«Ո˜վ աշխարհ, այս եղեռնը քո խղճի վրա է ծանրացած»


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի հյուրն այդօր ԵՊՀ գրականության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆՆ էր:

Ինչպես նշեց քոլեջի տնօրեն Ռ. Ա. Թովմասյանը`

- Սիրելի գրականագետը, մեծ շիրազագետը սիրով է համաձայնել քոլեջի ուսանողությանը պատմել Շիրազի կյանքի, ստեղծագործության մասին, հատկապես, օրվա, տարվա, դարի ցավոտ, հուզող հրատապ թեմայի` ցեղասպանության մասին: Սամվել Մուրադյանը Հ. Շիրազ գրողին ներկայացնում է աշխարհին` հրավիրվելով տարբեր պետությունների հայագիտական կենտրոնների կողմից:

Իսկապես արդիական էր թեման` «Հայոց Ցեղասպանության պատկերը Հովհ. Շիրազի ստեղծագործության մեջ»:

- Շիրազին ներկայացնելը համարում եմ իմ մարդկային ու քաղաքացիական պարտքը: 1960-ականներից մինչև 1984թ. ես եղել եմ Շիրազի մտերիմներից. ամենօրյա հանդիպումներում, զանազան ֆիլմերում ես կամ նրա հետ:

Հակիրճ ներկայացնելով գրողի կենսագրությունը, բանախոսն ընդգծեց, որ Շիրազն իրեն համարում էր եղեռնազարկ ժողովրդի 1915թ. ապրիլի 24-ի ողբերգությունից ծնված բանաստեղծ::

...Շիրազը հոգու ճառագայթները ծախսել է մի նպատակի համար. հավերժական կրակի նման սերունդների համար վառ պահել ցեղասպանության խնդիրը, սերունդներ դաստիարակել պահանջատիրական գաղափարներով: Նպատակ, որ այսօր մեր պետության համար արտաքին քաղաքականության գործընթացն է, Շիրազը սկսել է 1930-40-ական թվականներից:

1965 թ. Բեյրությում տպագրվում է «Հայոց Դանթեականը»: Դանթեին, նրա նկարագրած երկնային դժոխքին ժամանակին անդրադարձել են Սիամաթոն, Թումանյանը, Չարենցը: Պոեմում Շիրազը շատերի հետ կանչում է և Դանթեին ցույց տալու համար իսկական դժոխքը երկրի վրա, իր հայրենիքում, ուր տեղի ունեցավ կոտորածը, Ցեղասպանությունը, աշխարհի խոշոր տերությունների «կուրացած» աչքերի առջև: 21 գլխից բաղկացած յուրաքանչյուր գլուխ ունի առաջաբան` ուղղված աշխարհի մեծ տերություններին, որտեղ նա հորդորում է աշխարհի տերություններին բացել իրենց աչքերը, զրպարտել ցեղասպանությունը` կանխելով հետագա սպանդը Երկիր մոլորակի վրա:

Կոտորածի զարհուրելի պատկերներին ականատես լինելով, չդիմանալով իրական երկրային դժոխքի ահավորությանը` Դանթեն փախչում է հայկական դժոխքից:

- Դեպի ո˜ւր,- ձայնում են նրան:

- Քավարան...

Վերջում բանախոսը ուսանողությանը հղեց իր և իր սերնդի պատգամը.

- Ամեն սերունդ ունի իր առաքելությունը: Մեր սերունդը պահպանեց Մեծ Եղեռնի հիշողությունը և փոխանցեց ձեզ: Դուք էլ, եթե անգամ չկարողանաք իրագործել պահանջատիրոջ ձեր իրավունքը, գոնե հիշողությունը փոխանցեք ձեր հետնորդներին:

Միջոցառման խորհուրդը այսպես ամփոփեց քոլեջի տնօրեն Ռ. Թովմասյանը.

- Երբ աշխարհասփյուռ հայությունը ոտքի կանգնի ու միահամուռ ուժերով լծվի Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման գործին, այլևս ոչ մի թուրք չի համարձակվի ձեռք բարձրացնել հայի վրա: Պահանջատեր լինենք ու կրենք մեր ժողովրդի պատվի դրոշը, ճանաչենք մեր պատմությունն ու անցյալը, համախմբվենք ու միասնական լինենք: Այդժամ միայն կհաղթանակենք: Ահա այն պահանջը, որը բխում է հռչակագրից:

Պատասխանը բռունցք դարձած ձեռքերն էին:

Սուսաննա ԲԱԲԱՅԱՆ

Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս