ՄԵՐ ՑԱՎՆ ՈՒ ՆՐԱՆՑ «ՊՈՉԱԽԱՂԵՐԸ»
Քոչվորական «բեսպրեդել»


 

Վրաստանի խորհրդարանում պատգամավոր Ջոնդի Բագատուրիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով հայտարարությամբ է հանդես եկել: «Վրաստանի խորհրդարանը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը և դատապարտել, որովհետև դա պատմականորեն հաստատված փաստ է: Մենք ընդունել ենք բանաձև ինչ-որ չերքեզական ցեղասպանության մասին, պաշտպանում ենք այլ ժողովուրդների ոտնահարված շահերը, մինչդեռ մեր կողքին ապրող ու մեզ հարազատ հայ ժողովրդի մեծ ողբերգությունը չենք ուզում արժևորել, չենք ուզում ցույց տալ աշխարհին, որ Վրաստանը հանդես է գալիս բոլոր բռնությունների դատապարտմամբ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին այս հարցը դարձնել քննարկման նյութ և սկսել Ցեղասպանության ճանաչման գործընթացները»- ասել է իր ելույթում վրացի պատգամավորը: Նրա ելույթը, սակայն, ընդհատվել է: Հենց այդ ժամանակ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանը ներկայացնող պատգամավոր Ազեր Սուլեյմանովը մոտենալով ամբիոնին, գրչի նման ինչ-որ առարկա է շպրտել Բագատուրիայի ուղղությամբ, այնուհետև ցանկացել է կրկնել նույն բանը, սակայն գործընկերները նրան թույլ չեն տվել: Բագատուրիան, իր հերթին, ձեռքին եղած ելույթի տեքստի թղթերն է շպրտել Սուլեյմանովի ուղղությամբ: Ծագած վիճաբանությանը միջամտել է ցանկացել հայ պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, իսկ ադրբեջանցին Բագատուրիային հայ է անվանել: Ի վերջո խորհրդարանի նախագահը դադարեցրել է թեմայի քննարկումը: Կատարվածը վկայությունն է այն բանի, որ անգամ Վրաստանում ազերիներն իրենց պահում են չափազանց լկտի ձևով, խոչընդոտում այդ երկրի խորհրդարանի աշխատանքներին: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Արմեն Բայանդուրյանը հաստատելով կատարվածը, ասաց, որ վրացի պատգամավորները չեն վախեցել Սուլեյմանովի պահվածքից, այլև առավել վճռականությամբ լցված` պատրաստ են առաջիկայում քննարկման նյութ դարձնել Ցեղասպանության ճանաչումը: Արմեն Բայանդուրյանը նաև ավելացրեց, որ ապրիլի 24-ին զարմանալի փաստ է արձանագրվել Ախալցխայում, ուր ուսուցիչներին և աշակերտներին թույլ չեն տվել մասնակցելու Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված պատարագին: Սա առաջին դեպքն է, երբ հայերին խոչընդոտում են, արգելում: