ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ


Ինչպես վկայում են որոշ վրացական վերլուծաբաններ, արևմուտքն այսօր Վրաստանին պարտադրում է մտածել Աբխազիայի անկախությամ ճանաչման մասին: Վրաստանի հանրության համար այս գրեթե սենսացիոն բացահայտումը պարզում է պաշտոնական Թբիլիսիի` Աբխազիան վերադարձնելուն ուղղված քայլերի անհեռանկարայնությունը: Վերջերս «Մեծ ութնյակի» պատվիրակության անդամները, այցելելով Աբխազիա, հայտարարել էին, որ գերտերությունները պատրաստ են ճանաչել Աբխազիայի անկախությունը, միայն թե առաջինն այս քայլը պիտի անի Վրաստանը: Վրացական իշխանությունների հետ «դռնփակ» բանակցությունների ժամանակ «Մեծ ութնյակի» ներկայացուցիչները հասկացրել են, որ Աբխազիայի ճանաչումը պարտադիր է, սակայն պետք է այնպես անել, որ Աբխազիան ամբողջապես հեռանա Մոսկվայի ազդեցություններից և որդեգրի եվրոպական ինտեգրման սկզբունքները: Փաստորեն, հակադրվելով գերտերությունների ցանկություններին, Վրաստանը խոչընդոտում է տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ու ինտեգրման գործընթացներին: Այսպես են գնահատել Թբիլիսիի վարքագիծը գերտերությունների ներկայացուցիչները: