ՀԱ՞ ՈՐ...


Աշխարհի բոլոր մարդիկ հաստատ ինչ-որ բան փնտրում են: Մեկը գտնում է, մյուսը շարունակում է որոնել, երրորդն էլ հույսը կտրում ու իր որոնածը անիրագործելի երազանք համարելով` հուսահատված մի կողմ է քաշվում: Վերջին տարբերակը հայրենի ոստիկանությանն առավել հոգեհարազատ է: Այն ավելորդ ջանքեր չի պահանջում ու հետն էլ ուրիշներին նեղություն տալու «մեղքից» է միաժամանակ ազատում: Արդյունքում ստացվել է այնպես, որ այս պահին մեր հանրապետությունում ավելի քան հինգ հազար մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարված… Եթե օրենքին դեմ հանդիման կանգնելուց խուսափող այդքան մարդ կա մեր երկրում, ապա նշված փաստն ինքնին վկայում է, որ այդքան մարդ ամեն պահի պատրաստ է համանման նոր «քաջագործություններ» իրականացնել` բնականաբար արդյունքում կրկնապատկելով հանրությանը պատճառված վնասը: Տարօրինակ է հատկապես, որ ոստիկանությունում հազարավոր հետախուզվողների տվյալներ են արձանագրված, և վիճակագրությունը նման ահազդու թիվ հրապարակում է ոչ միայն ընթացիկ, այլ նաև նախորդ տարիների համար ևս: Այլապես կարելի էր հուսալ, թե փոխոստիկանապետի կողմից նման տվյալներ հրապարակելուց հետո հարյուրավոր ուսադիրավորներ օրենքից խուսափողներին հայտնաբերելը եթե ոչ կյանքի, ապա աշխատանքային գործունեության գերնպատակ կդարձնեին: Բայց, ավա¯ղ, ոստիկանության ու հատկապես ոլորտի պատասխանատուների նախասիրությունները բնավ էլ մեր պատկերացումների շրջանակներում չեն տեղավորվում: Այսպես, մինչ մենք մեր ավանդական լավատեսության թելադրանքով կարգուկանոն, օրինականություն ենք երազում, հանրապետության փոխոստիկանապետը հպարտորեն խոստովանում է, թե ինքը մտերիմ հարաբերություններ ունի բոլոր օրենքով գողերի հետ: Եթե անկեղծ, ապա մի պահ կարելի է կարծել, թե քրեական աշխարհի դեմ լիարժեքորեն պայքարելու չափանիշները շփոթած այս մարդը պարզապես կատակում է… Սակայն ինչպես հայտնի է, ուսադիրակիր մարդիկ ամեն առիթով կատակել այնքան էլ չեն սիրում: Մինչդեռ սույն պաշտոնյան նախորդ շաբաթ հրավիրած ասուլսիում, հավելումն ասվածի, սկսեց թվարկել նաև իր ընկեր գողերի անուններն ու մականունները: …Ասում են` օրենքով գողերը «ճշտով»-ի կողմնակից են և չեն հանդուրժում կարգուկանոնից շեղվածներին: Գուցե ոստիկանությունը նրանց օգնությանը դիմի` հայտնաբե րելու իրենցից խույս տվող հետախուզվողներին… Այստեղ իհարկե կարելի է ականջները փակել, քանի որ փոխոստիկանապետի խոստովանությունն այնչափ անընկալելի է, որ նման պարագայում թերևս ուրիշ անելիք այլևս չի մնում: Բայց ականջներից բացի, պարզվում է, փակ պետք է պահել նաև բնակարանների պատուհանները: Ոստիկանության վիճակագրության համաձայն` բնակարանային գողությունների մեծ մասը մեր ժամանակներում հենց այս եղանակով են իրականացվում: Այս շրջանում եղանակն էլ իր վճռորոշ ազդեցությունը կարող է ունենալ… Այնպես որ, տնային գողերի համար վատ ժամանակներ են սկսվում: Բարոյական հանցագործություններ կան, որոնց համեմատ բնակարանից ինչ-որ մեկի ինչքը թռցնելը կարող է անմեղ մի բան թվալ: Լրագրողական շրջանակներում համառ լուրեր են պտտվում, թե մեր գործընկեր Գագիկ Աբգարյանի մահից հետո «Ժամանակ Երևան» թերթի ազատազրկված խմբագիրը, չնայած թերթի աշխատակիցների հորդորներին, այդպես էլ չի վճարել լրագրողին պարտք մնացած արձակուրդավճարը: Զեղծարարության համար անազատության մեջ հայտնված խմբագիրը, բնականաբար, ստիպված չի եղել նայելու Գագիկի երկու անչափահաս երեխաների աչքերին, բայց նրա այս քայլն էլ իր հերթին է ամբողջացնում վերջինիս բարոյական, իսկ ավելի ճիշտ` անբարոյական կերպարը: Իսկ վերջնահաշվում ինքն իրեն քաղբանտարկյալ հռչակած Ա. Բաբաջանյանն այն դեպքն է, երբ, ինչպես ժողովուրդն է ասում` «Աստված իրեն իր սրտի կամեցածի չափով տվել է»…