Խարդախության մեխանիկան - 1


 

Խարդախություն հանցատեսակին վերաբերող մեր հրապարակումները, կարելի է ասել, յուրահատուկ կանխարգելիչ դեր են կատարում, քանի որ ներկայացնում են խարդախման տարբեր մեխանիզմներ և խարդախների զանազան կեղծ կերպարներ: Այս բազմադեմ հանցատեսակը, սակայն, շարունակում է նոր դիմակներով երևալ հանրությանը: Այսօր կներկայացնենք դրանցից մեկը` նպատակ ունենալով վերստին մեր որոշ դյուրահավատ հայրենակիցներին հեռու պահել խարդախության հնարավոր դարաններից:

Խարդախության մեջ մեղադրվողի և խարդախվողի ծանոթությունը պատահական եղավ. մեքենայի նորոգման հարցով երկուսն էլ նույն օրը արհեստանոցում էին հայտնվել:

Խարդախության մեջ մեղադրվող Կարեն Պետրոսյանը ականջի ծայրով լսելով մյուս հաճախորդի` Արսեն Խառատյանի ու ավտոնորոգողի խոսակցությունը` հասկացավ, որ Արսենը ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ցանկանում է բնակարանը որևէ բանկում գրավ դնել: Անմիջապես միացավ խոսակցությանն ու առաջարկեց իր օգնությունը. իբր բանկում աշխատող ծանոթի միջոցով կարող է դասավորել «վարկի գործը»: Նոր ծանոթի խոսքերից ոգևորված, առանց լավություն անելու նրա պատրաստակամությունը ծանրութեթև անելու, առանց համոզվելու` իսկապե՞ս քաղաքապետարանի աշխատակից է, թե՞ դատվածության բեռով ու ոչ մի տեղ չաշխատող մեկը, Արսենը հեռախոսահամար է փոխանակում և հաջորդ մի քանի օրերին անհամբեր սպասում Կարեն Պետրոսյանի հեռախոսազանգին: Իսկ երբ օրեր անց հնչում է բաղձալի զանգը, Արսենն անմիջապես «նետվում է» դեպի փրկություն: Կարեն Պետրոսյանին հրավիրում է իրենց տուն` խոսքից գործնական փուլ անցնելու համար:

Արդեն ջերմ բարեկամական մթնոլորտում Կարեն Պետրոսյանը հստակեցնում է իր օգնության «ձևաչափերը»: Ասում է, թե որ բանկում է աշխատում ծանոթը, ում միջոցով կարող են բնակարանը գրավադրելով վարկ վերցնել: Միաժամանակ 800 դոլար է պահանջում «ընթացիկ» ծախսերի համար. օրինակ, 50 հազար դրամ իբր ծախսելու էր Արսենի և նրա կնոջ անվամբ աշխատանքի վերաբերյալ տեղեկանք ձեռք բերելու համար: Օրեր անց Կարենը կրկին գնում է Արսենենց տուն. 500 դոլար է պահանջում` իբր բանկի կառավարչին «մաղարիչ» տալու համար: Ամեն ինչ այնքան հստակ էր կազմակերպում, որ կասկածի տեղ չէր թողնում, իսկ դիմացիններն էլ պատրաստակամ էին խաբվելու, գումարներն ու բնակարանը քամուն տալու համար:

Օրերը շաբաթ էին դառնում, շաբաթները` ամիս, բայց Կարեն Պետրոսյանի խոսքերը գործ չէին դառնում: Եվ մինչ բնակարանատերերի աչքը վարկի ճամփին էր, Կարեն Պետրոսյանը, իր բուն ծրագրին հետամուտ, բնակարանի համար գնորդ է ճարում: Հետո զանգահարում է Արսենին և ասում, որ կնոջ հետ գան նոտարական գրասենյակ. իբր վարկ տալու համար բանկում Կարեն Պետրոսյանի անվամբ լիազորագիր են պահանջել:

Արսենն ու կինը նոտարական գրասենյակում պայմանագիրը ստորագրում ու դյուզն-ինչ չեն կասկածում, որ Կարեն Պետրոսյանն իրենց պարզապես խաբում է. ստորագրում են մի պայմանագիր, որով Պետրոսյանին լիազորում են վաճառել իրենց բնակարանը: Պետրոսյանի ասելով` իբր բանկում նման փաստաթուղթ էին պահանջել: Կատարում են բնակարանը վերջնականապես կորցնելու այս մի քայլն էլ ու ... սպասում վարկին:

Իսկ Կարեն Պետրոսյանը բնակարանը հինգ միլիոն 800 հազար դրամով վաճառում է ծանոթներից մեկին, ով մինչ այդ Պետրոսյանի ուղեկցությամբ գնացել, տեսել էր բնակարանը: Տանտերերն այն ժամանակ կարծել էին, թե բանկից է` վարկի հարցով. Պետրոսյանն այդպես էր հավատացրել...

Խարդախության այս պատմությունն, ի վերջո, իր տրամաբանական ավարտին է հասնում: Վերջապես հասկանալով, որ իրենց պարզապես խաբում են, Արսենն ու կինը, առանց Պետրոսյանին տեղյալ պահելու, գնում են նոտարական գրասենյակ և դադարեցնում նրան տրված լիազորագրի գործողությունները: Հենց այդ հանգամանքն էլ խանգարում է խարդախությունը հասցնել ավարտին...