«Հայի արմատը հայրենիքում է»


Հատված Լոս Անջելեսում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթից Սիրելի հայրենակիցներ. ... Դուք իրավամբ մեր կողքին էիք ահավոր երկրաշարժի, շրջափակման, էներգետիկ ճգնաժամի եւ Ղարաբաղի պատերազմի ընթացքում: Դուք մեր կողքին էիք, երբ մենք տոնեցինք մեծ հաղթանակ: Մենք հաղթող ժողովուրդ ենք, և պետք է այդ հաղթանակը քաղաքական առումով ևս ամրապնդենք: Ձեր շնորհիվ է, որ այսօր Սփյուռք-Հայրենիք կապերը պետք է առավել զարգանան և ուժեղանան: Սփյուռք-Հայաստան-Արցախ մարտահրավերները բոլորինս են, մենք ունենք և' արտաքին, և' ներքին մարտահրավերներ, և այդ մարտահրավերների դեմ պետք է միասնաբար պայքարենք, միասնաբար պետք է կարողանանք ուժեղացնել Հայաստան աշխարհը, որովհետև երբ մենք միասին ենք, առավել ուժեղ ենք: Եվ այստեղ պետք է հիշել մեծն Մարտիրոս Սարյանի խոսքերը, ով հայ ժողովրդին համեմատում է հաստաբուն ծառի հետ: Նա ասում է, որ հայի արմատը հայրենիքում է, իսկ նրա ճյուղերը` աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի այդ ճյուղերի պտուղներից օգտվեն աշխարհի բոլոր ժողովուրդները: Իրո'ք, աշխարհի տարբեր երկրներում, տարբեր համայքներում լինելով` մենք տեսնում, հասկանում, զգում ենք, որ հայը, որտեղ էլ, որ լինի, ստեղծում է, կառուցում է, կայանում է, զարգանում և տվյալ երկրի լավագույն քաղաքացին լինելուց զատ` նաեւ շարունակում է մնալ իր արմատին, իր Հայրենիքին հավատարիմ: Եվ դուք, այսօր Հայաստանի զարգացման բոլոր փուլերում եք, դուք տնտեսության, մշակույթի, ընկերային խնդիրներում եք, դուք նաեւ Հայաստանի քաղաքականության մեջ եք, այո` քաղաքականության, որովհետև ձեր իսկ պահանջով էր, որ փոխվեց Հաայստանի հանրապետության հիմնական օրենքը` Սահմանադրությունը, ձեր իսկ պահանջով էր, որ ստեղծվեց Սփյուռքի նախարարություն, ասել է թե` համահայկական նախարարություն, ասել է թե` սփյուռքահայի խոսքն ու ձայնը` հայոց կառավարությունում: Այսուհետ Սփյուռքի բոլոր խնդիրներն ու հարցադրումները քննարկման առարկա կարող են դառնալ նաեւ հայոց կառավարությունում: Մենք պետք է համատեղ ուժերով փորձենք իրականացնել համահայկական ծրագրեր: Մեր նախարարության գլխավոր առաքելությունն է համակարգել այն բոլոր աշխատանքները, որոնք կատարվում են Սփյուռք-Հայրենիք բնագավառում: Հանրապետության Նախագահը` ականջալուր այս ամենին, ստեղծելով այս նախարարությունը, միաժամանակ մեր առջեւ դրեց երեք կարեւորագույն ռազմավարական խնդիրներ. առաջին խնդիրը վերաբերում է հայապահպանությանը, հայի ինքնությանը, հայի տեսակին: Սփյուռքն իր գոյության առաջին իսկ օրվանից պայքարում է հայապահպանության համար, և այսօր, այո', եկել է պահը, որ Հայրենիքը, ձեզ հետ միասին, ձեռք ձեռքի տված, փորձի ուժեղացնել հայապահպանության խնդիրը Սփյուռքում: Մենք, հայապահպանություն ասելով, հասկանում ենք մայրենի լեզվի անաղարտություն, հայ ընտանիքի ավանդույթների եւ սովորույթների պաշտպանություն: Մենք, հայապահպանութ յուն ասելով, հասկանում ենք հայ մշակույթի զարգացում` այս համաշխարհայնացման և ազատականացման դարում, երբ աշխարհը գնալով արագ փոփոխվում եւ աշխարը արագ փոքրանում է: Մենք, հայապահպանություն ասելով, հասկանում ենք նաեւ մեր 1700-ամյա եկեղեցու, հավատքի պահպանում եւ դրա շուրջ համախմբում...