Հայաստան երկրի զավակը չի կարող հայրենասեր չլինել


«Մեր օրերում ոչինչ այնքան չի տկարացնում ժողովուրդների պայքարունակութեան ոգին, որքան ա°յն աղետալի մոլորանքը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր»: Գարեգին ՆԺԴԵՀ Հայ ժողովուրդը կյանքի քառուղիներում յուրօրինակ կենսուղի է ունեցել: Ինչպես ասում են` ով պատմություն ունի, չի կարող ետ չնայել: Բախտավոր է այն ազգը, որ ունեցել է փառավոր էջեր, անմահ անուններ: Այո°, կարողացել ենք դիմակայել բազմաթիվ տեղատարափների և տառապանքն ուսած` առաջ շարժվել` ազգային ոգին բարձր պահելով: Վկա հայոց բանակը, որը մեր պետության վահանն է, պարծանքը: Երևանի զորամասերից մեկում զրուցեցինք գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հակոբ ԱՎԵՏՅԱՆԻ հետ: - Սկսվել է աշնանային զորակոչը, և արդեն պատրաստվում եք ձմեռային ուսումնական փուլին. նախապատրաստական ի՞նչ աշխատանքներ են տարվում: Նորակոչիկի ֆիզիկական, հոգեբանական պատրաստությունը, գիտելիքի պաշարը գոհացնո՞ւմ է: Պարո°ն Ավետյան, հայ երիտասարդն արժևորո՞ւմ է մեր բանակի գոյությունը, նա անմացորդ նվիրյա՞լ է… - Նժդեհն ասել է. «Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակսում է ազգային հպարտանքի զգացումը»: Մեծագույն փափագս է, որ այդ զգացումից մի կաթիլ անգամ չպակասի ոչ մի հայի հոգուց: Ունենք հպարտանալու շատ բաներ: Արդյոք հայ երիտասարդն անմնացորդ նվիրյալ է մեր հայրենիքի: Կուզեի, որ այդպես լիներ: Այլ հոգեբանութ յունը մեզ օտար է. եթե ուշադրությամբ պեղենք մեր պատմությունը, կհամոզվենք: Այսօր աստիճանաբար շտկվում են թերությունները. նորակոչիկը գաղափարապես ու հոգեպես պատրաստվում է: Բանակը փորձում է շտկել բոլոր թերությունները: Այլ բան է, թե երիտասարդը գիտելիքի ի՞նչ պաշարով է ոտք դնում զորամաս: Երիտասարդին պետք է պատրաստել բանակի համար, իսկ դա պահանջում է երկարատև աշխատանք: Դպրոցում մեր պատմությունը պետք է ճիշտ մատուցվի, պետք է կարևորել, շեշտադրել պատմական այն անցքերը, որոնք ավելի դաստիարակչական են: Մշտական զոհի կերպարը խեղճացնում է մեզ: Մեր երիտասարդների շուրթերին պիտի լինեն թշնամուն սարսափեցնող անուններ: Հզորագույն ազգեր են անհետացել պատմության թատերաբեմից, իսկ մենք, գտնվելով այնպիսի տարածաշրջանում, որ հզոր բանակով ու հայրենիքի նվիրյալներով միայն կարող էինք դիմակայել, կանք: Նորակոչիկի ֆիզիկական ու հոգեբանական պատրաստությունը չի գոհացնում: Եթե համեմատենք այլ երկրների հետ, ունենք թերի կողմեր: Դեռ չունենք կուռ համակարգ, որ կարողանանք մեր երիտասարդներին նախապատրաստել զինվորական կյանքին: Ուզում եմ մի ցավոտ հարցի մասին խոսել. վերջերս դպրոցներում անցկացվող հարցումների արդյունքում պարզվել է, որ պատանու համար «դրական» կերպար է դարձել հանցագործ աշխարհի ներկայացուցիչը: Այդ առումով իր բաժին մեղքն ունի հեռուստատեսությունը: Եթե տասնամյակներ առաջ հայ պատանին երազում էր դառնալ սպա, ծառայել հայրենիքին, այսօր խամրել են շատ երևույթներ: Ինչ վերաբերում է զորամասի նախապատրաստական աշխատանքներին, տարեցտարի ունենում ենք դրական առաջընթաց: Նորակոչիկի համար ունենք նախապատրաս տական գումարտակներ` 6-ամսյա կտրվածքով անցնում են նախապատրաստական փուլ: Խիստ կարևոր է մարտական պատրաստվածությունը, ինչը կայուն հիմքի վրա է դրված մեր զորամասում: Կարողանում ենք անպատրաստ երիտասարդից ստեղծել, պատրաստել այն զինվորին, ով հոգեբանորեն ու ֆիզիկական պատրաստվածությամբ հայրենիքի նվիրյալ կդառնա, կկարողանա տիրապետել այն ամենին, ինչը պետք է հետագա ծառայության համար: - Հայրենասիրությամբ, կարգապահությամբ, բարձր արժանապատվությամբ օժտված պետք է լինի զինվորը, այսինքն` կրել ժամանակի կշիռը մեր մեջ: Անշուշտ, այդ ամենը արմատանում ու հոգեբանություն է դառնում դպրոցում. դեռ շատ անելիքներ ունի դպրոցը, իսկ դպրոցի ու զորամասի միջև կա՞ շփում: -Պաշտպանության նախարարության հրամանով զորամասերում սկսել են ուշադրություն դարձնել այս հարցին: Եթե 2-3 տարի առաջ հանրակրթական դպրոցների հետ ունեինք համատեղ պլան` անցկացնում էինք 1-2 միջոցառում, ապա 2008 թ.-ից գրաֆիկը խտացրել ենք, հաճախակի անցկացնում ենք համատեղ միջոցառումներ, որոնք մեծ ազդեցություն են թողնում: Զորամաս այցելած դպրոցականների համար հրաձգարաններում կազմակերպում ենք հրաձգություն: Նախազորակոչային տարիքում գտնվող երիտասարդը, ծանոթանալով զինվորական կյանքին, իրեն հոգեբանորեն նախապատրաստում է ծառայության: ԿԳ նախարարության և ՊՆ համատեղ ծրագրով կազմակերպվող միջոցառումներն անհրաժեշտություն են: Ուզում եմ անդրադառնալ նաև կազմակերպվող այլ միջոցառումներին: Նպատակը զինծառայողին հասարակական մշակութային կյանքին մասնակից դարձնելն է: Լավագույն զինծառայողների հետ կազմակերպել ենք այցելություն մշակութային օջախներ: Նման երևույթը կարևոր է զինվորի համար: Հուզող խնդիրներից է` մարտական պատրաստության պլանին համատեղ մշակվի զինծառայողի այցելություն կրթամշակութային օջախներ: Իսկ զորամասի ներսում ամեն հնարավորն արվում է. կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ: - Կարծում եմ` դպրոցականը շփվելով զինծառայողի հետ` նրա մարտական ոգին կբարձրանա, ինչը հիմնարար նախադրյալներ կստեղծի զինծառայությունից չխուսափելու համար: Թերևս բուհական համակարգում նախատեսվող փոփոխությունները կնպաստեն բանիմաց նորակոչիկներով համալրմանը: Պարո°ն Ավետյան, շարունակո՞ւմ են խուսափել զինծառայությունից, ի՞նչ աշխատանքներ են տարվում: - Մեզ պետք են գաղափարապես կրթված զորակոչիկներ: Բանակում անհրաժեշտ են լավ մասնագետներ: Եթե սրտացավ հայ է, երկրի ցավով է, չի խուսափի ծառայությունից: Ծառայությունը չի խանգարում, օգնում է, նպաստում է ուսմանը: Հասարակության հայելին է բանակը: Եթե ապագա ակադեմիկոսը, գիտնականը, նախարարը չիմանա` ի՞նչ է բանակը, որը պետության հիմքն է, չի կարող արժանի ղեկավար դառնալ: Կրթական համակարգում նման օրինագծի կիրառումը ճիշտ կլինի, կփակի բոլոր «սողանցքները» բանակից խուսափելու համար, և մեր բանակը մարտունակ, ինտելեկտուալ կադրերով համալրված կլինի: Զինծառայությունից խուսափելու տենդենցը որոշակիորեն մարել է. երիտասարդները ցանկանում են ծառայել: - Բուժկետերի նորոգումը զորանոցաշինության հիմնական մասն է կազմում: Բուժսարքավորումներով վերազինումն առաջնային խնդիր պետք է լինի: Պարո°ն Ավետյան, զորամասում լուծվա՞ծ է այդ խնդիրը: - Մեր զորամասում ոչ միայն բուժկետը, այլև ճաշարանը, բաղնիքը ապահովված են բոլոր անհրաժեշտ միջոցներով: Հանրապետության բոլոր զորամասերի հիմնախնդիրը բուժսպասարկումը բարձր մակարդակի վրա պահելն է: Եթե համեմատենք նախորդ տարիների զորանոցային պայմաններն այսօրվա հետ, 90-ականներին չէինք պատկերացնի, որ տարիներ անց սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից հետո կունենանք նման առաջխաղացում, կարձանագրենք, որ շատ բան է արվել, բայց միևնույն ժամանակ ունենք բազմաթիվ անելիքներ: Ամեն օր մի նոր բան պետք է ավելացնել: Մեր առջև դրված խնդիրները կարող ենք լուծել, ոչ մի հարցում չթերանանք: Այլ հարց է, թե յուրաքանչյուր զորամաս որքա՞ն արդյունավետ է լուծում խնդիրները և որքանո՞վ է կարողանում լուծել: Նորից եմ կրկնում` երկրին պետք են հայրենասեր ու խելացի զինվորներ: Պետք է միշտ պատրաստ լինել: Կարևորում եմ հոգևոր կրթությունը. անհատի ձևավորումը հոգևոր-մշակութային դաստիարակությունից է սկսվում: Մեր երկրի զավակներն իրենց նախնիների արժանի հետնորդները պիտի լինեն, իսկ Հայաստան երկրի զավակը չի կարող հայրենասեր չլինել, նրա երակներով հայի արյունն է հոսում:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ