ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ` ՄՈՏ 1 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ


 

Ինչպես տեղեկացանք օրերս, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` Կենսական նշանակության ճանապարհների բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2012 թ. իրականացվելիք ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթում հաղթել է «Կոքս քընսալթ» (Գերմանիա) կազմակերպությունը: Պայմանագրի արժեքը 968.4 հազ. դոլար է (ներառյալ հարկերը):

Ստացվում է, որ խորհրդատվության համար Տրանսպորտի և կապի նախարարությունը սահմանում է մոտ 1 միլիոն դոլար, ու մրցույթում էլ հաղթում է գերմանական կազմակերպություն: Գուցե իսկապես շատ լավ ծրագիր է ներկայացվել, գուցե իսկապես այդ կազմակերպությունը շատ բարձր խորհրդատվություն կմատուցի: Բայց խնդիրը բոլորովին այլ է. մինչև ե՞րբ պետք է ահռելի գումարներ ծախսվեն խորհրդատվության համար, մինչև ե՞րբ պիտի արհամարհվեն մեր գիտատեխնիկական մտքի ներկայացուցիչները, ովքեր շատ ավելի արհեստավարժ խորհրդատվություն կարող են մատուցել: Ունենք համապատասխան գիտական կառույցներ, ունենք բարձր տեխնոլոգիաներին տիրապետող մասնագետ ներ... Պարզապես, ինչպես ցույց է տվել փորձը, դրսեկ կազմակերպությունների միջոցով հեշտ է «փողեր լվանալ» և մեծ գումարներ «վաստակել»: Իսկ սեփական մասնագետներին արհամարհելն էլ բխում է նրանից, որ մեր մի շարք չինովնիկներ, ովքեր բարձր պաշտոններ են զբաղեցնում, վախենում են ի ցույց դնել սեփական տգիտությունը: Դե, դրսից եկածների մոտ ձև կանեն, թե լեզվական արգելքներն են խանգարում իրենց մտքի փայլատակումներն արտահայտել: