Ինչ աշխատավարձ են ստանում ժամանակակից արքաները


Բավական տարբեր է երկրների միապետների և կառավարության ղեկավարների աշխատավարձերը: Միապետ ասվածն, իհարկե, պայմանական է. նրանք ավելի շատ խորհրդանիշ են և վճարվում են պետական բյուջեից: Մեծ Բրիտանիան, օրինակ, անգլիական թագուհու բյուջեում տարեկան նախատեսում է մինչև 500.000 եվրո` ոգելից խմիչքների , 875.884 եվրո` քիմմաքրման, 250.253 եվրո` հեռախոսակապի ծառայությունների և 1.250.000 եվրո` Բուկինհեմյան պալատի ջեռուցման ու զովացման համար:

Իրանական AfkΖr News լրատվական գործակալությունը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել եվրոպական երկրների արքաների վճարաչափերի մասին: Ի դեպ, ըստ վիճակագրության` 2013 թ. աշխարհի 39 երկրների ծառայողներից ամենաբարձր աշխատավարձերը ստացել են Շվեյցարիայում (71.000 եվրո), Նորվեգիայում (67.000) և Ավստրալիայում (56.000), իսկ ամենացածր աշխատավարձերն արձանագրվել են Արևելյան Եվրոպայում: Դիցուք, Բուլղարիայում (4.500 եվրո) և Ռումինիայում (5.600): 57.000 եվրո են ստացել նաև Մեքսիկայի պետծառայողները:

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ. Անգլիական արքունիքի բյուջեն կազմում է 38.78 միլիոն եվրո, որը հավասար է Ելիզավետ 2-րդ թագուհու` հանրային ունեցվածքից ստացվող տարեկան եկամուտին: Ընդ որում, պալատի ծախսերը այս կամ այն մասով` հստակ առանձնացվում են: Ինչպես արդեն նշվեց` 500 հազար եվրոյից ավել այնտեղ չեն կարող ծախսել` ոգելից օգտագործելու նպատակով: Այնպես որ ժամանակակից միապետներն այնքան էլ ինքնիշխան չեն:

ՀՈԼԱՆԴԱԿԱՆ արքունիքի բյուջեն կազմում է 38 միլիոն եվրո: Այդ գումարից 825 հազարը Վիլլեմ-Ալեքսանդրը տնօրինում է իր հայեցողությամբ, իսկ 4,2 միլիոնը` անձնական գործերը վարելու և սեփական գրասենյակը պահելու համար: Նմանատիպ նպատակների համար ծախսեր են նախատեսված նաև երկրի թագուհու համար` համապտասխանաբար 327 հազար և 574 հազար եվրո: Միապետի մայրը` Բեատրիկս թագուհին ստանում է 1,4 միլիոն եվրո:

ԲԵԼԳԻԱՅԻ Ֆիլիպ թագավորին հատկացվում է 11,5 միլիոն եվրո, սակայն անհասկանալի է, թե այդ գումարի ո՞ր չափը նա կարող է տնօրինել սեփական հայեցողութ յամբ: Բացի այդ նրա հայրը, ով 2013-ին հրաժարվել էր արքունիքից, շարունակում է վճարներ ստանալ` 931 հազար եվրո: Նշյալ գումարը չի ներառում բելգիական թագավորի անվտանգության ապահովման և շրջագայությունների ծախսերը: Ի դեպ, այս թագավորական պալատի ծախսերից տուրքեր չեն վճարվում:

ԴԱՆԻԱՅԻ թագավորական բյուջեն 13,2 միլիոն եվրո է: Մարգրետ II-րդ թագուհին և նրա ամուսինը իրավունք ունեն տարեկան ծախսել 1,34 միլիոնը, իսկ նրանց երեխաները` 509,5 հազարը: Թագավորական ընտանիքը հարկեր չի վճարում, սակայն վճարում է անձնական և սերունդներին ժառանգելիք սեփականության համար:

ՆՈՐՎԵԳԻԱՅԻ Հարալդ 5-րդ թագավորն ու նրա կինը 24 միլիոն եվրո են ստանում միասին ու ևս մեկական միլիոն` նրանց երեխաներից յուրաքանչյուրը: Այս գումարների հաշվին նրանք պետք է վճարեն իրենց ադմինիստրատիվ ու անձնական ծախսերը: Սակայն, ինչպես Եվրոպայի արքայական մյուս ընտանիքները, նրանք պետությանը հարկեր չեն տալիս:

ԻՍՊԱՆԻԱՅԻ պալատին տրամադրվող 7,7 միլիոն եվրոյից Ֆիլիպ 6-րդ թագավորը իր հայեցողությամբ կծախսի 234.204-ը: Նրա հորը, ով անցած տարի նույնպես հրաժարվեց գահից` հօգուտ որդու, կտրամադրվի 187.356 եվրո: Թագավորի կինը` Լետիսիան, տնօրինելու է 128.800 եվրո:

Ինչ վերաբերում է ոչ թագավորական առաջնորդներին, ապա.

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ հանրապետական քաղաքական խավը և երկրի նախագահ Բարաք Օբաման տարեկան ստանում են 400 հազար դոլար (322.121 եվրո): Ընդ որում երկրի նախագահը սնվում է պետության հաշվին:

ՖՐԱՆՍԻԱՆ նույնպես հանրապետական է և դրա նախագահ Ֆրանսուա Օլանդը տարեկան ստանում է 178 հազար եվրո` հարկային բոլոր պահումներից հետո: Սակայն պետության օգտին տնտեսող մարդ է Օլանդը, և 30 տոկոսով նվազեցրել է իր աշխատավարձը: Ու հիմա նրա վարձավճարը ճիշտ այնքան է, որքան իր նախորդ Նիկոլյա Սարկոզիինը, որքան երկրի վարչապետ Սանուել Վալսինը:

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ նախագահ Յոահիմ Գաուկի տարեկան վարձաչափը 214 հազար եվրո է, որից 78 հազարը` սեփական հայեցողությամբ օգտագործելու և անձնական գրասենյակի ծախսերը հոգալու համար: Երկրի կանցլեր Անգելա Մերկելի տարեկան աշխատավարձը կազմում է 27.039 եվրո` հարկային բոլոր պահումներից հետո:

ԻՏԱԼԻԱՅԻ նախագահ Սերջո Մատարելլան նույնպես եկամուտներից հարկեր է վճարում ու տարեկան ստանում է մաքուր 239 հազար եվրո: