«Փառք աշխատանքին» կարգախոսը ուժի մեջ է


1990-ական թվականներին երկրի առաջ ծառացած կենսական կարևոր նշանակություն ունեցող զբաղվածության խնդիրը «ծռված» մեջքը շտկելու փորձեր է անում: Անկախությունը, հնի փլատակների տակ թաղելով «Փառք աշխատանքին» կարգախոսը, մեզ վարժեցրեց «աշխատանք ունե՞ք» աղերսանքին: Բազմահազար գործազուրկնե րի խնդրով անհանգստացած ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը փորձեց այն լուծել առաջավոր երկրների օրինակով: Անհապաղ ստեղծվեց Զբաղվածության պետական ծառայության գործակալություն, որը հետագայում իր մասնաճյուղերն ունեցավ մայրաքաղաքի համայնքներում և մարզերում: Մայրաքաղաքում «ամենատարեցը» Նոր Նորքի զբաղվածության տարածքային կենտրոնն է, որն արդեն 10 տարի շարունակ իրականացնում է այդ կարևոր գործառույթը: - Անցած 10 տարիների ընթացքում մեր կենտրոնին դիմած 45 հազար քաղաքացիներից 17 հազարը հաշվառվել են, որոնցից 5296-ը մեր աջակցությամբ տեղավորվել են աշխատանքի,- ասում է Նոր Նորքի զբաղվածության կենտրոնի տնօրեն Վահան Գրիգորյանը:- Համայնքի ղեկավարության, տարածքի մեծ ու փոքր ձեռնարկությունների հետ համագործակցությունը նպաստում է սոցիալ-տնտեսական զարգացման կոնցեպտուալ ուղղությունների մի հստակ ծրագրի իրականացմանը: Հաշվի առնելով բնակչության ներուժը, արտադրությունների վերագործարկման հնարավորությունը, փորձում ենք հաղթահարել ճգնաժամային երևույթները և հնարավորինս նվազեցնել գործազրկության մակարդակը: Մեզ հաջողվել է «վերակենդանացնել» մի շարք ձեռնարկություններ: Օրինակ «Օրբիտա» գործարանում նախկին 10 աշխատատեղի թիվն այսօր հասել է 160-ի: Այդ գործընթացն հետագայում էլ կշարունակվի: Կենտրոնը կազմակերպել է նաև մասնագիտական ուսուցում 160 մարդու համար, որոնցից 140-ը տարբեր մասնագիտությունների գծով (ոսկերիչ, ադամանդագործ, հաշվապահ, համակարգչի օպերատոր, վերանորոգող) ձեռք են բերել մնայուն աշխատատեղեր: 2006 թվականին 440 բնակչի աշխատանքի տեղավորման փաստը համարելով դրական ցուցանիշ` Վահան Գրիգորյանը վստահեցնում է, որ արտագաղթը նվազեցնելու իրենց քայլերն այսուհետ կլինեն ավելի արդյունավետ: «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կազմում ընդգրկված «Պատանի իրավապահներ» ակումբի հարյուրավոր անդամների մասնակցությամբ ապրիլի 23-ին կազմակերպվեց Լռության երթ` նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին: «Լուռ ենք մենք, խոսում են փաստերն ու պաստառները» կարգախոսն ինքնին արտահայտում էր պատանի իրավապահների պատմական ճշմարտության վերականգնման արդարացի պահանջը: Ճշմարտություն, որը պատմության ակոսներով եկել, խառնվել է պատանիների արյան եռքին: Այսօր խոսում են միայն փաստերը - Հայրենասիրության դաստիարակումը մեր ծրագրի կարևորագույն նպատակներից մեկն է,- ասում է ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը,- մեր ազգի պատմության իմացությունը պատանիների մտածելակերպը տեղափոխում է արժեքային համակարգ, ուր իր ուրույն տեղն ունեն հայրենասիրությունն ու պետականամետ համախմբումը: Վստահ եմ, որ պատանի իրավապահները կնպաստեն մեր պետության կայունացմանը: «Պատանի իրավապահ» ակումբին անդամագրված շուրջ 30 դպրոցների աշակերտների, ինչպես նաև բուհերի ուսանողների կազմակերպած երթն իր ճանապարհին Ցեղասպանությունը դատապարտող բովանդակությամբ նամակներ հանձնեց Ֆրանսիայի, ՌԴ-ի, Իտալիայի, ԱՄՆ-ի դեսպանատներին և ՄԱԿ-ի գրասենյակին: Նամակներում նշված էր. «Մենք այսօր բաց աչքերով ենք նայում աշխարհին ու դատապարտում ենք ցեղասպանությունը: Մենք պատերազմի և մարդու կողմից մարդու շահագործման կողմնակից չենք»: Պատանիների գիտակցության և հոգու մեջ ընձյուղված մտքերն ու զգացումները պարզ են ու անմիջական: Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ - թիվ 14 դպրոց - Կարծում եմ` չպետք է գոհանանք միայն Ցեղասպանությունը սգալով: Անհրաժեշտ է այս հարցի հանդեպ դիվանագիտական մոտեցում ցուցաբերել: Օտար ազգերի ուշադրությունը Հայոց ցեղասպանության վրա սևեռելու մեր այս երթը համարում եմ Մեծ երթի սկիզբը: Դիանա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ - «Պատանի իրավապահ» ակումբի ղեկավար, ուսանողուհի - Մեզանից յուրաքանչյուրը շարունակ կրկնում է, թե հայ եմ, բայց հարկավոր է զգալ հայ լինելը, որպեսզի կարողանանք արժեվորել այն, ինչ ունենք: Այս երթը մեզ հայ զգալու հնարավորություն է տալիս, քանի որ գիտակցում ենք, թե ուր և ինչու ենք գնում: Երթը մեր պայքարի սկիզբն է: Լուսինե ՆԱՀԱՊԵՏՅԱՆ - թիվ 198 դպրոց - Ցեղասպանության մասին բազմաթիվ ֆիլմերի դիտումն ու նյութերի ընթերցումը հուզիչ են և ինքնին մտածելու տեղիք են տալիս: Ինչո՞ւ եղավ: Մեծ տերությունները կարող էին, չէ՞, կանխել... և այդ չուզելուց օգտվեց Թուրքիան: Գոռ ԳԱԼՍՏՅԱՆ - թիվ 162 դպրոց - Ցեղասպանության թանգարանում պատմական Հայաստանը պատկերող լուսանկարները դիտելիս սիրտս ջերմանում է: Սակայն մեր` ցեղասպանություն տեսած նախնիների կորուստն ինձ ցավ է պատճառում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայի սրտում նույն ցավը կա, ինչի բուժումը Թուրքիայի խոստովանությունն է: Մերի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - թիվ 51 դպրոց - Մեր երկիրն ու մենք հասակակից ենք: Մեր սերնդի հերթն է պայքարել հանուն ցեղասպանության ճանաչման: Ես վրեժխնդրությամբ լցված չեմ Թուրքիայի հանդեպ, քանի որ ոչ թե ժողովուրդը, այլ կառավարությունն է խուսափում պատասխանատվությունից: Բայց որքան էլ դժվար լինի պարտադրելը, միևնույն է, պետք է կարողանանք հարկադրել Թուրքիային ընդունելու իր մեղքը: Մաշտոց ԱՎԵՏԻՍՅԱՆ- թիվ 83 դպրոց - Ցեղասպանությունը մեծ տերությունների թողտվության հետևանքն էր... ու նաև մեր մեղքը: Չէ՞ որ ունեինք հայդուկային խմբեր, ազատագրական պայքարում թրծված զորավարներ, որոնց ուժերի համախմբումը, եթե անգամ չկասեցներ Թուրքիայի ոճիրը, գուցե թե նվազեցներ կորստի մեծությունը: Երեմ ԳՐԻԳՈՐՅԱՆ - թիվ 18 դպրոց - Եթե ողջ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա հանցագործ երկիրը ստիպված կլինի ընդունել սեփական ոճիրը: Վստահ եմ, որ գալու է այդ օրը: Մի քաղաքի պատմություն Որտեղ էլ հայերը բնակվեն, հայրենիքի դրոշմը երևում է յուրաքանչյուրի սրտի ու մտքի վրա, որոնք էլ օտարի հողում ստեղծում են Հայաստանի փոքրիկ մոդելը: Օվկիանոսից այն կողմ, գերտերության մի փոքրիկ քաղաքում` ազգերի և մշակույթների խառնարան համարվող Սան Ֆրանցիսկոյում առաջին հայերը հայտնվել են 20-րդ դարասկզբին: Նրանք աշխատելու և սովորելու հեռանկարով Ֆրեզնոյից գաղթած հայեր էին: Աստիճանաբար համակերպվելով օտար քաղաքի ռիթմին` հայը սկսեց թերթ հրատարակել, ռադիոհաղորդումներ հեռարձակել, չմոռացավ կառուցել նաև հասարակությունն ու մշակույթը կամրջող հայաշունչ եկեղեցի: Գաղութը հետզհետե վերածվեց ընտանեկան կառույցի: Համազգային ցավը հոգում խեղդող հայը չվարանեց նույնիսկ օտարի հողում սգալ Հայոց եղեռնի կսկիծը և 1922 թվականին Դավիթսն սարի գագաթին կանգնեցրեց Ցեղասպանության զոհերին նվիրված փայտե մեծ խաչ, որը «զարմանալիորեն» այրվեց մի քանի անգամ: Ի վերջո, 1934 թվականին ԱՄՆ նախագահ Ռուզվելտի թույլտվությամբ, խաչը լուսավորում էր բլրի գագաթը: Սակայն աթեիստներին և «այլոց» լուսավորված խաչը կուրացնում էր, ուստի, պատճառաբանելով մի բուռ հայերի կողմից ամերիկյան սահմանադրության խախտման «փաստը», նրանք դատարանից պահանջեցին այդ տարածքը աճուրդի հանել: Ահա այստեղ էր, որ հայի արժանապատ վությանն ու ազգասիրությանը զորավիգ եղավ իր իսկ միասնությունը: Ցեղասպանության խաչը համախմբեց դաշնակին ու հնչակյանին, արվեստագետին ու արհեստավորին, Եղեռնը վերապրածին, մի խոսքով, մեծ ու փոքրին: Միայն աճուրդում հայերի մասնակցությունն ապահովելու համար անհրաժեշտ 20 հազար դոլարն անմիջապես հավաքվեց: Դարձյալ մեծ գումարներ ու երկար ժամանակ պահանջվեց, մինչև որ հայերին հաջողվեց 34 մետրանոց խաչը տարվա մեջ գոնե մեկ անգամ լուսավորելու թույլտվություն ստանալ: ...Ստացան երկու օրվա թույլտվություն: Այսօր էլ ողջ քաղաքը ընդունում է հայերի ցեղասպանության փաստը: Հայերի միասնության մեկ այլ դրսևորում էր «Արշակ Երկրորդ» օպերայի բեմադրության` միայն ձևավորման համար Սան Ֆրանցիսկոյի օպերայի տնօրենի պահանջած 1 միլիոն դոլարի հանգանակությունը: Բեմադրությունը փայլուն հաջողություն ունեցավ: Սան Ֆրանցիսկոյում շուրջ 8000 հայ կա: Հեռավոր այս քաղաքում հայկական գաղթօջախին վերաբերող ֆիլմի ցուցադրումը երևանյան ակումբներից մեկում հիրավի երևույթ էր: Շնորհալի ռեժիսոր Գոհար Բարսեղյանի, բոլորովին վերջերս ստեղծած (2007 թ.) ֆիլմի հավաքական կերպարները, իրոք, մեծ հայրենասերներ են, որոնց հաջողվել է հայրենիքից դուրս փայփայել ու պահպանել գիրը, արվեստը, հոգին, մի խոսքով` հայի տեսակը: Ֆիլմի երաժշտությունը գրել են Հելին Զինդարյանն ու Գոռ Մխիթարյանը: Հայերեն տեքստն ընթերցում է Գլենդելի հեռուստատեսության աշխատակից և ամերիկյան շոուբիզնեսում մնայուն տեղ հարթելու վճռականությամբ ինքնատիպ բազում այլ ծրագրերի հեղինակ Վիգեն Հակոբյանը:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ