Համախմբվելով պատմական իրադարձության շուրջ


Երկու ամիս է մեզ բաժանում այն օրից, երբ 100 տարի առաջ մարդկության ճակատագիրը հայ ժողովրդին բաժին հանեց դանթեական սոսկալի, դժոխային մահուղին:

Ցեղասպանությունից մազապուրծ, հայրենազուրկ և մշտապես մտահոգված մեր լինելիության, ցեղի պահպանության և հարատևության, անվտանգ ապրելու հրատապ խնդիրներով` այսօր ունենք թշնամուն դիմակայելու և պատերազմելու ունակ երկու հայկական պետություն: Ու նաև` օտարի լծի տակ նույն բախտին սպասող Արևմտյան Հայաստան:

36500 օրեր անց, դեռևս չսպիացած վերքով մեր ժողովուրդը վերապրում է ցավը` հավատով, որ միջազգային հանրությունը, ի վերջո, կտա եղերական իրողության համաչափ գնահատականը:

Համաշխարհային պատերազմների, ցեղասպանությունների, մահասարսուռ չարիքների կանխարգելմանն ուղղված մարդկության անդադրում պայքարում ջահակիրը այդ օրը կլինի հայ ժողովուրդը: Մեր ժողովրդի ոգեկոչման և հավաքական ուժի ևս մեկ դրսևորում կլինի 2015-ի ապրիլի 24-ը:

-Մեծ եղեռնի 100-ամյակն, իհարկե, մեր դատի սահմանագիծը չէ, այլ` յուրատեսակ հանգրվան,- երկրիս Նախագահի այս խոսքը նաև ազդակ է ուրացողներին…

100-ամյա տարելիցին կարող է իրականանալ այն, ինչը ուրախության արտասուք կլցնի աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ մարդու աչքերը` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Ահավասիկ, գերտերությունների, միջազգային կառույցների ղեկավարների միաժամանակյա ներկայությունը Ծիծեռնակաբերդում հազիվ թե չբերի Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման շուրջ համատեղ հայտարարությունների կամ ասենք` չհնչեն ուղերձներ, չընդունվեն դեկլարացիաներ, կոնվենցիաներ, կոմյունիկեներ:

Եվ եթե բոլոր ճանապարհները բերեն Երևան, և եթե կարող է իրականանալ մեր ժողովրդի փափագը, ապա դրան մեծապես կնպաստի, թե ինչպես ենք մենք այդ օրերին ներկայանալու աշխարհին:

Բնականաբար` ազգային հպարտությամբ և ազգային պատասխանատվության գզացումով, ինչը պահանջում է ուժերի համախմբում, գերլարում, զգաստություն: Քիչ է ասել, թե միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը կարող է հասցնել և անել ամեն ինչ, եթե մեզնից յուրաքանչյուրն ընդառաջ չգնա ու չօժանդակի դրան:

Տարիների հեռավորությունից երբեմն մտաբերում ենք մեր մեծերին, պապերին, հայրերին. ինչքա˜ն խոհուն ու հեռատես էին նրանք, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հույսը կապում էին 100-ամյա տարելիցի հետ:

100-ամյակին ունենք անկախ պետականություն:

Գուցե նրա համար, որ ունենք պատերազմի և պետականաշինության բովով անցած ստրատեգ նախագահ ու Պաշտպանության նախարար:

Իսկ թե ինչքան բարդ ու դժվարին խնդիրներ են ծառացած մեր դիվանագիտության առաջ, բավական է հիշել 19-րդ դարի բրիտանացի դիվանագետի հայտնի բնորոշումը.

-Մենք չունենք հավերժ դաշնակիցներ, ինչպես և չունենք մշտական թշնամիներ, հավերժ ու մշտական են միայն մեր շահերը, և մեր պարտքն է պաշտպանել դրանք:

Իսկ ցեղասպանը` Թուրքիան, շարունակում է մինչև այսօր զարմանալի ճարպկությամբ ճողոպրել Լոզանի պայմանագրի բանակցությունների ժամանակ Անգլիայի ներկայացուցիչ Լորդ Քերլոնի տված հարցից`

-Ո՞ւր անհետացան պատերազմից առաջ Անատոլիայում բնակվող 3 միլիոն հայերը:

Ինչևէ: Դեպի իր մեկդարյա պատմական իրադարձությունը գնացող հայ ժողովուրդը աշխարհի դիտակետում կլինի երկու ամիս անց` «թեժ աշուններն» ու «թեժ գարունները» հետաձգելով մեկ այլ օրվա` սևեռված իր վեհ ազգախնդիրների վրա:

Արտակ ԴԱՎԻԴՅԱՆ

ՀՀ հանրային խորհրդի պետաիրավական հանձնաժողովի անդամ