս` միջուկային զենք ունենալու ցանկությունը կապում է միջուկային զենքի շնորհիվ իր գերակայությունն ու անկախությունը պահելու հեռանկարի հետ: Սակայն քաղաքական տրամաբանությունը հուշում է մեկ այլ հիմնավորում: Բոլորովին այլ է ԱՄՆ-ի վերաբերմունքը Պակիստանի և Իսրայելի նկատմամբ, որոնց հենց ինքն է օգնել` միջուկային զենք ձեռք բերելու: Այնպես որ, ԱՄՆ-ի հնարավոր հարձակման քողարկված պատճառը պետք է փնտրել մեկ այլ հարթությունում, որտեղ առկա է նավթի գործոնը: Հայտնի է, որ ամերիկյան դեմոկրատները մեղադրում են հանրապետականներին` իրանական նավթային ընկերություններում ծանրակշիռ դիրք ունենալու համար, ուստի վերջիններս էլ իրենց բիզնեսի լոբբինգի իրականացման գործում բավական հեռու են գնացել: Մտահոգիչ է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև սրվող պայքարը լուրջ վտանգ է Հայաստանի համար, ուր առանց այն էլ խնդիրների պակաս չի զգացվում: Վտանգավոր է այն իմաստով, որ Իրանի միջուկային օբյեկտների մի մասը տեղակայված է նրա հյուսիսային շրջանում: Ամերիկյան «խայթոցները»` 10-12 ժամ շարունակ Իրանի ենթակառուց վածքներին ուղղված պատժիչ հարվածները կարող են վնասել Հայաստանի հաղորդակցման ուղիները, դադարեցնել բեռնափոխադրումները: Պատերազմը տարածաշրջանում կարող է ստեղծել նաև քաղաքական անկայունություն: Ուստի Հայաստանի համար ռազմական գործողությունների բոլոր սցենարները վտանգավոր են: Այս իրավիճակում ինչպիսի՞ դիրքորոշում պետք է ունենա հայկական դիվանագիտությունը, երբ անգամ ակնհայտ է Ռուսաստանի և Չինաստանի զգուշավորությունը: Քաղաքական կշիռ չունեցող Հայաստանից պահանջվում է միայն կտրուկ հայտարարություններից զերծ մնալու խոհեմություն: Չպետք է մոռանալ, որ Հայաստանը Իրանի և ԱՄՆ-ի համար ստրատեգիական գործընկեր է, ուստի ծանր քաշայինների մենամարտում կոմպլեմենտարիզմը թերևս լավագույն պաշտպանությունն է մնում:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ