ԳԵՏՆԱՔԱՐՇ-ԳՌԵՀԻԿԸ ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ ՉԷ


 

Գուցե շատերն ավելորդ համարեն լեզվի խնդրին սևեռվելը, քանի որ ոչ մի տեղ այնքան չի մորթոտվում-աղավաղվում մեր ոսկեղենիկը, որքան` հեռուստաեթերում, ոչ մի տեղ չկա այնպիսի արհամարհանք Լեզվի մասին օրենքի հանդեպ, որքան` եթերում: Եվ շատերը գուցե արդեն հոգնել են խոսելուց, անհանգստության կանչեր հնչեցնելուց: Բայց խոսել ու ահազանգել պե´տք է, որովհետև հենց մեր աչքի առջև ոչնչանում է մեր լեզվական հարստությունը: Նախկինում տարածված ռուսերենին, որի շատ դրսևորումներ դեռևս կան մեր խոսքում, գումարվում են այսպես կոչված քաղաքային «սլենգի» և անգլերենի ձևույթներ, կապակցություններ և հնչերանգներ:

Ապրիլի 24-ին, ուշ երեկոյան, պատահաբար միացրեցի «Արմենիա»-ի եթերում տեսա Միխայիլ Բաղդասարովին, Նազենի Հովհաննիսյանին և մի ճանաչված կինոբեմադրիչի: Ինչպես հասկացա` զրույցը նվիրված էր «Արմավիա»-ի սեփականատեր Բաղդասարովի հովանավորությամբ ստեղծված ֆիլմին:

Հետաքրքրությունս ֆիլմի հանդեպ անէացավ, որովհետև սկսեցի հետևել այն զարհուրելի ռուսերենին, որով խոսում և հարցեր էր տալիս հայկական շոու-բիզնեսի «աստղը»:

Քերականական կոպիտ սխալները, նախադասությունների «հայերեն» կառուցվածքը միավորվեցին զավեշտի նման հնչող իբր ռուսերենով արտաբերված «կինո Մոսկվա» արտահայտությանը: Խեղճ «աստղը» անօգնականի նման թպրտում էր եթերում, հազիվ իրար կապում բառերն ու նախադասությունները: Ուղղակի խղճահարությամբ էի նայում դերասանուհի-հաղորդավարին, ով մի շարք հաղորդումներում իսկապես լավ տպավորություն է թողել: Չուզենալով տեսնել այս յուրատեսակ խայտառակությունը` փոխեցի ալիքը: Սակայն երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ տպավորությունից: Ավելին, հիշեցի ՀՀ լեզվի մասին օրենքը, որը նախատեսում է Հայաստանում հեռարձակվող հեռուստահա ղորդումների լեզու համարել հայերենը` այլ լեզուներով խոսողների խոսքն ակնդրին փոխանցելով համաժամանակյա թարգմանությամբ: Ուրեմն, «Արմենիան» ոչ միայն եթեր էր բերել վատ ռուսերենով խոսող իր հաղորդավարին, այլև խախտել Լեզվի մասին օրենքը:

Գուցե շատերն ավելորդ համարեն մեր սևեռումը լեզվի խնդրին, քանի որ ոչ մի տեղ այնքան չի մորթոտվում-աղավաղվում մեր ոսկեղենիկը, որքան` հեռուստաեթերում, ոչ մի տեղ չկա այնպիսի արհամարհանք Լեզվի մասին օրենքի հանդեպ, որքան` եթերում: Եվ շատերը գուցե արդեն հոգնել են խոսելուց, անհանգստության կանչեր հնչեցնելուց: Բայց խոսել ու ահազանգել պե´տք է, որովհետև հենց մեր աչքի առջև ոչնչանում է մեր լեզվական հարստությունը: Նախկինում տարածված ռուսերենին, որի շատ դրսևորումներ դեռևս կան մեր խոսքում, գումարվում են այսպես կոչված քաղաքային «սլենգի» և անգլերենի ձևույթներ, կապակցություններ և հնչերանգներ: Գետնաքարշ, գռեհիկ լեզուն վաղուց արդեն հեռուստաե թերի «մենաշնորհն» է դարձել, սերիալների հերոսների շուրթերով հնչող աղքատիկ-կիսագողական հայերենին, որին պրոֆեսոր Ռուբեն Սաքապետոյանը «ապերաբուլոյական հայերեն» է կոչում, գումարվում են ժարգոնն ու բառային այլաձևումները, այլանդակվող շեշտաբանությունը: Սրան զուգահեռ` դեռևս շատ-շատերը եթերից մատուցում են ռուսերեն դարձվածք ներով ու արտահայտություններով, դիմելաձևերով «համեմված» խոսք` գուցե այն տպավորությունը ստեղծելով, թե հայերենն ինքնուրույն լեզու չէ, թե չունի սեփական բառային կազմեր և հարստություն, թե այն ռուսերենի ու անգլերենի խառնուրդ է` մասնակի հայկական «սոուսով»:

Լեզվի պետական տեսչությունը տարիներ շարունակ պայքար էր մղում այս ամենի դեմ, սահմանում տուգանքներ, մինչդեռ վերջին շրջանում այս տեսչությունն էլ որդեգրել է կրավորականությունը` հավանաբար չուզենալով «վատամարդ» լինել, կամ էլ` հոգնել է անտեղի հողմաղացակռվից: Երբ որոշ սփյուռքահայ մտավորականներ հրապարակային ելույթներում ասում են` գարշելի արևելահայերեն, մենք վիրավորվում ենք, հուզվում, սկսում խոսել արևելահայերենի լեզվական հարստությունների մասին, սակայն նրանք ոչ թե մեր գրավոր, այլ եթերից մատուցվող խոսքը նկատի ունեն, որը լսելիս` ուղղակի սրտխառնոց է առաջանում:

Վերջապես պետք է «խաչակրաց արշավանք» հայտարարել մայրենին աղավաղողների դեմ, պատժամիջոցներ կիրառել, տուգանքներ սահմանել, անգամ եթերազրկել, քանի որ կան օրենքներ, ստեղծվել է օրենսդրական դաշտ, որն էլ հնարավորություն է տալիս պայքարը դարձնել արդյունավետ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ