«ԱՐԱՐԱՏ» ԱԼԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄՇՈՒՇՈՏ Է


Հայաստանում մշակութային հեռուստաալիքի ստեղծման գաղափարը ժամանակին ընդունվեց խանդավառությամբ և ոգևորությամբ£ Հատկապես արվեստի ու գրականության սիրահարներն ուրախացան, որ միանման ու միապաղաղ սերիալներից, էժանագին «շոու-աստղերի» ելույթներից զատ` իրենք հնարավորություն կունենան աղերսվելու բարձր երաժշտությանն ու կինոարվեստի գլուխգործոցներին, լսելու օգտակար բանավեճեր… «Արարատ» ալիքը մասամբ ուրախացրեց իր ակնդիրներին` աստիճանաբար տեղ զբաղեցնելով երկրի մեդիա-ցանցում: Սակայն ՀՌԱՀ կայացրած որոշումներն ու աբսուրդի հասնող դիրքորոշումներն այսօր մշուշոտ են դարձրել նաև «Արարատի» կարգավիճակը` ավելի քան մեկ ամիս նրան զրկելով հեռարձակումներից: «Արարատին» փոխարինել է կրոնական նշանակության «Շողակաթ» հեռուստաընկերությունը: Փաստորեն, Գ. Ամալյանի գլխավորած հանձնաժողովը, արհամարհելով «Արարատի» իրավունքները, «Շողակաթին» է տրամադրել 48 հաճախականությունը, որն, ըստ էության, պատկանում էր «Արարատին»: «Շողակաթի» տնօրինությունը հենվում է որոշման վրա և չի պատրաստվում լքել իրեն տրված հաճախականությունը, արդեն ապագայի ծրագրեր է կազմում£ Մինչդեռ «Արարատի» տնօրինությունը շփոթմունքի և անորոշության մեջ է: Այն հանրային ալիք է, գործում է Հանրային հեռուստաընկերության համակարգում և սպասարկում է տասնյակ հազարավոր հեռուստադիտողների` նրանց մատուցելով բարձրաճաշակ հաղորդումներ£ Սակայն հիմա թե´ հեռուստաընկերության աշխատակազմը, որի թիվն անցնում է 40-ից, թե´ հեռուստադիտողները զրկվում են բազմաթիվ հաղորդումներից` այդպես էլ չհասկանալով, թե ՀՌԱՀ-ի որոշումն ինչ պատճառաբանություն և հիմնավորում ունի: Հանրային հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Մարատ Օրդյանն օրերս հայտարարեց, թե «Շողակաթի» ապրանքանիշը ժամանակավորապես է օգտագործվում, մինչդեռ «Շողակաթի» տնօրինությունն էլ պնդում է, թե իրենք ՀՌԱՀ որոշմամբ ստացել են միանգամայն օրինական հաճախականություն և հետայսու շահագործելու են այն: Ստացվում է` կողմերից մեկը, մեղմ ասած, ճիշտ չի խոսում: Կատարվածի մասին չեն խոսում նաև Հանրայինի խորհրդի անդամներ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, պատմական գիտությունների դոկտոր Ստեփան Պողոսյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Զաքարյանը և ուրիշներ… Նրանց լռությունը վնասում է հեռուստադիտողների և «Արարատի» արդեն նախկին աշխատակազմի շահերին…

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ