«Դժվարություններն անցողիկ են, հայրենիքը` մնայուն»


Այո´, դաժան արհավիրքը պատերազմ է. մի զոհասեղան, որի վրա բազում մարդկային կյանքեր են դրվում` հանուն վեհ նպատակի:

- Պատերազմն առանց զոհերի չի լինում,- ասում էր Ռաֆայել ՍԻՄՈՆՅԱՆԸ, այն անձնվեր ազատամարտիկը, ով 1988-ի շարժման առաջին կամավորներից էր: Մայրը դեմ չէր տղայի ռազմաճակատ մեկնելուն:

- Եթե ոչ իմ տղան, ապա ո՞վ պիտի պաշտպաներ մեր երկիրը անողոք թշնամու հարձակումներից,- ասում է քաջ հայորդու մայրը:

1988-ն էր` Արցախյան շարժման սկիզբը: Հենց այդ օրերին 31-ամյա Ռաֆայելը մեկնեց ռազմաճակատ: «Մեծն Տիգրան» ջոկատը համալրվեց ևս մեկ քաջով, իսկ 1991-ին Ռաֆայելն արդեն ջոկատի ռազմական խորհրդի անդամ էր: Այդ օրերին էր, որ Շահումյանի շրջանում թնդաց հայրենասեր զավակի անունը: 1991 թ.-ի ապրիլի 30-ին Ռաֆայել Սիմոնյանը ղեկավարեց «Կոլցո» ռազմական օպերացիան:

- Երբ տղաս կռվի դաշտում էր, մի անասելի հպարտություն էի զգում: Քաջ արծիվս նորանոր տարածքներ էր ազատագրում ու դրանք վերանվանում հայկական անուններով: Դա հպարտությամբ համեմված աննկարագրելի ուրախություն է հայրենիքի զինվոր ազատամարտիկի մոր համար,- նշում է տիկին Արաքսյան:

Նա հպարտությամբ հիշում է.

- Երբ որդիս հերթական անգամ արտերկրից գումարով զենք բերելու էր գնում (մի ամբողջ ռազմական պայուսակ լցված էր գումարով), եղբայրը խնդրեց զենքերի փողից 40 ռուբլի տալ` հաց գնելու համար: Ռաֆայելը ոչինչ չասաց, հեգնական հայացք նետեց եղբոր վրա, պայուսակը վերցրեց ու դուրս եկավ:

Ցավոք, պատերազմը խլեց նաև Ռաֆայելի կյանքը: Մոր սիրտը կանխազգացել էր մոտալուտ աղետը:

- Միշտ զենքը բարձի տակ էր դնում, այդ անգամ մոռացել էր հետը վերցնել. ճանապարհի կեսից ետ դարձավ: Ներսս տակնուվրա եղավ, փորձեցի ետ պահել ճանապարհից, ուշադրություն չդարձրեց, զենքը վերցրեց ու Ղարաբաղի ճամփան բռնեց:

Հայրենիքի նվիրյալն իր կյանքով փրկեց հայկական զինանոցն ու ինքն ընկավ թուրքական ինքնաթիռի տակ: Մահացու վիրավոր էր Ռաֆայելը, զրկվել էր տեսողութ յունից, չէր կարող տեսնել անգամ իր արյունով ազատագրված տարածքները: Հայ և ֆրանսիացի բժիշկները միայն 10 տոկոսով վերականգնեցին նրա տեսողությունը: Անգամ այդ շրջանում Ռաֆայելն ազգանպաստ գործունեություն էր ծավալում. բացել էր «Ավարայր» բարեգործական ընկերությունը, որն օգնում էր վիրավորված ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

1993-ի սեպտեմբերի 28-ին, ընդամենը 36 տարեկան հասակում Ռաֆայել Սիմոնյանը հեռացավ երկրային կյանքից ու հավերժի ճամփան բռնեց:

- Խնդրանքս իմ հայրենիքին ու հայ ժողովրդին. թանկ է Հայրենիքը` սրբորեն պահեք-պաշտպանեք այն: Դժվարություններն անցողիկ են, հայրենիքը` մնայուն,- Ռաֆայելի այս խոսքերը հիշում է Վլադիմիր Առաքելյանը` նրա զինակից ընկերներից մեկը:

Հրաժեշտի պահին տիկին Արաքսյան ավելացնում է.

- Նույնիսկ ներկայիս հարաբերական խաղաղության պայմաններում զոհերն անխուսափելի են: Յուրաքանչյուր մոր համար զավակից զրկվելն իսկական մղձավանջ է: Պիտի մխիթարվենք այն գիտակցությամբ, որ մեր զավակները այս օրվա համար են զոհել իրենց կյանքը: Պիտի հասկանանք, որ նրանց գործն ու անունն անմահ են, նրանք չեն մահացել, անմահություն են նվաճել և միշտ էլ կմնան որպես հավերժի փառավոր ճամփորդներ:             

Էլմիրա ՄԻՐԱԲՅԱՆ