«ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՍՏԵՂԾԵՆՔ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔ»


Դարավոր պատմության ընթացքում իր հարատևման խորհուրդը, նաև ոգին անաղարտ և միտքը լուսավոր պահելու սթափ մղումը հայը նաև Տիրոջ խոնարհված տաճարները հառնեցնելու ձգտումով է բացատրելի դարձրել: Եվ այդ հավատամքով էլ ամենատարբեր հոգեվիճակներում եկեղեցի է կառուցել և եկեղեցուն կից դպրոց հիմնել: ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Սահակյանը նույնպես անտարբեր չէր կարող մնալ Աստվածահաճո այս գործի նկատմամբ: Նրա հովանավորությամբ ու ջանքերով է հիմնադրվել Սուրբ Թադևոս եկեղեցին: Մատաղ սերնդի հոգևոր դաստիարակությամբ մտահոգ գործարարն աջակցում է Մասիսի բոլոր դպրոցներին, քանզի լավ է գիտակցում, որ հոգևոր հացիվն է մեր լինելիության անկյունաքարը: Այցեքարտ. ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ. Ծնվել է 1960 թ. մայիսի 23-ին, Երևանում: 1982-ին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` տնտեսագետի որակավորմամբ: Մինչ բուհ ընդունվելն աշխատել է Երևանի թիվ 5 երկաթ բետոնե կոնստուկցիաների գործարանում` որպես ամրանագործ: 1982-ին, մինչև բանակ զորակոչվելը որպես տնտեսագետ աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանում, ուր վերադարձել է նաև զորացրվելուց հետո: Ապա 1985-1990 թթ.` «Հայծխախոտ» ԱՄ ավագ հաշվապահն էր, ապա գլխավոր հաշվապահի տեղակալը: 1990-1997 թթ. Երևանի «Գրանդ Ակումբ» ԲԲԸ-ի գլխավոր հաշվապահն էր, 1997-1999 թթ.` հայ-կանադական ՀՁ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ գլխավոր տնտեսագետը, ֆինանսական գծով և գործադիր տնօրենը: 2000-2003 թթ.` «Մասիս Տոբակո Մ. Վ.» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրենը: 2003 թ. պատգամավոր է ընտրվել թիվ 21 ընտրատարածքից, եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում և պատգամավորական խմբերում ընդգրկված չէ: Անկուսակցական: Սամվել Սահակյանը հավաստիացնում է, որ հատկապես այս բնակավայրում եկեղեցու կառուցումը կրկնակի խորհուրդ ունի. - Մինչ 1988 թվականը Մասիսում մեծամասամբ ադրբեջանցիներ էին բնակվում, իսկ 1988-ի ազգային զարթոնքից հետո այստեղ վերաբնակվեցին Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցները: Հայ մարդն ապրել է հավատով և պիտի շարունակի ապրել առ Բարձրյալն ունեցած հավատամքով: Ես հպարտ եմ և անսահման շնորհակալ, որ Մասիսում եկեղեցի կառուցելու պատիվն ինձ է վիճակվել: Հոյակերտ այս հոգևոր կառույցը նախագծել է վաստակաշատ ճարտարապետ Արթուր Թարխանյանը: Թող այսուհետ այս եկեղեցին ևս ծառայի մեր երկրին ու ժողովրդին, նպաստի ճշմարիտ քրիստոնեական հավատի ամրապնդմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանն ու երկրի բարգավաճմանը: Սամվել Սահակյան պատգամավորն ու գործարարը արդարացրել է իր ընտրողների վստահությունն ու սպասումները. նրան այսպես են գնահատում ընտրողները, ովքեր այս անգամ արդեն հիմնավոր վստահությամբ կրկին իրենց ձայնն են տալու պատգամավոր-թեկնածուի օգտին: Լսելով նրան ճանաչողների կարծիքները, կարելի է փաստել, որ Ազգային ժողովում աշխատանքային 4 տարիների ընթացքում նա իրականացրեց նախընտրական բոլոր խոստումները: Ի մասնավորի` վերջապես լուծում է ստացել Մասիսի և շրջակա գյուղերի համար թիվ 1 խնդիրը համարվող ոռոգման ջրի հարցը: Մեծածավալ աշխատանքներ են կատարվել` ոռոգման խողովակաշարերի անցկացման և արտեզյան ջրհորներ փորելու նպատակով: - Տեղական արտադրողի շահերը պետք է համադրվեն երկրի ու պետության համազգային շահերին,- համոզված է ԱԺ պատգամավորը: Եվ այդ մտայնությամբ էլ Ազգային ժողովում ակտիվորեն մասնակցել է տնտեսական ոլորտը կարգավորող օրենքների ընդունմանը` օրենսդրական գործունեությամբ նպաստելով ոչ միայն «Գրանդ-Հոլդինգի» 5000 անդամ ունեցող կոլեկտիվի, այլև բազմահազար գյուղացիական տնտեսությունների շահերի պաշտպանմանը: Հարկ է նշել, որ «Գրանդ Հոլդինգի» ղեկավարությունը, հանձին Սամվել Սահակյանի, նախատեսել է կենսակոչել գյուղատնտեսության և վերամշակող արտադրության զարգացմանն ուղղված մի նոր ծրագիր: Պատգամավորի պարզաբան մամբ` Հայաստանում քիչ է օգտագործվում վերոնշյալ ոլորտների ներուժը: Անհրաժեշտ են գործնական լուրջ քայլեր` տնտեսական քաղաքականության ոլորտներում: Ծրագրի իրականացումը ենթադրում է` գյուղատնտեսության ոլորտում պետական լրավճարների` (սուբսիդիա) կիրառման միջազգային առաջավոր փորձը տեղայնացնել Հայաստանում, դիցուք` ծխախոտագործության և խաղողագործության ոլորտներում: Այդ կերպ կարելի է արձանագրել բարձր արդյունավետություն և գյուղատնտեսության զարգացման աճ: Սա էլ իր հերթին էականորեն կնպաստի միջազգային շուկայում մրցունակ գնի ձևավորմանը և կխթանի տեղական արտադրանքի արտահանումը: Ի դեպ, գործարարը պատրաստվում է այս ծրագիրը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնել չորրորդ գումարման խորհրդարանին: Այս հանգամանքը ևս մեկ անգամ փաստում է, որ օրենսդիր մարմնում, իրոք, անհրաժեշտ են տնտեսության խնդիրներով մտահոգ, բանիմաց մասնագետներ: Իսկ Մասիսում և նրա շրջակա բնակավայրերում Սամվել Սահակյանին ճանաչում և գնահատում են որպես կազմակերպչական ջիղ ունեցող լավ ղեկավար և հոգատար մարդ: Անհատ, ում ուշադրության կենտրոնում մշտապես եղել ու մնում են իր ընտրատարածքի բնակիչներին հուզող խնդիրները և, իհարկե, զոհված և սոցիալապես անապահով ազատամարտիկների ընտանիքների կենսամակարդակի բարձրացումը: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել համայնքի մշակութային և կրթադաստիարակչական ծրագրերի իրագործմանը: Պատահական չէ, որ Ս. Սահակյանի թեկնածությունը կրկին առաջադրվել է «Մասիս-տոբակո» և «Ինտերնեյշընըլ-Մասիս-տաբակ» ընկերությունների բազմահազարանոց կոլեկտիվների կողմից մեծամասնական ընտրակարգով կրկին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Քանզի վաղուց են համոզվել, որ իրենց թեկնածուն հավատարիմ է ժողովրդաշահ սկզբունքներին և որդեգրած «Աշխատանքով ստեղծենք արժանապատիվ կյանք» կարգախոսին:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ