ԷԼԻ՞ ՋՐԲԱԺԱՆ


Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի` Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը եկավ Երևան: Եկավ, հանդիպեց մեր երկրի ղեկավարության հետ, իրավապահների և ընդդիմության հետ: Պատիվ արեց` լրագրողներին էլ մի երկու բառ ասաց: Ասաց` լավ չեք քննում մարտի 1-2-ի իրադարձությունները, խախտում եք մարդու իրավունքները. ահ տվեց, թե կարող է` հունվարյան նստաշրջանում լսվի մեզ ձայնի իրավունքից զրկելու հարցը: Էսպիսի բաներ. միայն չհասկացանք` մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների օբյեկտիվ ու անկողմնակալ քննության, բացահայտման հարցում ավելի շատ ո՞վ է շահագրգռված, մե՞նք, թե՞ եվրոպացիները… կամ գուցե Եվրոպայի դիվանագետներին մի ուրի՞շ բան է հետաքրքրում ու իրենց կամքը մեզ թելադրելու, իրականում թաքուն պահած նպատակները մեզ իրագործել ստիպելու համար ճնշո՞ւմ են գործադրում… Զուգադիպություն է, իհարկե, բայց պարոն Համմերբերգից առաջ Երևանում էին Մինսկի խմբի համանախագահները: Նրանք էլ մասնավորապես ասել էին, թե միայն թթի օղի համտեսելու համար չեն այցելում Ստեփանակերտ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զրուցում են տեղի ղեկավարների հետ, ինչն էլ նշանակում է, որ Արցախը բանակցային գործընթացին մասնակից կողմ է: Իսկ այն, որ վերջին ժամանակներում այդ գործընթացն ակտիվացել է` ոչ ոք չի ժխտի: Իսկ Մինսկի խմբում և ընդհանրապես աշխարհում կան երկրներ, որոնք, փորձելով օգուտ քաղել ղարաբաղյան հակամարտությունից, ջանում են արագացնել կարգավորման գործընթացն ու խնդիրը լուծել իրենց երազած, ավելի ճիշտ` իրենց ձեռնտու ձևով: Իսկ նրանց երազները միշտ չէ, որ անվտանգ են մեզ համար: Եվ ահա, այդ վտանգներին ազգովի դիմագրավելու, մեկտեղվելու նպատակով էլ Հանրապետության նախագահն անցած շաբաթ քաղաքական բոլոր ուժերին` կուսակցություններին հրավիրել էր Արցախի շուրջ առկա իրավիճակը միասին քննարկելու: Ինչ, ինչ, բայց համազգային նշանակության այսպիսի հարցում իշխանություն-ընդդիմություն ջրբաժանը չպետք է գոյություն ունենա, այսպիսի խնդիրներ լուծելիս ազգը, թերևս, պետք է բռունցքվի, ինչպես 88-ին էր: Եվ անցած հինգշաբթի կայացած քննարկումը, ըստ էության, ազգային խնդրի շուրջ ազգի քաղաքական մտքի համախմբման քայլ էր, որը նախաձեռնեց երկրի ղեկավարը: Սակայն, որքան էլ տարօրինակ է, արմատական ընդդիմությունը բացակայում էր: Այս պարագայում «տարօրինակ» բառը մեղմ է հնչում: Ընդդիմության առաջնորդի` Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությունն առավել քան կարևոր էր այդ քննարկմանը, քանի որ ղարաբաղյան պատերազմի տարիներին զինադադարի կնքումը ներառյալ, հայկական զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատարը, այսինքն վերջնական որոշումներ կայացնողն ինքն էր: Այս իմաստով նրա փորձն ու գիտելիքներն այսօր անգնահատելի կարող են լինել: Ընդդիմության առաջնորդի բացակայությունը, թերևս, կարող է բացատրվել այն հանգամանքով, որ ընդդիմությունը ցայժմ էլ Սերժ Սարգսյանին հանրապետության ընտրված նախագահ չի համարում, ուստի, նրա նախաձեռնած թեկուզև բարի գործին չի մասնակցում: Սակայն, ինքը` Լ. Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում հայտարարել է, թե ներկա իշխանությունը գործող ռեալ քաղաքական ուժ է և որպես այդպիսին, անհրաժեշտ է հաշվի նստել նրա հետ: Թեկուզ այս տրամաբանության շրջանակում` հիշյալ քննարկումից ընդդիմության բացակայությունն անընդունելի է. ավելին` այլ կերպ, քան դավաճանություն ազգային շահերին ու նպատակներին, որակելը դժվար է: Կամ էլ Տեր-Պետրոսյանը լինելով փորձառու քաղաքական գործիչ, գուցե մտավախություն ուներ, թե ներկաները կարող են հիշեցնել, որ 1992-ի իր հարցազրույցներից մեկում ինքն ասել էր, թե բոլոր կողմերին ձեռնտու է, որ Լեռնային Ղարաբաղը ինքնավար հանրապետության կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում: Գուցե, Ադրբեջանը նրա այս խոսքն ընդունել է որպես հայկական կողմից հնչած առաջա՞րկ, և այստեղից` հիշյալ հարցազրույցում ասված այդ չարաբաստիկ արտահայտությո՞ւնից են ծնունդ առել հակամարտութ յան կարգավորման ընթացքում մեր գործած բոլոր հնարավոր սխալները: Ինչևէ: Սակայն պարտավոր ենք արձանագրել, որ անցած հինգշաբթի մեզանում փորձ արվեց հիմք դնել նոր քաղաքական մշակույթի, երբ ազգի կենսական նշանակության խնդրի առկայության դեպքում բոլորը, մի կողմ դնելով արդարացված և չարդարացված հավակնությունները, մեկտեղվում են` խնդրին ազգօգուտ լուծում գտնելու: Ցավոք, այս անգամ Հայ ազգային կոնգրեսը բացակայեց…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ