«Վերջիվերջո, սա երկիր պիտի՞ դառնա...»


1. Բարձր ողբերգությունների հայտով Բեմական ծխամած խավարում ուրվագծվող, տեղ-տեղ արնակարմիր ուղղաձիգ երկայնաշղթաներով, աջ ու ձախ կիտված փշապատ վանդակաճաղերով (ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Եվգենի Սոֆրոնովի) Պերճ Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» դրամայի իր նորահայտ` «Արշակ թագավոր» թատերընթերցման խորհրդանշա կան բնաբանն է սկսում հյուսել Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը: Բեմի խորքում, սայլանիվին նստած սևանհանդերձ, վառ կարմիր գլխակապերով արարածները, որ հստակ տարբերակվում են գետնատարած մարդկային ֆիգուրից անդին, անմիջապես ի հայտ չեն բերում իրենց էությունը: Ակնթարթորեն չքվում են, ինչ-որ գերբնական ոգիների նման, երբ դժվարությամբ բարձրանում է բերանքսիվայր փռված ուժասպառ մարդը` տարիների ակնհայտ վարժանքով ձգտելով հասնել կալանախցի դիմացի պատին, չնայած վաղուց համոզվել է այդ վերջին երազանքի անիրագործելիության մեջ` կարճ են ձեռնաշղթաները: Վիճակին համակերպվածությամբ առաջին իսկ խոսքերի արտաբերմանը հընթացս բեմառաջքի գետնախորշից անսպասելի հայտնվում են մարդանման միաձույլ արարածները, անքթիթ ապակե ընդհանուր հայացքը հառում հանդիսասրահին` ասես լուսավորելով նրանում հավաքվածների համար Անհուշ բերդում անփառունակ մահվան դատապարտված Արշակ թագավորի մասին հորինված առասպելի իրական բովանդակությունը` IV դարի պատմական անցքերի ու անձանց հետադարձ վերակենդանացմամբ: Մի պահ պատմության խորշերից կերևան արքայական դանդաղավեժ մայրամուտի օրերին որոշակի դերակատարություն ունեցածների` Փառանձեմի, Գնելի, Եփրեմի, Դրաստամատի դեմքերը, ընդդիմադիր իշխանների սպառազեն դաշնաշրջանը: Եվ, վերհուշի կանչով, Ներսեսին ամենայն հայոց կաթողիկոս ձեռնադրելու դրվագով, կսկսի ծավալվել բուն պատմությունը: Նույն բանտային միջավայրում: Փշածածկ ցանկապատակտորների դինամիկ ու դիպուկ ձևափոխություններով, բեմառաջքի վանդակապատ գետնախորշի` պալատական որոգայթների աներևույթ ոստայնի, գործոնի իմաստալից ակտիվացմամբ, վերհուշի և իրականության մեջընդմիջվող փոխներթափանցմամբ: Հունական կամ շեքսպիրյան բարձր, խորախորհուրդ ողբերգությունների հնչեղության հայտով մեկնարկած ներկայացման հետաքրքրաշարժությունը ի սկզբանե սրվում է, կլանում բեմական անցուդարձի տիրույթում: Բախտորոշ միջադեպերին անսեռ արարածների մունջ կամ ծաղրաքրքիջ մասնակցությունը նրանց մոյրաների` ճակատագրի աստվածուհիների կամ Քրոնոսի հավիտենական ոգիների նշանակություն է տալիս: Գուցե փորք-ինչ չափազանցված` հաճախակի հայտնություններով: Բայցև` հիմնականում արդարացված` կատարվող իրադարձությունների առեղծվածային տրամաբանությամբ: Ասենք, ինչպե՞ս կարող է արքունի զինվոր ու սենեկապետ Ներսեսը, արքայական գավազանի մի հարվածով կամ տվյալ պահի հրամայականով, հոգևոր առաջնորդ, առավել ևս` Ներսես Մեծ դառնալ, երբ լի է ռազմի կորովով, գինարբուք ու հարճեր է երազում: Դերասան Ալբերտ Սաֆարյանը, իհարկե, չի խնայում կատարողական ողջ ներուժը իրեն հատկացված բեմական նեղլիկ տարածքում համոզչականություն հաղորդելու համար իր հերոսի բռնի կերպարանափոխությանը, հստակվող երկվությանը: Մեծ հաջողությունների հասնելով սևասքեմ պարտականությունների գերակատարմամբ, այդուհանդերձ, նրա Ներսեսը սև սքեմի տակ խաչաձև սուր է կրում փայփայանքով` ի վերջո, թող որ ակամա, աղտոտելով այն Հայր Մարդպետի գարշելի արյամբ: ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանի Հայր Մարդպետը… Կորամեջք, նենգամիտ, ամբարտավան այս բանսարկուն դյուրությամբ սողոսկում է փակ դռներից ներս: Հնարագետ խորամանկությամբ իրեն հարկավոր արարքների է մղում նշանառության տակ առնվածներին: Բարեկամի դիմակով աննկատ պղտորում անխտիր բոլորի մտքերը, իրար դեմ լարում` որպես հաղթանակի խորհրդանիշներ բազմեցնելով կործանվածների գանգերը երևակայական ազատ քաղաքի ցանկապատների վրա: Ճարպիկ լարախաղացի նման իր նրբահյուս ցանցերի մեջ խճճում առանց այն էլ փլուզվող հիերարխիան: Որքան բնորոշ է թագախաղի տեսարանը, որով ակամա գայթակղվում է մի պահ գահի հնարավոր հավակնորդներից ազատվելու տենչով բռնված արքան: Բեմառաջքի գետնախորշի գլխավոր արարողապետը լինի կարծես, Հայոց երկրի ստվերային տիրակալը: Դերասանի գունեղ նույնացմամբ խաղացած կերպարի էության հետ` առանձնակի կարևորություն ստացած այս անշրջանցելի տիպի աներևույթ ներկայությունը մշտառկա է բեմում: Չնայած այս «ծեր աղվեսն» էլ ապահովագրված չէ մահվան թակարդում շունչը փչելուց, բայց իրենով հաստատված ոճրաշաղախ միջավայրի ռեալականությամբ ոչնչացնող կասկածի թուխպով է պատում «ազատ» քաղաքի երբևէ կառուցման առասպելը: Քանզի չի նվազել այս տիպի դարավոր կենսունակությունը: 2. Դատապարտված առասպելը Մի կարևոր հանգամանք: Որքան էլ բեմադրիչը ջանում է պատմական փաստերի խորիմացությամբ կառուցել կերպարների նկարագրերն ու հարաբերությունները, պիեսում առկա կամայական վերաձևումների առատության բերումով ի զորու չէ պահպանել նույն փաստերի հանրահայտ արժանահավատությունը: Հարգելով այսօր արդի հայ դրամատուրգիայի առաջատարի կարգավիճակում գտնվող վաստակաշատ Պերճ Զեյթունցյանի գրական մեծարված շնորհները` ստիպված եմ խոստովանել, բարձաձայնել, որ վիճահարույց է երկիրն ապրեցնող ազատ քաղաքի գաղափարի Արշակավանի մոդելին տրված նշանակությունը, գերուռճացված: Հանդիսատեսներից շատերի պատմական հիշողութ յան մեջ հայոց այս արքան միանգամայն այլ նկարագրով է դաջված, հայկական հողից նրա ստացած գերբնական ուժը խորհրդանշող «Արշակ և Շապուհ» առասպելին և թագավորության իրապատում բովանդակությանը հարիր, պատկառանք ու հավատ ներշնչող: Հրապարակախոսական պոռթկուն, աֆորիստիկ գրչով շարադրելով «ուժ, անկախություն, միասնություն» հիմնասյուների վրա վեր խոյացվող իր քաղաք-պետության առասպելը` համազգային այդ մշտակայուն երազանքի իրականացման ռեալականությունն է բացասում: Գողերի, ավազակների, արյունապարտների, մարդասպանների, բարոյալքվածների խաժամուժով անհնար է երկրի անվտանգությունն ու մարտունակությունը հուսալիորեն բարձրացնել, եթե նույնիսկ նրանք վայելում են աջակից բարեհաճությունը արքայի, ով հուսալի պատվար էր տեսնում հատկապես տերերից դժգոհ ծառաների հավաքական ուժի մեջ. «…Հարյուրավոր մարդիկ են փախել Արշակավան: Նույնիսկ իմ ծառաներից շատերը… Հիմա նրանք իմ դաշնակիցներն են… Եթե երկու ատող կողմեր իրար միանան… աշխարհ շուռ կտան… Ի¯նչ Հռոմ, ի¯նչ Պարսկաստան»: Եվ գուցե իրերի տրամաբանությանն ավելի հարիր է այս թյուր համոզման իսպառ բացակայությունը նախարարների հետ Արշակի հանդիպման վերհուշի տեսարանում, որում թուլակամ Վաչակի արքայանկրտումների ցնորամոլության դրսևորումներում կերպարային աշխույժ գույներ է բերում Անդրանիկ Զաքարյանը: Հատկանշական է, որ Արշակի դերակատարը (Տիգրան Ներսիսյան) վերհուշի դրվագներում չի ազատագրվում ձեռնաշղթաներից: Խոսուն իմաստային հավելում, որ հանգեցնում է մի պարզ եզրակացության. ինքնահաճո դաժանությամբ ու միահեծան ցինիզմով «փոքր երկրի երիցս անիծված» այս արքան ի°նքն է կռում ու կոփում իր շղթաները, խորացնում ներքին պառակտումը մինչ սեփական գահընկեցություն: Եվ Արշակավանի անհեթեթ կառուցման հրամանն ունենում է ոչ թե երկիրն ամրապնդելու փրկարար ծրագրի, այլ արքայական չարաղետ քմահաճույքի արժեք: Միակ հավատարիմ ծառային (Կարեն Ջանգիրով) անկեղծության հազվադեպ պահերին ուղղված «Ի՞նչ եղավ, ի՞նչ հասկացար, Դրաստամատ» ռեֆրենային արտահայտությունից միանգամայն հետևում է սեփական տաքգլուխ որոշումների թերկանխամտավածութ յունը: Պարսկասեր ու բուզանդասեր նախարարների ձգած-ամրացրած արքայական ձեռնաշղթաներով ճնշվող հասարակ ժողովուրդը թերահավատորեն փրկություն է փնտրում Արշակավանում, որի տված ենթադրյալ ազատության սահման-ցանկապատը խաչելության արժեք է ստանում, անմարդկային, տանջալից տառապանքի դատապարտելով` անժամանակ խզում Բաբիկի (Նարեկ Հայկազյան) ու Աշխենի (Ծովինար Մարտիրոսյան) սիրո երգը: Ժլատ խոսքով և ժողովրդական մեղեդու տխրատամուկ զգացողություններով մտահղացված արշակավանցիների «ազատ» կեցության թատերակտավներում այնքան նրբանկատորեն է արտացոլված առասպելի իրական պատկերը, որ իմաստային լրացուցիչ հավելումների կարիք չի զգացվում: Առհասարակ տպավորիչ են մասսայական բոլոր տեսարանները, մանրակրկիտ հղկված ու թատերայնորեն նպատակամետ: Խաղարկման տոնայնության հազվադեպ խախտվող միակերպությունը զգալիորեն գունազրկում է Ներսիսյանի Արշակի արքայական նկարագիրը (մասամբ` պիեսով պայմանավորված) հատկապես վերհուշի հատվածներում: Ամենատպավորիչը Գնելի ենթադրյալ սպանությունից հետո գանգուտեստ խնջույքի տեսարանում Փառանձեմին (Նելլի Խերանյան) ամուսնութ յան առաջարկ անելու դրվագն է` նույն դողէրոցքով բռնված երկու հակոտնյաների գիտակցված դաշինքի արտասովոր կայացումը: Գնելին Շահապիվան ճանապարհելու էլեգիական շնչով հագեցած հրաժեշտի ծեսին, ամուսնուն մահվան անտարակույս որոգայթից հետ պահելու անզորությունից ծնված վրեժխնդրության մոլուցքով բռնված Փառանձեմը դառնում է իր կողմից «ստրկամիտ, ոճրագործ ներքինի» որակված Արշակի կինը: «Վերջին վարձակի նման»` ինչպես սպառնացել էր երկրի գլխավորի°, այլ ոչ ատելի Արշակի հրամանին գիտակցաբար ենթարկվող Գնելին` չմեղմելով ընդդիմադիր ցասումը հուժկու սիրառատ գրկախառնություններով, հակասելով իր իսկ հայրենասիրական դավանանքին: Անսալով նաև իրենում եռացող փառասիրության թելադրանքին: Խերանյանի Փառանձեմի մեջ ցայտուն նկատելի է իր կանացի բարեմասնությունների արժեքն իմացող ու նպատակասլաց գործադրող փառատենչ կինը: Պատմությունից մեզ փոխանցված Հայոց թագուհու նկարագրից էապես տարբեր` նույնիսկ Օլիմպիայի (Ալլա Վարդանյան) և Որմիզդուխտի (Ռուզան Հախնազարյան) հետ բեմական առնչություններում: Ի դեպ, վերջինս ներկայանում է որպես հպարտ, շենշող, արքայափայլ մի մոգուհի: Չնայած դա չի նպաստում այս երեքի զուտ կանացի հակամարտությանը գահակռվի լիարյուն նշանակություն տալուն: 3. Ասք ապագայի հուսաշող Արշակավանի մասին Արշակավանի առասպելի իսկական հավատավորն ու կայացնողը, ըստ Զեյթունցյանի, դառնում է Գնելը` մեռնելով որպես գահի հավակնորդ նախարար, հարություն առնելով` «ազատ» քաղաքի գաղափարակիր շինարար: Այս կերպարի վերափոխումը պիեսի հեղինակի կողմից նախապատրաստված է: Հայեցի կերպարների խորքերը վեր հանելու իր դերասանական վարպետությունը Լեռնցի հովիվով («Մեր բաժին ուրախությունը»), Հովհաննեսով ու Խաչատուրով («Ծիրանի ծառ»), Հեղինակով («Ոտքի°, դատարանն է գալիս») քանիցս հավաստած Սամվել Փիլոյանը կարողանում է միս ու արյուն ներարկել հայկական ամուր պետականության ջատագով ու նվիրյալ այս Գնելի բեմական նկարագրին ևս: Հոգևոր էներգիայի համակենտրոնացմամբ, հերոսի կերպարի հստակ ընկալման սահուն տեմպերամենտով, որդեգրած հավատամքի իրագործման անսեթևեթ վճռականությամբ: Բնութագրական է Արշակավանում ապաստանած Գնել-Փիլոյանի և Փառանձեմի հետ ամուսնանալուց հետո միայն նրան այցի եկած Արշակ-Նեսիսյանի առաջին հանդիպումը: Իրենց բաժանող ցանկապատի կտորների վերադասավորումով ընդհանուր համաձայնության գալը` ի զարմանս նենգամիտ արքայի: Գնելը դառնում է դրության տերը` «վերջիվերջո սա երկիր պիտի՞ դառնա» գլխավոր մտահոգության ուղեցույց վարքագծով: Արժանապատվորեն ընդունելով Փառանձեմից զրկվելու անսպասելի բոթը` Փիլոյանի Գնելը տառապալից հպարտությամբ վերջնականապես ջնջում է իր անցյալը ու տրվում անանձնական հոգսերին: Փառանձեմի հետ նոր հանդիպումը փոքր-ինչ խախտում է հոգեկան անդորրը, բայց ընտրած փշոտ ճանապարհից շեղել չի կարողանում: Համաձայն եմ դրամատուրգի հետ: Հայրենիքը այս Գնելի նման անկոտրում նվիրյալներով միայն կարելի է կառուցել ու ամրապնդել: Բայց… ոչ միայնակ: Որքան էլ ինքնակիզմամբ վերապրի իր Գնելին վիճակված առաքելությունը Սամվել Փիլոյանը, միևնույն է, չի կարող պիեսի գաղափարական երերուն հիմքերը կենսական տրամաբանությամբ շարակցել ու ամրապնդել: Այս գիտակցությունից դրդված էլ գուցե Զեյթունցյանը ազատ քաղաքը ամայի տափաստանի վերածվելու է դատապարտում` դրա շուրջ հյուսած անավյուն, սոսկ գրողական իր անուրջի ծնունդ առասպելին այնուամենայնիվ ապրեցնող հզոր լիցքեր վերապահելով: Ակնհայտորեն անիրականանալի: «Սրբավայր է դարձել ամայի տափաստանը… - Իմ ազատ քաղաքի գաղափարից է հառնելու այս երկիրը… Թող ես մեռնեմ այս գարշահոտ զնդանում, բայց ես հո°ւշը ստեղծեցի, հո°ւշը… - Դու հանդգնեցիր առաջ անցնել ժամանակակից, արքա»: Մանկամիտ երազկոտության արժեք ունեն համանման եզրահանգումները, պատմական իրականության փաստերին, անգամ հանրածանոթ ուրիշ ասքերին ոչ մի կերպ չմերվող: «Սրով, սխալով, ճշմարիտով, ամեն ինչով պետք է կառուցել» պատգամը քիչ թե շատ մտածող հանդիսատեսի բացահայտ տարակուսանքը միայն կարող է հարուցել` թուլացնելով ներկայացման խոհազգացական ընկալման ողբերգականությունը, համազգային պատմական արատներն արմատախիլ անելու անհրաժեշտության գիտակցությունը: Անհապաղ: Ապա թե ոչ` ներկայացման պատկերազարդ լավատեսական ավարտը` ցանկապատների կտորներից դերակատարների կազմավորած ծավալուն թագի խորքից գահատախտակամածի վրա վեր բարձրացված արքայի ձեռնաշղթաների զրնգուն անկումով, սև պաստառներին գծագրված հարսնացած ծիրանենիներով XXI դարում երկրի գոյությունը, հարատևությունը վկայող արթմնի երազի, նվիրական անիրականանալի փափագի կարգավիճակում կմնա մշտապես` սասանելով ապագա կեցության հիմքերը: Իրատես լինենք, խստահայաց վերլուծենք մեր պատմական անցյալը, երկրի կառուցման խորազննին մտածված ծրագրեր մտահղանանք և համազգային ջանադրությամբ կյանքի կոչենք, որպեսզի այսօր մեզ IV դարից բաժանող նույնքան ժամանակ հետո իրապատում կենսաբուխ առասպելներով ոգեշնչենք սերունդներին` իրենց անուրանալի գեղեցկությունը գործնականում հաստատած գեղեցիկ գործերով, ազգային միավորող ընդհանուր գաղափարախոսության դրոշի ներքո համերաշխ և արժանապատիվ միասնությամբ: Ճշմարիտ հայասեր հանդիսատեսներից շատերին է համանման խորհրդածությունների մղում «Արշակ թագավոր» նորաոճ թատերընթերցումը` Մայրությունից բռնի, անփույթ կամայականությամբ զրկվող Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմից: Չունենալով անզուգական Արտիստ Խորեն Աբրահամյանին համահավասար որևէ դերակատար` Վահե Շահվերդյանը մեծ ռիսկի է դիմել: Եվ, ի զարմանս «Ավերված քաղաքի առասպելը» ներկայացման տպավորության հուշը պահպանողների, մասամբ ապավինելով թատերասերների համակրանքը վայելող ու բեմական հմայքով օժտված, իր իսկ ջանադրությամբ բացահայտված առկա սերնդի կերպավորման ներուժին, կարողացել է տաղանդավոր խորաթափանցությամբ առավելագույնս կենտրոնացնել ողջ դերասանախմբի կատարողական հմտություններն ի նպաստ մոտ 30-ամյա դրամայի արդիաշունչ ներկայացման կառուցիկ, նորահայաց վերամարմնավորման: Հաջողել է հասնել նաև բարենպաստ ստեղծագործական համախմբող միջավայրի կազմակերպմանը: Գրեթե չի զգացվում չինովնիկական «բարեփոխման» ակնհայտորեն անձնավորված տխրահռչակ պայթյունի բարոյալքող հյուծիչ ազդեցությունը: Տարօրինակ է, որ Մայր բեմի գեղարվես տական նկարագրի բարձրացմանը, իբր, միտված հանկարծահնար գեղխորհրդի «կոնցեպտուալ» մոտեցումներում անտեսված է նորաստեղծ ներկայացման ամրապնդումը գործնականում: Խաղարկման հաճախականությամբ այն կհասնի բեմադրական յուրատիպ մտահղացման թատերակենդանացման լիարյուն ավարտունության: Անպայման: Վստահ եմ` նկատելիորեն հղկված երրորդի անմիջական ներգործությամբ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ