Գարնանային միամիտ մտքեր


*** Պարտադիր չէ` նյարդերի վրա նվագողը երաժիշտ լինի:

*** Ջրի քիմիական բաղադրությունը մարդու շնորհիվ հարստացավ բազմաթիվ այլ միացություններով:

*** Այն ղեկավարն է լավ, որ չի խանգարում աշխատանքին:

*** Նրա ուղիղ ճամփան` ծուռ ճամփան է:

*** Օրենքը բոլորի համար հավասար է, բացի օրենք պաշտպանողից:

*** Խիղճը կորցրել է, բայց չի հայտնում իրավապահ մարմիններին:

*** Շատ խոսեցին ու գործը լուծված համարեցին:

*** Նա քիչ է աշխատում, որպեսզի քիչ սխալներ թույլ տա:

*** Շատ աշխատողը ժամանակ չունի ուտելու, նրա փոխարեն չաշխատողն է ուտում:

*** Կարևորը ցանելն է, թե չէ հնձող կգտնվի:

*** Ցերեկը մինչև արևի տակ իր տեղն էր փնտրում, գիշեր դարձավ:

*** Պետիդ առջև խոնարհվելը ոչ միայն պաշտոնիդ բարձրացմանն է նպաստում, այլև մարզավիճակիդ:

*** Մեծամիտ գներ էլ են լինում:

*** Լեզվակռվից բացի ուրիշ լեզու չգիտի:

*** Ամեն ինչի պատասխանն ունի` ի շահ իրեն:

*** Ցածր գիտելիքներով բարձր պաշտոնյա է:

*** Սովորիր նաև լռել:

*** Շատախոսը միայն լսելուց է հոգնում:

*** Սուտ են խոսում, որ դյուրահավատին պատժեն:

*** Նախարարների տեղափոխությունից աթոռներն ու ախորժակը չեն փոխվում:

*** Աթոռը պաշտոնյային է փչացնում, պաշտոնյան` աթոռը:

*** Ոմանք անկախության ծառից պտուղ են քաղում, ոմանք էլ` կախվում են:

*** Ասա ինձ պաշտոնդ, և ես կասեմ քո կաշառակերության չափը:

*** Նրա թերություններն էլ ծածկեցին դափնու տերևներով:

*** Կաշառքը վարակիչ է. այն փոխանցվում է ձեռքերի միջոցով:

*** Հիմար մտքեր առանց մտածելու էլ կարելի է ասել:

*** Կարևորը հիմարություն չանելն է, ասելը` ոչինչ:

*** Մենք հարուստ ենք աղքատությամբ:

*** Համաձայն է ժամանակի հետ քայլել, բայց` մեքենայով:

*** Դեմ է կաշառքին, բայց երբ առաջարկում են` ամաչում է մերժել:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ