«ԵՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԳՏԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ»


ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԽԱՆԴԻԿՅԱՆԻՆ շատերը երջանիկ մարդ և երջանիկ արվեստագետ են համարում... - Պարոն Խանդիկյան, Ձեզ հրավիրելով «Ավանգարդի» հյուրասրահ, ուզում եմ հարցնել. որևէ առնչություն ունեցե՞լ ենք մեր թերթի հետ: - Իհարկե: Ես միշտ հաճույքով եմ հիշում, որ իմ մասին առաջին հոդվածը «Ավանգարդ»-ում է տպագրվել: Թերթը մի հետաքրքիր նախաձեռնությամբ էր հանդես եկել` տպագրելով մեր կուրսի «հետքերով» հոդվածաշար: Պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցն ավարտած Վահե Շահվերդյանի, Դավիթ Մնացականյանի, Սվետլանա Քոչարյանի, Լևոն Շարաֆյանի, Կառլեն Վարժապետյանի և մյուսների մասին տպագրվեցին հոդվածներ, որոնք մեզ համար դարձան ուշագրավ և նշանակալի իրողություններ, հուշումներ… Եթե անգամ այդ հոդվածն էլ չլիներ, ես էլի թերթին առնչվելու առիթներ ունեի. «Ավանգարդը» բոլորիս թերթն էր, այնտեղ էին տպագրվում ամենահետաքրքիր հոդվածները երիտասարդության մասին… - Դուք այդ երիտասարդության համար և´ յուրատեսակ առաջնորդ եղաք, և´ ձեր բեմական, հեռուստատեսային ու կինոհերոսների մեջ խտացրեցիք նրա կերպարը, ստեղծեցիք երիտասարդ անհատի խորհրդանիշը: - Մեր սերնդին մեծ առաքելություն էր տրված. մենք ձևավորեցինք պատմական դարձած 60-ականների վերջերի և 70-ականների սկզբների շարժումները: Թող մեծադղորդ չհնչի. մենք ստեղծեցինք նախադրյալներ` համարձակ փորձարարության, նոր մտածողության հաստատման համար: Մեր ջանքերով Հայաստան մուտք գործեցին արևմտյան շատ գրողներ, պատկերացումներ` տարբեր երաժշտական ուղղությունների մասին… Ի վերջո, մեր սերունդը որոշակի տեղաշարժեր արձանագրեց կինոյում և թատրոնում… Հենց այդ սերնդի անունից էլ ծնունդ էին առնում իմ հերոսները: Գիտեմ, որ դեռ այն ժամանակ ոմանք չէին ընդունում համարձակ, սեփական մտքերն ունեցող իմ հերոսներին, նրանց մեջ անգամ մարտահրավերներ էին տեսնում, բայց դա հենց օրերի երիտասարդ մարդու տեսակն էր, ում հիմա շատերս կարոտում ենք£ Հենց մարդկային ա´յդ տեսակը փշրեց կարծրատիպերը, ընդդիմացավ սովետական «իդեալականացմանը»: Հենց ա´յդ երիտասարդներն էլ ձևավորեցին այսօրվա սերունդը: - Ձեր ստեղծագործությունն էլ էր ընդդիմանում «օրինաչափություններին», Ձեզ «հարվածում» էին, քննադատում… - Ժամանակներն էին այդպիսին, մարդիկ էին այդպիսին: Նրանք ձևավորվել էին մի հասարակարգում, որը չէր ընդունում պայքարը, չէր ընդունում նորը… Իմ առաջին շեքսպիրյան բեմադրությունը` «Համլետը», հայ քննադատության կողմից ընդունվեց սրերով, ինձ քիչ էր մնում անգամ դավաճան հռչակեին… Իսկ ես մտածել էի հեռանալ շեքսպիրյանի այն ընկալումներից, որոնք, ճշմարիտն ասած, Շեքսպիրի հետ կապ էլ չունեին: Եթե ասում են, որ «Համլետը մարդկությունն է մեկի մեջ», ապա այդ մարդկությունը չէր կարող մշտապես ապրել «շրջանակների» և կանոնակարգված պատկերացումների մեջ… Թատրոնը ստեղծագործելու և այդ ստեղծագործության ազատության վայրն է£ Ազատությունն է ծնում խիզախումը, նոր ձևերի անհրաժեշտությունը: Ես այս ամենը հիմա հիշում եմ և´ ցավով, և´ ուրախությամբ: Հետո շատ քննադատներ «այլ կերպ» նայեցին իմ ստեղծագործությանը, խոստովանեցին, որ փոխել են իրենց հայացքները, մոտեցումները… - Դուք այսօր արդեն մեր ռեժիսուրայի ավագներից եք, ամենանշանավորներից մեկը: Ուսուցիչ եք շատերի համար: Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդությանը: - Այդ ուսուցիչ բառից «խրտնում եմ»: Թատրոնի և կինոյի ինստիտուտում արվեստանոց եմ ղեկավարում, բայց դեռ չեմ կարող ինձ լիարժեք ուսուցիչ կոչել: Ես արվեստագետ եմ և իմ փորձն եմ հաղորդում իմ ուսանողներին` նրանց առաջին հերթին պարտադրելով լինել ինքնուրույն, համարձակ, խիզախ: Ես չեմ բռնանում նրանց մտքերին ու դատողություններին, չեմ պարտադրում… Այսօր հայ թատրոնում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, լավ սերունդ է ձևավորվում, որն արդեն եվրոպական արժեքների առջև բացել է մեր թատրոնի դռները: Բայց պետք է ավելի համարձակ լինել: Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր քննադատական վերաբերմունք ունեն երիտասարդների նկատմամբ, բայց դեռ փայլատակումներ չեմ տեսնում: Այսօր շատ ազատություններ են տրված, ուրեմն, պետք է գնահատել այդ ազատությունները, անել ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք նաև լրացնել այն բացը, որն առաջացավ վերջին դժվարին տարիների ընթացքում: Հիմա մենք արդեն մասնակցում ենք տարբեր միջազգային փառատոների, Երևանն է դարձել փառատոնային քաղաք£ Ուրեմն, կան բոլոր նախադրյալները, որպեսզի ոչ միայն վերադարձ նենք այն խանդավառությունը, որով մենք ապրում էինք 1970-ականների սկզբներին, այլև ժամանակի պահանջների մեջ տեղավորվենք: Իհարկե, հարկավոր է, որ թատրոնի նկատմամբ առավել մեծ լինի պետական հոգածությունը: Եթե պետական այրերը չեն գալիս դեպի թատրոն` մենք պիտի նրանց բերենք, մենք պիտի անհանգստացնենք: - Դժվար է ինձ համար շոշափել չափազանց անձնական թեմա, սակայն դա իրականությունն է: Վերջին տարիներին դուք անցաք մեծ կորուստների միջով. Ձեր եղբոր` Տիգրան Լևոնյանի, ձեր մենիկ որդու և Տաթևիկ Ղափլանյանի մահերը Ձեզ համար անձնական ողբերգություններ էին: Այսքանից հետո ուժ գտնու՞մ եք ստեղծագործելու: - Ճոռոմ բառեր չասեմ, բայց բուն ստեղծագործական ընթացքը դառնում է մխիթարություն, ինչ-որ ձևով դուրս բերում հոգեկան ծանր կացությունից: Ես, այո, շատ մեծ կորուստներ ունեցա: Տիգրան Լևոնյանի կորուստը միայն իմը չէր. հայ օպերային ռեժիսուրան զրկվեց իր ամենատաղանդավոր անհատականությունից£ Որդուս կորստով իմ տոհմածառի շարունակությունը խաթարվեց, երկինքը կարծես փուլ եկավ գլխիս… Իսկ Տաթևիկը երևի վերջին ու ամենամեծ հարվածը հասցրեց, բայց… շարունակում եմ ապրել ու ստեղծագործել… Իհարկե, շատ բան է խախտվել, շատ բան է ձևափոխվել, սակայն իմ ստեղծագործությունը, որը թատրոնի մի մասնիկն է, չպետք է հոռետեսական լինի: Ես դեմ եմ հոռետեսությանը, բայց մշտապես կողմնակից եմ կռահումներին, հաստատումներին: Երբ ժամանակին ինձ չէին «հասկանում», քննադատում էին` հենց այդ կռահումները չէին ուզում նկատել, տեսնել, գնահատել… Հիմա մի պիես եմ փորձում, դու գիտես, թե ինչի մասին է խոսքը: Գլխավոր դերը նախատեսված էր Վլադիմիր Մսրյանի համար, հիմա Արթուր Ութմազյանն է փորձում… Ուրեմն` կյանքը շարունակվում է, պիտի ապրել նաև հեռացածների համար… Ես այդպես էլ չգտա երջանկության գաղտնիքը, չկարողացա միայն ստեղծագործական երջանկությամբ ինձ բավարարված զգալ… Բայց այս ամենն իմ խաչն է, պիտի տանեմ: - Դուք խոսեցիք լավատեսության մասին: Մեր օրերի ընթացքը լավատեսության հույս տալի՞ս է: - Իհարկե, տալիս է: Մենք ստեղծել ենք մեր երկիրը, մեր անկախ Հայաստանը: Սկուտեղի վրա մեզ ոչ ոք ոչինչ չպետք է մատուցեր: Ինքներս պիտի ամեն ինչ ստեղծեինք: Եվ ստեղծում ենք: Դժվարությամբ, անհանգստություններով, երբեմն նաև տրտունջներով: Մենք մեր երկիրն ենք ստեղծում, մեր պետականությունը: Մեր տեսակով ենք ստեղծում: Ուրեմն, եթե մի բան էլ վատ է` դժգոհենք ինքներս մեզանից, որովհետև երկիրը մեր հայելային անդրադարձն է… Ձգտենք լավը լինել, որպեսզի լավատեսությունն արդարանա:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ