Հիմա էլ` Մուհամեդի առնականությունը


Ֆրանսիական «Շառլի Հեբդո» պարբերականի խմբագրությունում տեղի ունեցած սպանդի մասին հիշողությունն ու սպանված լրագրողների հիշատակը դեռ չեն խամրել աշխարհի հիշողությունից: Բայց ահա Մուհամեդ մարգարեի թեման շարունակում է մնալ եվրոպական մամուլի գայթակղության կիզակետում:

Հիմա էլ Նիդեռլանդների մահմեդական համայնքի թերթի խմբագիրներն են հատուկ թողարկում պատրաստում մարգարեի... սեքսուալության մասին: Լրագրողներն այդ կերպ ցանկանում են ցուցահանել իսլամի մեկ ուրիշ` ոչ ագրեսիվ էությունը (տեղեկացրել է Big News-ը):

Պարբերականի գլխավոր խմբագիր Բարահիմ Բուրիկը հայտարարել է, որ իրենց կրոնական թերթի նոր հրատարակությունը նպատակ ունի պսակազերծել իսլամի մասին կարծրատիպերը:

- Քչերն են հիշում այն մասին, որ Մուհամեդը սեքսուալ տղամարդ էր: Չարժե մոռանալ այն, ինչ գրված է Ղուրանում,- ասել է Բուրիկը:

Նիդեռլանդական թերթի` շատերին սադրանք թվացող այդ համարը տպագրվելու է հուլիսին: Այն հարմարեցված է մահմեդականների համար սուրբ` Ռամադան ամսվա սկզբին:

Բուրիկը նաև հայտարարել է, որ իր թերթի հատուկ թողարկումը նվիրվելու է «Շառլի Հեբդո» թերթի լրագրողների հիշատակին: