Հացադուլ` ծեծից հետո


 

- Ապրիլի 20-ին ես դադարել եմ ուտել` միայն մեկ նպատակով, որպեսզի ժողովրդավարական աշխարհի ուշադրությունը հրավիրեմ` թե ինչ է կատարվում Եվրոպայի կենտրոնում, Ուկրաինա անվամբ երկրում,- բանտից գրել է Յու. Տիմոշենկոն:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահումն իհարկե´ հանցագործություն է: Բայց որ նախկին պաշտոնյային, այն էլ` բարձրաստիճան իշխանավորի ու չմոռանանք` կնոջ հանդեպ կալանավայրում բիրտ մեթոդներ կիրառեն... Կիրառո´ւմ են: Ու դժվար չէ հասկանալ, որ դա «վերևներից» իջեցված հանձնարարություն է. առնվազն` իր իրավունքները չարաշահող բանտապանին հովանավորելու խոստմամբ: Ի վերջո` մարդ ծեծելը, թեկուզ` մեկ աքացի տալը հանցագործություն չէ՞: Առավել ևս` եթե այդ արարքը կատարում է իրավապահը, այն էլ` իր տնօրինությանը հանձնված կալանյալի նկատմամբ:

Որ Ուկրաինայի էքս-վարչապետուհին արդեն յոթ ամիս մեկուսացված է հասարակությունից և առողջական լուրջ խնդիրներ ունի` հայտնի է բոլորին: Ու ահա կինը հացադուլ է հայտարարել (գրել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն):

Հացադուլից առաջ երկրի Բարձրագույն ռադայի ամբիոնից պատգամավոր Ս. Պաշինսկին բարձրաձայնել էր, որ Տիմոշենկոյին հիվանդանոց տեղափոխող պահազորայինները ծեծել են նրան.

- Ուղեկցորդ-պահակը ոտքով հարվածել է Տիմոշենկոյի որովայնին. նա արնազեղում է ստացել: Ոլորել են նրա ձեռքերը: Ես սա հայտարարում եմ պաշտոնապես,- ահազանգել է ժողպատգամավորը:

Հետո «ԲՅուՏ-Բատկիվշչինա» խմբակցությունը շրջափակել է Ռադայի ամբիոնը` պահանջելով դատախազի բացատրությունը: Վերջինս էլ հայտարարել է, թե ուղեկցորդ պահակներն այդ փաստը չեն հաստատում: Իսկ ո՞ր չբռնված կամ հովանավորություն վայելող հանցագործն է հաստատում իր հանցանքը: Բայց նույնիսկ նույն դատախազը խոստովանել է, որ Տիմոշենկոյին հիվանդանոց են տարել ուժով: Ինչպիսի˜ հոգատարություն. հիվանդին ուժով բուժավայր են քարշ տալիս:

Երկու օրից տիկնոջը կրկին կալանավայր են վերադարձրել, որովհետև նա հրաժարվել է բուժօգնությունից: Դե, բնական է` չի´ վստահել:

Ի դեպ, փետրվարին նրան միջողնաշարային ճողվածք (գրիժա) են ախտորոշել: