Տիրամոր արձանն արտասվել է


Ամեն օր հարյուրավոր ուխտավորներ են հավաքվում Մալայզիայի բնակիչ Մայքլ Ջորջուի տան մոտ` տեսնելու անբացատրելի մի երևույթ: Այս տանն է պահվում Կույս Մարիամի «արտասվող» արձանիկը: Եզակի այս մասունքը 52-ամյա տղամարդը նվեր է ստացել իր եղբոր կնոջից, ով այն գնել է Ֆիլիպիններում (տեղեկացրել է Mirror-ը):

Բոլորը երկյուղածությամբ գալիս են արձանիկը տեսնելու, շատերն էլ հիացմունքով լսում են դրա գոյության մասին, սակայն ոչ մեկը չի կարողանում բացատրել, թե սովորական հուշանվերների խանութից գնված 33 սանտիմետրանոց այդ արձանիկն ինչո՞ւ է լալիս: Ջորջուն ասել է միայն, որ եղբոր կինն այն օրհնել է տվել տեղի եպիսկոպոսին: Տիրամոր նրբիկ այս պատճենի աչքերում առաջին անգամ «արցունքներ» է նկատել Մայքլի 14-ամյա որդին:

- Ես չէի կարողանում հավատալ աչքերիս: Նա իսկապես լալիս էր: Ընդ որում, արձանիկի վրա արցունքներ հայտնվեցին նաև հաջորդ օրը,- հավաստիացրել է մալայզիացին:

Հանրահռչակ դարձած Ջորջուն պատմել է նաև, որ օրական 100-ից ավելի ուխտավորներ են գալիս, ու յուրաքանչյուրը փափագում է հպվել արձանիկին:

Տեղի հոգևորականն էլ հայտարարել է.

- Մենք ծրագրել ենք եկեղեցու կողքին փոքրիկ շինություն կառուցել այդ արձանիկի համար և պատրաստվում ենք դրա տիրոջը խնդրել` թույլ տալու այն այդտեղ տեղադրել:

Հրաշքներ, այնուամենայնիվ, կա՞ն...