ԱՆՈՐԱԿ ՈՒ ՎՏԱՆԳԱԼԻ


 

Նորություն չէ. հայաստանցի շատ ներկրողներ` հարստանալու մոլուցքով տարված, մեզ մատուցում են անորակ, ժամկետանց սնունդ, որը շատ հաճախ վնասակար է առողջությանը: Մսամթերքի ախորժելի տեսքն ու գույնը ապահովելու համար արտադրողը թույլատրելիից կրկնակի անգամ ավելի նիտրիտներ է օգտագործում, իսկ ներկրողներն էլ ժամկետանց երշիկեղենը մաքրում են ձեթով և հրամցնում, թե` «բարի ախորժակ»: Խանութներից շատերում, հանցավոր համաձայնության գալով մատակարարների հետ` սկսում են իրացնել հին ապրանքը` հատկապես մսամթերքների հարցում թույլ տալով գրեթե հանցագործություն:

Շատ երկրներում գոյություն ունի օրենք` սննդամթերքի ժամկետների մասին: Եվ ահա մեր ներկրողները հիմնականում Հայաստան են բերում այն սննդամթերքը, որն իր ժողովրդին ու օրենքը հարգող երկրներում հանվում է խանութներից և ուղարկվում ոչնչացման: Երևանում տարբեր գրիլ-խորտկարաններ էլ հաճախորդներին մատուցում են շատ վաղուց ապրանքային տեսքն ու համային հատկանիշները կորցրած հավի միս: Դե, վառարանում մի լավ կարմրելուց հետո նախկին հավերը կարող են գայթակղել հաճախորդներին և հարստացնել նրանց, ովքեր վաղուց արդեն հմտացել են իրենց այս անբարո գործունեության մեջ: Իհարկե, արդեն կառավարությունը ստեղծել է Սննդի անվտանգության ծառայություն, սակայն այս ծառայությունից խույս տալն էլ, ինչպես պարզվում է, դժվար չէ: