Մի լուսանկարի պատմություն

(հուշեր Մարաղայի ու Մարտակերտի դեպքերից)

Մարաղա գյուղը (նախկինում` Լենինավան) գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում Միրբաշիրի շրջանի (Տերտերի շրջան) հարևանությամբ Ըստ 1989 թվականի մարդահամարի` գյուղում ապրում էր 4 660 մարդ, հիմնականում` հայ: Մինչև 1992 թ. ապրիլի 10-ի իրադարձությունները, գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության:

1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը: Կեսօրին մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ: Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին` զգուշացնելով գյուղի բնակիչներին: Հիմնական բնակչությունը լքեց գյուղը: Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ` մի քանիսը գլխատված էին, մյուսները` այրված կամ աչքերը հանված:

Մարաղայի մասին իր հուշերով մեզ հետ կիսվեց այդ տարիներին «Լրաբեր» հեռուսատեսային ծրագրի մեկնաբան, ներկայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունների ղեկավար, հեռուստալրագրող, հրապարակախոս, ժուռնալիստների միության անդամ Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ:

- Խնդրում եմ պատմեք Մարաղայի ու Մարտակերտի դեպքերի մասին

- Արցախյան կռվի տարիներին հաճախ էի մեկնում ռազմաճակատ, որպես զինվորական թղթակից: Հերթական անգամ մեկնեցի 1992 թ. ապրիլի 10-ին, օպերատոր Վոլոդյայի հետ Ստեփանակերտում լսեցինք, որ Մարտակերտում ծանր կռիվներ են ընթանում: Ադրբեջանցիները տանկերով հարձակվել են Մարաղայի վրա և մեծ ջարդ է իրագործվում: Մենք փորձեցինք անմիջապես հասնել Մարաղա: Սակայն այդ օրը չկարողացանք, քանի որ դժվար տարիներ էին, վառելիքի հետ կապված խնդիրներ կային: Հաջորդ օրը ես գնացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահի մոտ և ասացի, որ «Լրաբեր»-ի համար շտապ նյութ եմ պատրաստում: Պետք է շտապ հասնեմ Մարաղա: Նա առաջարկեց միասին գնալ: Մարաղայում, իսկապես, ահավոր վիճակ էր: Փողոցներում լիքը դիակներ էին: Օպերատորի հետ շրջեցինք Մարաղայի փողոցներով ու սկսեցինք նկարահանումները: Մոտ 17 դիակ ես հաշվեցի: Ինձ հետ Մարաղայից ինչ-որ մեկը շրջում էր ու հանկարծ ճչաց`

- Վա˜յ, Կասիմովը:

- Ի՞նչ Կասիմով,- հարցրեցի:

Նա դիակներից մեկը ցույց տվեց, ասելով, որ ադրբեջանցի է, թաղային ոստիկանն էր, Միր Բաշիր քաղաքից, ով իրեն վատություն էր արել: Որոշեցինք ստուգել նրա գրպանները: Գտանք ոստիկանի վկայականը, որը դրեցինք նրա կրծքին ու նկարեցինք` ուղարկելով մոսկովյան «Վրեմյա» ծրագրին, որպեսզի այն ցուցադրեն: Մի 2 ժամից ցանկանում էի վերադառնալ Ստեփանակերտ, որպեսզի նկարահանած նյութերն ուղարկեմ «Լրաբեր» ծրագրին, սակայն, ոչ մի հնարավորություն չկար, ամբողջ ճանապարհը քանդված էր: Ազերիները թալանել էին ամեն ինչ:

Երբ հասանք այնտեղ, ես անմիջապես գնացի նախագահ Արթուր Մկրտչյանի մոտ և հարցազրույց առաջարկեցի:

Ցավոք, դա նրա հետ կայացած վերջին հարցազրույցն էր: Եվ երբ Ստեփանակերտից վերադարձանք, լսեցի, որ նրան սպանել են: Շատ ծանր էր նրա կորուստը: Հուղարկավորության օրը 2 հաղորդում պատրաստեցի նրա մասին` «Զինվորի հրաժեշտը» խորագրով, որն անմիջապես հեռարձակվեց «Լրաբեր» ծրագրով:

- Հարուստ հուշեր ունեք: Դրանցից ևս մի քանիսը խնդրում եմ ներկայացրեք:

- Մի անգամ էլ ուղղաթիռով Մարտակերտ էի գնում օպերատոր Ռազմիկ Խերանյանի հետ: Հենց մենք ներս մտանք ուղղաթիռ, ծանոթացանք Սամվել Հովսեփյանի հետ (ով հայտնի էր «Ադմիրալ Սամո» անունով): Թռչում էինք Քելբաջարի վրայով, նա անմիջապես զենքը կախեց, ու 5 րոպե մի կերպ հաղթահարեցինք մահվան գոտին: Այդտեղ դժոխային պատկերներ կային: Նշեմ, որ ժողովուրդը պայքարում էր ամեն ինչով, սկսած որսորդական հրացաններից մինչև ժամանակակից զենքերն` ամեն գնով պահելով իր հողն ու ջուրը:

Այսպիսով շատ հուշեր ունեմ Արցախյան գոյամարտից, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ կարող տրամադրել:

- Իսկ ի՞նչ կպատմեք բարոնուհի Քերոլայն Քոքսի այցելության մասին:

- Քոքսի հետ շատ ենք եղել: Ինչ-որ մեկն ասաց, որ այստեղ են ժամանել Անգլիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնոհի Քերոլայն Քոքսը, Զորի Բալայանը և մի քանի լրագրողներ: Նրանք իրենց հետ բերել էին CNN, BBC և ABC հեռուստալիքների եվրոպական հեռուստամեկնաբաններին:

Եվ ի վերջո որոշեցինք նկարահանումները մենք իրականացնել: Որոշել էինք գիշերով Մարտակերտից վերադառնալ Ստեփանակերտ: Արդեն մութ էր. ադրբեջանցիներն այստեղ հաճախակի էին հարձակում իրականացնում, ուստի որոշեցինք գիշերը մնալ այդտեղ: Մի կերպ այստեղից-այնտեղից հաց բերեցին և ճաշ պատրաստեցին Քերոլայն Քոքսի պատվին ու բոլորիս համար: Երբ նրա հետ վերադառնում էինք Ստեփանակերտից Երևան, մեր ինքնաթիռն ընկավ ահավոր ցնցումների մեջ: Ինքնաթիռում նստարաններ չկային. այդպես էին վիրավորներին պատգարակով տեղափոխում: Եվ այսպես տեղ դեռ չէինք հասել, երբ լսեցինք, որ ինքնաթիռի ներսում ինչ-որ ահավոր դղրդոց ընկավ ու սկսվեցին անկանոն շարժումներ: Մարդիկ սկսեցին խուճապի մատնվել: Այդ պահին նկատեցի, թե ինչպես Քոքսը սայթաքեց և ընկավ, երբ մոտեցա, որ օգնեմ, նա նայեց իմ աչքերի մեջ ու ժպտալով ասաց. «No ΘrobleΗ»: Ես զարմացել էի, թե ինչպես է նա ժպտում ու չի անհանգստանում: Ի վերջո մի կերպ հասանք, սակայն դրանք ահավոր ու տագնապալից պահեր էին: Ինքնաթիռի մեջ մեզ հետ էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունից գեներալ Նիկոլայ Գրիգորյանը:

Շատ զրուցեցինք և Քոքսն ահագին բաներ պատմեց: Այսպիսով մի կերպ լուսացրեցինք այդտեղ և վերադարձանք Ստեփանակերտ:

- Իսկ ի՞նչ պատմական նշանակություն ունի ձեր տրամադրած խմբակային լուսանկարը:

- 1992 թվականի ապրիլի 11-ն էր, մեր օպերատոր, լուսանկարիչ, զինվորական թղթակից Հակոբը այդ դժվար պահին մեզ նկարեց` ասելով, թե հայտնի չէ` կվերադառնա՞նք այդտեղից... Որոշել էր անմահացնել Քոքսի հետ եղած այս պահը: Այստեղ առաջին շարքում նստած է բարոնուհին, նրան հաջորդում է օպերատոր Վոլոդյան:

- Իսկ ի՞նչ կմաղթեք Մարտակերտի ժողովրդին ձեր գործընկերներին ու այն բոլոր հայորդիներին, ովքեր մասնակցեցին Արցախյան գոյամարտին:

- Նախ ցանկանում եմ ասել` փառք ու պատիվ մեր բոլոր օդաչուներին, թղթակիցներին, ովքեր եղան Արցախում` կարողանալով այդ դժվար տարիներին կապ հաստատել Հայաստանի ու Արցախի միջև, անդադար վառելիք, սնունդ հասցրեցին ռազմաճակատ` չխնայելով իրենց անձնական կյանքը, լուսաբանելով իրադրությունը:

Իսկ ինչ վերաբերում է Մարտակերտի ժողովրդին, ապա նրանց կմաղթեմ, որ լինեն ամուր, քանի որ հարկավոր է պայքարել, որպեսզի վերադարձնեն Մարտակերտից և ընդհանրապես, Արցախից գրավված տարածքները: Առանց Մարտակերտի հնարավոր չէ պատկերացնել Արցախը, իսկ առանց Արցախի` Հայաստանը:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ