«Տիկ-տակ… տիկ-տակ…»


Երիտասարդ թատերաբեմադրիչների հանրապետական III փառատոնի առաջին ներկայացման` Նարինե Գրիգորյանի բեմադրած «Օրիորդ գեներալ» իտալական հեքիաթի տպավորությամբ հայտնվելով Ազգային պատկերասրահի նորաբաց ցուցահանդեսում` յուրովի հեքիաթային գույներով եմ ընկալում պատկերասրահի հավաքածուի ընտրանին կազմող մոտ 4 տասնյակ ցուցանմուշները` XVIII-XX դդ. բուխարու, սեղանի, հատակի, գրպանի և ճամփորդական ժամացույցների օրինակները: «Տիկ-տակ… տիկ-տակ» ` տարբեր հնչեղությամբ ձայնելով դեպի իրենց են կանչում, տարանյութ ու բազմաֆիգուր կազմվածքով ու գեղարվեստական մշակմամբ երբեմնի տերերի կյանքում ունեցած դերիմաստից խոսում կամ բազմանշանակ լռում: Ասենք, իրենց ծննդյան վաղնջական օրերին խոսելու կարիք չեն էլ ունեցել: Առաջինը` հողի վրա գծված շրջանի ու դրա կենտրոնում ամրացված ձողի միջոցով, ծառայել է արշալույսից մինչ մայրամուտ արևի ընթացքի պահերը որոշելուն: Մարդկային քաղաքակրթության զարգացմանը զուգահեռ, ըստ անհրաժեշտության, ժամանակացույցի բազում այլ ձևեր են գտնվել` ջրի, ավազի, ստորգետնյա: Ապա ի հայտ են եկել ինտերյերի կոնկրետ հատվածի, հասարակության որոշակի խավի, յուրահատուկ կիրառության համար նախատեսվածների տարատեսակները: «Տիկ-տակ… տիկ-տակ»` ցուցահանդեսի նմուշները, ստացվելով, 1924-ից սկսած, Լենինգրադի ու Մոսկվայի թանգարանային ֆոնդերից, լրացվելով Գարեն Սողոմոնյանի հավաքածուից ներառվածներով, գերազանցապես շքեղ ապրելակերպի պերճախոս վկայություններ են: Կլասիցիզմի, բարոկոյի և ռոկոկոյի գեղարվեստական անդրադարձներով ուշագրավ, ֆրանսիական ու գերմանական հնամենի վարպետների արհեստավարժությամբ` դիցաբանական սյուժեներով մտահղացված տարատեսակ զարդարուն ժամացույց ներից միայն երկուսի հեղինակներն են հայտնի: Ամենաբնութագրականը Պիեռ Ֆիլիպ Տոմիրի (1751-1843) «Կորիոլանուս և Վոլումնիա» (մոտ 1810 թ., Ֆրանսիա) բուխարու մեծածավալ ժամացույցն է` բազմեցված արվեստաոճ պատվանդանի վրա, նույն վարպետի ժամացույցի նախագծի կողքին: Հիմնականում համաոճ հայելիներն ու պատվանդան ները նպաստում են բոլոր ցուցանմուշների առանձնակի ուշագրավությանը` միասնաբար արտացոլելով ժամանակի հետաքրքրություններն ու գեղագիտական ընդհանուր մտածողությունը: Նաև` յուրովի նախանշում են դեկորատիվ-կիրառական արվեստի պատմական փոփոխությունների ցայտուն արտահայտիչները հանդիսացող ժամացույցների գեղաքանդակ, սյուժետավորված տեսակներից անցումը դեպի գիտության ու տեխնիկայի նվաճումներով առավել հագեցվածներին: «Տիկ-տակ… տիկ-տակ»` շարունակում է հոսել ժամանակը, քանի դեռ Երկիր մոլորակի վրա գոյատևում է մարդկությունը: Եվ եթե խելահեղ սպառազինությամբ ու ամենակուլ արյունալի հակամարտություններով չամայանա, ժամանակացույցի նորանոր ձևաոճավորումներ կստեղծվեն, որոնցում որոշակիորեն կարտացոլվի տվյալ կենսափու լի էությունը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ