Այլընտրանք ունենալը շահեկան է


Հայաստանը կրկին որդեգրում է և´-և´-ի քաղաքականություն: Ի՞նչ շահեց և ի՞նչ կորցրեց Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ո՞րը կարող է լինել այն հիմնական կռվանը, որով մեր երկիրը գերտերությունների հետ հարաբերություններում ոչ միայն կկարողանա բարելավել իր դիրքերը, այլև իրեն դրսևորել առավել շահեկան դիրքերից: Այս և մի քանի այլ հարցերի շուրջ է զրույցը «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ի հիմնադիր Ստեփան ՍԱՖԱՐՅԱՆԻ հետ:

- 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո, կարծում եմ, անհիմն չէին շատերիս մտահոգությունները, որ ինչպե՞ս է Հայաստանը հավասարակշռության բերելու արտաքին քաղաքականության մեջ հաշվեկշռի այն խախտումը, որը ստեղծվեց ԵՏՄ-ին անդամակցելու որոշում կայացնելուց հետո: Շուրջ երկու տարի Եվրոպական Միությունը ուղղակի սպասում էր Հայաստանի հստակեցումներին: Անընդհատ հասկացնում էր, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր պարտավորությունների չափը, որպեսզի ԵՄ-ն էլ հասկանա, թե ինչ ոլորտներում և ինչ խորությամբ կարող է համագործակցել Հայաստանի հետ: 2015-ի հունվարի 1-ից կարծեք թե վերջ տվեց այդ անորոշությանը, որը պահպանվում էր 2013 թ.-ից: Եվ պատահական չէ, որ այսօր Ռիգայի` Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ արդեն իսկ խոսվում է այն հնարավո րության մասին, որ Հայաստանը և Բրյուսելը կստորագրեն ինչ-որ քաղաքական փաստաթուղթ, ինչը կվերականգնի և´-և´-ի քաղաքականությունը:

Թերևս Ռիգան այս առումով է կարևոր Հայաստանի համար, որպեսզի մենք վերականգնենք խախտված այն հավասարակշռությունը, որը մենք ունենք ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Իսկ թե դա ինչպես է ազդել մեր անվտանգության վրա` մենք դա ամեն օր տեսնում ենք մեր սահմանի վրա:

- Նկատի ունեք, որ սահմանային լարվածության ավելացումը դրանո՞վ է պայմանավորված:

- Միանշանակ: Այն դեպքում, երբ մենք մնացել էինք միայն Ռուսական հովանոցի ներքո, իսկ Ռուսաստանն իր խնդիրներն ունի Ադրբեջանի հետ և փորձում է լուծել այդ խնդիրները, արդյունքում տեսնում ենք, որ դա տարածաշրջանում հանգեցնում է որոշակի անկայունության, իսկ Ադրբեջանը օգտագործում է այդ առիթը:

- Ձեր կարծիքով, եթե Ռիգայում որոշակի փաստաթուղթ ստորագրվի, դա ինչ-որ ձևով կբարելավի՞ Հայաստանի դիրքերը և կթուլանա՞ սահմանային լարվածությունը:

-Դա Ռուսաստանին կստիպի այլ կերպ վերաբերվել Հայաստանին:

- Կարծու՞մ եք:

- Ուզում եմ հուսալ: Այսօր արդեն ռուսական փորձագետներն են Հայաստանի մասին խոսելիս նշում, որ Ռուսաստանը արդեն իսպառ լուծել է Հայաստանի խնդիրը: Օրինակ, ինչո՞ւ Աստանայի հավաքին ոչ թե 4 երկրի նախագահ պետք է հանդիպեին, այլ` 3 երկրի նախագահ: Հայաստանին որևէ լուրջ արտոնություն չտրվեց` պարտքերի մարում չարեցին ԵՏՄ-ին անդամակցելու ժամանակ: Այդպես մտածելու համար հիմք է հանդիսանում Ռուսաստանի և Ադրբեջանի չափազանց մեծածավալ գործարքը զենքի առևտրի մասին... Իսկ երբ Հայաստանը վարում է և´-և´-ի քաղաքականություն, այդ դեպքում Կրեմլում մտածում են, որ Հայաստանը կարող է ունենալ այլընտրանք, կարող է մտածել այլ ուղղությունների մասին: Այնպես որ, Հայաստանի խնդիրների նկատմամբ Ռուսաստանի զգայունությունը չափազանց ցածր է և այդ պատճառով նրանք որևէ որոշում կայացնելիս ամենևին հաշվի չեն առնում Հայաստանի շահերը: Մինչդեռ և´-և´-ի քաղաքականությունը Մոսկվային միշտ ստիպել է հաշվի առնել դա: Ի վերջո, պետք է հասկանալ, որ մենք ունենք Ղարաբաղի հիմնախնդիրը, որը մեկ ուժային տերության դաշտում հայտնվելու դեպքում կարող է ստանալ մեզ համար անցանկալի լուծումներ: Չմոռանանք, թե ինչպես է ժամանակին ղարաբաղյան խնդիրը լուծել Սովետական Միությունը` բոլշևիկյան Ռուսաստանը: Այսինքն պետք է շատ զգույշ լինենք և հասկանանք, որ և´-և´-ի քաղաքականությունն այս պահի դրությամբ իր այլընտրանքը չունեցող քաղաքականություն է:

- Վերջին օրերին «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կազմակերպված հանդիպումներից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը նույնպես հստակ նշեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը խնդիր է, որը պետք է հստակեցվի:

- Նախագահն ինքն էլ արդեն երկրորդ անգամ է ցույց տալիս, որ հայ-ռուսական հարաբերությունների արատների մասին չխոսելը հաստատապես լավ բանի չի բերում: Որ հայ-ռուսական բաժակաճառերով սահմանափակվելը մեր խնդիրները բացարձակապես չի լուծում և չի ավելացնում մեր եղբոր ջերմությունը մեր նկատմամբ և ոչ էլ նրա ուշադրությունն է ավելացնում մեր նկատմամբ: Ճիշտ հակառակը: Եվ Հայաստանում արդեն սկսել են պաշտոնապես, բարձր մակարդակով հասկացնել, որ մեզ դուր չի գալիս Ռուսաստանի քաղաքականությունը, որը երբեմն-երբեմն շոշափում է Հայաստանի շահերը: Կարծում եմ` դա ճիշտ է:

-Գերտերությունները միշտ էլ փոքր երկրներից փորձում են առավելագույն շահ ստանալ և չեն ցանկանում առանձնապես շատ ժամանակ տրամադրել նրանց խնդիրներով զբաղվելու համար: Սակայն, եթե համեմատելու լինենք եվրոպական ընտանիքի խոշոր խաղացողների և ԵՏՄ անդամ երկրների, մասնավորապես` Ռուսաստանի կողմից Հայաստանի հետ համագործակցության շրջանակները իրարից զգալիորեն տարբերվում են: Մասնավորապես, եթե Ռուսաստանը որոշակի ներդրումային ծրագրեր է իրականացնում, ձեռնարկություններ բացում և այլն, ապա եվրոպական երկրները սահմանափակվում են միայն փորձագիտական մակարդակի համագործակցությամբ, կամ երկարաժամկետ վարկային ծրագրեր իրականացնելով: Ձեր կարծիքով այս պարագայում Հայաստանն ինչպե՞ս պետք է իրեն դրսևորի` հնարավորինս շահեկան իրավիճակում հայտնվելու համար:

- Լավ հարց է: Դուք իրավացի եք: Եվրամիությունն ուզում էր, որ Հայաստանը նաև տնտեսական օգուտներ ունենար: Թերևս Հայաստանի հետ խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի քննարկումը հենց այդ նպատակն էր հետապնդում, ի տարբերություն Ռուսաստանի, որը առանձնապես խիստ պայմաններ երբեք չի դրել: Գաղտնիք չէ, որ թե´ Միացյալ Նահանգները, թե´ Եվրոպան բազմաթիվ անգամ շատ պարզ հասկացնել են տվել, որ Հայաստանում ուղիղ ներդրումներ չեն կատարվում` Հայաստանի կոռումպացվածության և ներդրումային միջավայրում առկա խնդիրների պատճառով: Եվ թերևս «Քարֆուռ»-ի շուրջ տարիներ շարունակ քննարկվող պատմությունն ուղղակի լակմուսի թուղթ էր: «Քարֆուռ»-իրականում ոչ այնքան Հայաստանի փրկության բանալին էր, որքան, որ Արևմուտքն ուզում էր հասկանալ, որ եթե պայմանավոր վածություններ է ձեռք բերվում այդ ցանցի հետ, ուրեմն Հայաստանի իշխանությունները ստանձնում են պարտավորություն կոռումպացվածությունը և մենաշնորհը վերացնելու առումով: Այսինքն խոսելով ներդրումների պակասի մասին, ես կարող եմ ասել, որ վախենում եմ, որ այսպես շարունակվելու դեպքում մենք խնդիրներ կունենանք նաև Ռուսաստանի հետ, որովհետև խոսքը պաշտպանվածությանն է վերաբերում:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ