ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Դ. Կանայանի զինակցին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Դրաստամատ Կանայանի զինակից, ֆրանսահայ բարերար 92-ամյա Մուշեղ Մելիքի Չալոյան-Մարտիրոսյանին:

Ողջունելով ավելի քան 70 տարի առաջ` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերի ընկած, կյանքի բազմաթիվ դժվարությունների մեջ թրծված, սակայն անսահման լավատես և հայրենասեր հայորդուն` պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել նրան հայապահպանության գործում իր ներդրումն ունենալու համար` բարեմաղթելով քաջառողջություն և անսպառ եռանդ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Սյունյաց աշխարհում ծնված մեր հայրենակիցը այսուհետ ևս կշարունակի զբաղվել հայ մշակույթը ամբողջ աշխարհում ներկայացնելու ազգանվեր գործով:

Հայաստանից հեռու ապրող, սակայն հայրենիքի հաջողություններով ու ցավով ապրող հայորդին իր հերթին նշել է, որ հայը ուր էլ լինի, անկախ դժվարություներից պետք է շարունակի հայ մնալ` չկորցնելով իր ազգային նկարագիրը, մեջբերելով զինակից Դրոյի խոսքերը. «Ուր էլ լինեք, ողջ մնացեք: Հայրենիքը մշտապես ձեր կարիքը կունենա»:

Ֆրանսահայ համայնքում հայապահպանության գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև ԶՈւ կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ Սեյրան Օհանյանը Մուշեղ Չալոյան-Մարտիրոսյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով: