Մարզիր միտքը քո մանկան

Այսպես կարելի է բնութագրել Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ հեղինակած և պատկերազարդ գրքույկով հայ մայրերին հասցեագրված հանելուկները: Գրքույկի վրա հենց այդպես էլ գրված է` «Հայոց իմաստուն մայրերի և նրանց խելացի երեխաների համար»:
Հանելուկը մարզում է միտքը` այլաբանորեն ճանաչելի դարձնելով շատ երևույթներ, մանկանը շրջապատող իրերն ու առարկաները: Մ. Ոսկանյանի հեղինակած հանելուկները բազմաբնույթ են` ծիսական ըմբռնումներ, բնության ճանաչողություն, ծանոթություն սրբերին ու խաչանշան այրերին... Ահավասիկ.
***Տիրոջ գառներին` խոստում անեզերք,
որ Սուրբ Հարությամբ` կյանք է հավիտյան,
Օրհնություն ու Երգ, մեզ` Հովանի Ձեռք,
Ձի´րք բազմապատիկ, անունը`... (ԶԱՏԻԿ)
***Ծառի խեժ է, սառած խեժ,
եթե դնես կրակին,
անուշ ծխով մի ջրվեժ
կտարածվի քո չորս դին.
նշանակն է աղոթքի: (ԽՈՒՆԿԸ)
***Ձիթապտղի ազնիվ յուղ
խառնած ծաղկանց հյութի հետ,
նրանով է քահանան
կնքում Կյանքովն առհավետ: (ՄՅՈՒՌՈՆԸ)
***Դեմքով դեպի արևելք
կանգնում ենք ու զրուցում,
խոսք ենք խոսում Աստծո հետ,
արդարացման սերն հայցում: (ԱՂՈԹՔ)
Մանկանց նաև հանելուկներով կրթել փորձող ծնողներին անշուշտ կհետաքրքիր և «Ութօրեկան մանկանց մկրտության ոսկե բանալին» զրույցը, որը պարզաբանում է, թե ինչու է ութ օրականը մկրտության համար լավագույնը համարվում թե´ հին, թե´ Նոր կտակարաններում.
- ...Իր հանգստյան օրվա ավարտից հետո, այսինքն` ութերորդ օրից է Աստված սկսում Ադամի ու նրա կնոջ, նրանց սերունդների, մարդ արարածի փրկագործությունը: ...Ութերորդ օրը նաև հաջորդ շաբաթվա առաջին օրն է` կիրակին, որ ամբողջությամբ փրկագործության խորհուրդն ունի` մեռելներից հարության խոստմամբ: