ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Ռաիսա ՄԿՐՏՉՅԱՆ. երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի «Կյանքն անչափ հետաքրքիր է» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Համատեղել երգը, որը շատ եմ սիրում: Սիրում եմ նաև լինել տանը` որպես մայր, որպես կին: Արվեստում պետք է գործես ամբողջ նվիրումով: Եվ դա ինձ հաջողվել է, որովհետև ծնողներս շատ են օգնել, մորս ներդրումը մեծ է ընտանիքիս կայացման գործում: Անչափ դժվար է. ամեն ամուսին չէ, որ կհանդուրժի, որպեսզի իր կինն անընդհատ փորձերի լինի, երեկոյան զանգահարեն հաջորդ օրվա կամ էլ, ասենք, մի քանի օր հետո արտասահմանում համերգների համար պայմանավորվելու: Այսինքն, ամեն վայրկյան դու պետք է պատրաստ լինես և տանն էլ քեզ պետք է սատարեն, այլ ոչ թե նյարդային իրավիճակներ առաջացնեն: Կարևոր է ամուսնու` ընդառաջող լինելը: Նա պետք է հասկանա, որ դու սիրում ես այդ կյանքը և պետք է լինի քեզ ընկեր` միայն օգնողի կարգավիճակով: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Միա°յն հայ: Բայց այլ համակրանքներ` ունեմ: Շատ սիրում եմ իսպանացիներին, իտալացիներին. իրենք խառնվածքով մեզ շատ նման են: Աշխարհի տարբեր երկրներում նրանց հետ շփվել եմ. շատ ավելի ջերմ, անմիջական և անկեղծ են: Դուր են գալիս նաև արիստոկրատ խառնվածք ունեցող ազգերը, բայց դա մերը չէ. մենք գենետիկորեն տարբեր ենք մյուսներից: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, որն այժմ կբարձրաձայնեիք: - Եթե նկատել եք, ընդհանրապես չեմ սիրում իմ անձնականը բարձրաձայնել. դա իմն է: Չնայած, հիմա հակառակն է ընդունված. մի փոքրիկ բանից «դեղին մամուլ» կոչվածը սենսացիա է ստեղծում: Ինչ-որ մեկի հեղինակությունը արհեստականորեն բարձրացնելու, նրա հանդեպ հետաքրքրությունը սրելու նպատակով այդ հնարքն են կիրառում: Դա արտասահմանում էլ կա: Կարգավիճակը ու հեղինակությունը պահելու պայքարը միշտ առկա է. հեշտ չէ, քանի որ օրեցօր նոր մարդիկ են մեջտեղ գալիս, և դու անընդհատ պետք է լինես լավ «մարզավիճակում»` կամ քո տեսակով պետք է լինես անհատականություն, կամ էլ անձիդ շուրջ աղմկարարություն ստեղծելու միջոցներով դիրքերդ պահպանես: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Կյանքի իմաստը, որովհետև որքան էլ մտածում ես, միևնույնն է, դժվար է ասել` գտե՞լ ես այդ իմաստը, թե` ոչ: Ամեն մեկը մի առաքելությամբ է աշխարհ գալիս: Ամենքն էլ, անկախ` թե որ ոլորտում ինչ դիրք են զբաղեցնում, պետք է շատ լավ կատարեն իրենց գործը: Եվ դա է, երևի, կյանքի հավասարակշռությունը պահպանելու երաշխիքը: Ինձ թվում է, որ միայն բարությունն ու գեղեցկությունն են կյանքում առաջատար: Այնքան բաներ կան, որ մեզ համար անհասկանալի են. շատ հարցականներ հաճախ անպատասխան են մնում: Եղել են փիլիսոփաներ, ստեղծագործողներ, ովքեր իրենց կյանքը ինքնասպանությամբ են ավարտել. կյանքի իմաստը չեն հասկացել: Բայց այնուամենայնիվ, կյանքը անչափ հետաքրքիր է, և ինչքան մեծանում ես, այն ավելի է հետաքրքիր դառնում: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ` սիրելի անեկդոտը: - Առաջին բեմելս էր բավական հետաքրքիր պատմություն: Կոնստանտին Օրբելյանը Բելլա Դարբինյանի հետ կոնֆլիկտ էր ունեցել, իսկ Կրեմլում հայաստանյան օրեր էին լինելու, և նրա ղեկավարած նվագախումբը մեներգչուհի չուներ: Այդ ժամանակ ես դեռ կոնսերվատորիայի առաջին կուրսում էի սովորում: Երևան վերադառնալով` նա ասաց, որ մեներգչուհին ես պետք է լինեմ: Ես Բելլայի երգերը նրա իսկ տոնայնության մեջ սովորեցի: Օրբելյանը ցուցում տվեց, որ զգեստս պետք է երկարաթև լինի և փակ վզով: Քանի որ փարթամ մազեր ունեի, որոշեցի մեջքի բացվածքը խորը թողնել: Արագ կարվեց արծաթագույն այդ փայլուն հագուստը: Դուրս եկա, սկսեցի երգել չեխական ստեղծագործութ յունը և զգացի, որ կոշիկիս կրունկը խրվել է բեմի տախտակների արանքում: Սկսեցի օորորվել, ամբողջ միտքս շեղվեց, կորցրեցի կուպլետային զգացողությունը, որովհետև կատարման ողջ ընթացքում միայն մտածում էի, թե ո՞նց եմ հեռանալու բեմից: Շրջվում եմ, որ Օրբելյանին ասեմ եղելությունը, նա զարհուրած է. «Այդ ի՞նչ ես արել, ես քեզ ասել էի»: Ես էլ պատասխանեցի. «Բայց դուք ինձ մեջքի համար չէիք ասել»: Մի խոսքով` կռացա, կոշիկս կրունկից պոկեցի, կաղալով հեռացա բեմից: Դրանից հետո ես երկու տեսակ բեմական կոշիկներ եմ օգտագործում: Վախը դեռ մնացել է մեջս: - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ: - Ես աներևակայելի գեղեցիկ, հրաշք մանկություն եմ ունեցել: Ծնվել եմ Սևանում` տատիս, պապիս տանը, պատերազմի տարիներին: Այն ժամանակ Սևանի կղզին իսկապես կղզի էր, և «Միկոյան» նավն այնտեղ էր: Տատիկիս հետ կապված հուշերը միշտ հետս են: Իմաստուն կին էր, նրա կատակներն էլ ուրիշ էին: Երգերը. մեղմ ձայն ուներ և շատ գեղեցիկ կատարում էր մեր հայկական թախծոտ երգերը: Մինչև հիմա հիշում եմ նրա պատմած հեքիաթները: Մենք մեծ այգիով երկհարկանի տուն ունեինք, որի դիմաց անմիջապես «ծովն» էր: Նստում էինք պատշգամբում, գորտերի կռկռոցն էր լսվում, իսկ մեր դիմաց արծաթագույն ջրե գորգն էր, որի ալիքներում լուսնի և աստղերի շողքն էր արտացոլվում: Այդպիսի տեսարան արդեն չկա, և այդպիսի զգացողություն այլևս չեմ ունեցել: Պիոներական ճամբար էլ առաջին անգամ տատիկս տարավ, իսկ ես շատ ակտիվ էի և° պարում էի, և° երգում էի: Հայրս զինվորական էր և պատերազմից վերադառնալուց հետո էլ շարունակում էր ծառայությունը: Մեր ընտանիքը ստիպված էր հաճախ բնակության վայրը փոխել: Դպրոցի ամառային արձակուրդներին ինձ ու եղբորս ուղարկում էին տատիկիս և պապիկիս տուն: Այդ օրերի սինձ հավաքելը, կալը, խնոցի հարելը, սեպերատորով կաթ զտելը, ընդհանրապես գյուղական կյանքը անմոռանալի է: Մանկությունս շատ վառ ու զվարթ էր, քաղաքի երեխան երբեք դա չի տեսնում: Երեխան պետք է մանկություն ունենա:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ