Անտառները կորցնելու վտանգին հանդիման 


Պաշտոնական տվյալների համաձայն 2004-2014 թթ. Հայաստանի Հանրապետությունում շուրջ 31,500 հեկտար տարածքում անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել:

2015 թվականի հունիսի 18-ին «Գլոբալ» էկոլոգիական հիմնադրամի կողմից հաստատված` «Հողերի և անտառի կայուն կառավարման ներդրումը հյուսիսարևելյան Հայաստանի չոր լեռնային լանդշաֆտներում» ծրագրի շրջանակում նախատեսվում է 2015-2019 թթ. Լոռու և Տավուշի մարզերում վերականգնման աշխատանքներ իրականացնել 4600 հեկտար անտառային տարածքներում:

Թվերը` թվեր, բայց անզեն աչքով էլ երևում է, որ Հայաստանում անտառապատ տարածքները աճելու փոխարեն նվազում են: Մասնագետները նույնիսկ ահազանգ են հնչեցնում, որ անտառները կորցնելով մենք կորցնում ենք էկոհամակարգերը, որը վերականգնելը եթե ոչ անհնարին, ապա բավական բարդ խնդիր է: Հայաստանը կլիմայի գլոբալ տաքացման արդյունքում կարող է լուրջ փորձության ենթարկվել: Ուստի այսօրվանից պետք է ամեն ինչ անել` գլոբալ տաքացման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար: Ի՞նչ վիճակում են այսօր Հայաստանի անտառները, և ընդհանրապես հնարավո՞ր է, որ անփույթ ու անտարբեր վերաբերմունքի արդյունքում «վաղը» կանգնենք դրանք կորցնելու վտանգի առջև: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը կենսաբանական գիտությունների թեկնածու, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի անտառային ծրագրերի համակարգող Արթուր ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:

- Ձեր կարծիքով այսօրվա դրությամբ ի՞նչ վիճակում են մեր կանաչապատ տարածքները, անտառները:

- Հայաստանի նման լեռնային երկրի համար անտառը շատ լուրջ հողապաշտպան, հողմապաշտպան, կլիմայակարգավորիչ և այլ շատ կարևոր դերակատարություններ ունի: Թեև անտառի դերը շատ կարևոր է, բայց, ցավոք, Հայաստանը դասվում է սակավանտառ երկրների շարքին, որտեղ անտառապատվածության ցուցանիշը չի գերազանցում 11, 2 %-ը: Անտառների արդի վիճակի վրա մեծ ազդեցությունն ունեցավ 90-ականների էներգետիկ ճգնաժամը, անտառները զգալի անտրոպոգեն ազդեցության ենթարկվեցին` մեծ ծավալով անտառահատումներ տեղի ունեցան: Առաջացած խնդիրներն այսօր պայմանավորված են և´ քանակական, և´ որակական փոփոխություններով: Բացասական փոփոխություններից է նաև հիմնական ծառատեսակները շատ դեպքերում երկրորդական ծառատեսակներով փոխարինելը: Այսինքն` տեղի ունեցավ անցանկալի տեսակափոխություն: Բացի այդ, անտառային շատ տարածքների վերացման արդյունքում մենք այսօր ունենք նաև հողերի դեգրադացիայի` էրոզիայի խնդիրներ: Իհարկե, դրան զուգահեռ մենք ունենք նաև կենսաբազմազանության պահպանության հիմնախնդիրներ:

- Ձեր թվարկած խնդիրներն այնքան շատ են, բայց ասացիք` անտառներում տեսակների փոփոխության խնդիր կա նաև: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դա` անտառի պահպանման, աճի և զարգացման վրա:

- Օրինակ կաղնեբոխուտային համակեցություններում մշտական հատումների արդյունքում կաղնին զգալիորեն նվազել է և փոխարինվել է բոխի ծառատեսակով: Բոխին նույնպես կարևոր ծառատեսակ է, սակայն կաղնու նման արժեքավոր չէ: Այսինքն, տեղի է ունենում անցանկալի տեսակափոխություն: Բացի դրանից, անտառահատումների արդյունքում վեգետատիվ ծագման ծառերի քանակն է ավելանում, ինչը հանգեցնում է անտառների տեխնիկական հատկությունների նվազման և անտառի որակական այլ ցուցանիշների իջեցման: Խնդիրը ոչ միայն այն է, որ ինչ-որ ծառ է հատվում, այլ այն, որ որակական փոփոխություններ են տեղի ունենում:

- Իրավիճակը շտկելու համար ի՞նչ է պետք անել:

- Դա լուրջ մտահոգություն է: Առաջին հերթին պետք է ավելացնենք անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները: Դրանք իրականացնելու համար ֆինանսներ են հարկավոր, բայց հիմնականում դրանք կամ չկան, կամ էլ չեն տրամադրվում: Ուստի մենք պետք է համատեղ ուժերով, բոլորս միասին անտառապատման և անտառվերականգնան աշխատանքներ իրականացնենք:

- Իսկ ապօրինի հատումնե՞րը: Մինչև մի ծառ է տնկվում, խնամվում, դրա փոխարեն մի քանի հաստաբուն ծառ է ոչնչացվում:

- Անտառահատումների բացասական հետևանքների նվազեցման միակ միջոցը անտառապատումն է և անտառվերականգնումը: Մենք պետք է զբաղվենք նաև մոնիթորին գի համակարգի մշակմամբ և կատարելագործմամբ: Ի՞նչ է սա նշանակում: Ապօրինի հատումների մասին մենք պետք է շատ ավելի արագ տեղեկանանք, քան տեղեկանում ենք հիմա: Դրանք հայտնաբերելու համար պետք է կիրառվեն նաև ժամանակակից տեխնոլոգիաներ` անօդաչու սարքեր, արբանյակային պատկերների վերլուծություն և այլն: Ես գիտեմ, որ Հայաստանում այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, որոնք կրկին ֆինանսական ռեսուրսների առկայությամբ են պայմանավորված, բայց ինչքան արագ մենք տեղեկանանք ապօրինի հատումների մասին, այնքան ավելի արագ կարող ենք այդ հատումների կանխարգելման միջոցառումներ իրականացնել: Երրորդ կարևոր խնդիրն այն է, որ պետք է բարձրացնել անտառային ոլորտի մասնագետների սոցիալական պաշտպանվածության մակարդակը: Ակնհայտ է, որ անտառային ոլորտն ամենաբարդ և ամենապատասխանատու ոլորտներից է և այստեղ աշխատավարձերի ցուցանիշները պետք է լինեն համապատասխան: Այսինքն, պետք է անտառային ոլորտի մասնագետների վարկանիշը բարձրացնել:

- Ինչո՞ւ մեզանում չի կայանում բնապահպանության ոլորտը: Առաջին հայացքից դրա կայացման համար բոլոր նախադրյալները կան` գերատեսչություն ունենք, ՊՈԱԿ-ներ ունենք, պետբյուջեից գումարներ ենք ստանում, հաշվետվություններ ենք ներկայացնում, բայց տպավորությունն այնպիսին է, որ իրականում որևէ տեսանելի օգտակար գործ չի իրականացվում: Այդ ոլորտի ՕԳԳ-ը բավական ցածր է, եթե չասենք` զրոյական:

- Գերատեսչությունները, ի դեմս պետական մարմինների, իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեն: Այլ հարց է, որ մենք բոլորս պետք է հասկանանք նաև` անտառի պահպանությունը հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար էլ է կարևոր: Եթե առկա է գործազրկություն, եթե էներգակիր ների գինը շատ բարձր է, ապա բնական ռեսուրսները` առաջին հերթին անտառները, զգալի վնասներ են կրում: Հարցն այն է, որ մենք պետք է այլընտրանքային եկամուտի աղբյուրներ ստեղծենք համայնքների բնակիչների համար, այն մարդկանց համար, ովքեր ներգրավված են ապօրինի անտառահատումների գործողություններում: Պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդիկ կարողանան այլ էներգակիրներ, օրինակ, գազ, արևային էներգիա օգտագործել: Շատ հաճախ համայնքում կա գազ, բայց մարդիկ շարունակում են փայտ վառել, քանի որ այն ավելի էժան է:

- Ստացվում է մի ամբողջ շղթա, որտեղ մի խնդիրը մյուսի լուծմամբ է պայմանավորված: Այդ դեպքում ինչի՞ց պետք է սկսել, քանի որ կարծես ժամանակն էլ մեր օգտին չի «աշխատում» և անտառները մեկ կամ մի քանի տարում չեն վերականգնվում:

- Ընդհանրապես բնապահպանության մեջ չկա մի խնդիր, որը լոկալ բնույթ կրի: Այստեղ ամեն ինչ գլոբալ է, փոխկապակցված: Ամեն ինչ մեկը մյուսից է կախված: Եվ եթե խոսում ենք անտառների մասին, պետք է ոչ միայն անտառների խնդիրը դիտարկենք, այլ այն ամենը, ինչը շրջապատում է անտառը: Այսինքն` հնարավոր չէ պատկերացնել, որ այս կամ այն մարմինը միայնակ, առանց մնացած կառույցների աջակցության կարող է լիարժեք իրականացնել իր գործառույթները: Նույն հաջողությամբ համայնքը ևս միայնակ չի կարողանա պայքարել այդ երևույթի դեմ: Ընդհանուր հոգածություն է հարկավոր և բոլորովին այլ մակարդակի պետք է բարձրացնել, փոխել բոլորի վերաբերմունքը անտառի հանդեպ: Եթե նույնիսկ վերցնենք ԶԼՄ-ների աշխատանքը, ապա օրինակ վերջին 10 տարվա ընթացքում քանի՞ պրոֆեսիոնալ հոդված եք տեսել, որտեղ լրջորեն վերհանվել է այդ խնդիրը: Մենք էկոլոգիական գիտելիքների մակարդակի բարձրացման խնդիր ունենք նաև: Բացի այդ, անտառի ազգային ծրագիր ունենք, որի որոշ դրույթներ իրականաց վել են, որոշները` ոչ: Օրինակ` ծրագրում նշված էր, որ տարեկան պետք է իրականացվեր 5000 հա անտառապատման/անտառվերականգնման աշխատանքներ, ինչը սակայն, չի արվել:

Հասկանալի է, որ բոլոր ոլորտների զարգացման համար էլ ֆինանսներ են հարկավոր, սակայն ճի՞շտ է արդյոք ամեն ինչ բարդել ֆինանսների վրա և անխնա եղածը վատնել ու թույլատրել, որ շահագործվող հանքերի շրջակա անտառները հատվեն:

- Երբ քննարկում ենք անտառի խնդիր, չպետք է ասենք, որ կա ինչ-որ մեկը, ով մեղավոր է, կամ ինչ-որ մեկի գործունեության արդյունքում անտառն ավելի լավ վիճակում է հայտնվում: Մենք պետք է խնդիրները քննարկենք, հետո իրատեսական լուծումներ ներկայացնենք, ապա նշանակենք պատասխանատուներ և հետո նոր պահանջենք: Արդյո՞ք այդ ամբողջ շղթան կատարել ենք և հասել այն կետին, որ պետք է մեղավորներ գտնենք: Ցավոք սրտի, մենք դեռևս ունենք անկատար մի համակարգ, որի կատարելա գործման համար հարկավոր է տարբեր գործողություններ իրականացնել: Կրթությունն էլ իր դերակատարությունն ունի: Ի վերջո պետք է հասկանանք, որ ծառի հասունացումը` տեսակից կախված, կարող է տևել տասնյակ տարիներ, և անտառներ ստեղծելով ոչ թե ներդրում ենք իրականացնում մեկ կամ երկու տարիների, այլ` ապագա մի քանի սերնդի համար:

- Իսկ խնա՞մքը: Մի կողմից ծառերը տնկվում են, մյուս կողմից չորանում կամ չորացվում են. փաստորեն և´ գումարներն են փոշիանում, և´ նպատակին չենք հասնում: Օրինակ, եթե խոսենք միայն Երևանի մասին, ապա նախկինում մայրաքաղաքը շրջապատված էր անտառաշերտով, որը քաղաքի համար բուֆերային ազդեցություն ուներ: Սակայն այն այսօր չկա, և խելահեղ քամիների պատճառով Երևանը կորցրել է իր նախկին կլիման:

- Անտառային տարածքները կլիմայակարգավորիչ լուրջ դերակատարում ունեն և ինչքան կրճատում ենք դրանք, այնքան ավելանում են բացասական հետևանքները: Ավելին ասեմ, անտառներն ունեն նաև փոշեկլանող, գազեր կլանող հատկություններ: Օրինակ` ռեսպիրատորային (շնչառական) հիվանդությունների աճ պետք է արձանագր ված լիներ: Ես դրա մասնագետը չեմ, բայց եթե տրամաբանորեն մոտենանք հարցին, ապա փոշու, գազերի ավելացման և ծառերի նվազման պարագայում պետք է, որ ավելանան նաև ալերգիկ հիվանդությունները: Անտառը մարդկության ծագման բնօրրաններից մեկն է և վերացնելով այն` կտրում ենք մարդու և բնության կապը: Հետևաբար, ինչ էլ որ անենք` առաջին հերթին պետք է կարևորենք անտառների ստեղծման հարցը:

- Երևանում գնալով պակասում են ծառերը և փոխարենը նոր շենքեր են կառուցվում: Ի դեպ, դրանք շատ դեպքերում կառուցվում են հենց բնակելի շենքերի հարակից այգիների հաշվին:

- Յուրաքանչյուր բնակելի շենք իր համապատասխան կանաչապատ տարածքը պետք է ունենա: Իմ կարծիքով` ճիշտ կլինի, որ յուրաքանչյուր կառուցապատող որոշակի կանաչ տարածքներ ստեղծելու պարտավորություն ստանձնի: Գտնվելով անապատային և կիսաանապատային գոտում` Երևանը պետք է ավելի մեծ անտառային կանաչ զանգվածներ ունենար: Եթե այսօր մտածենք կանաչ զանգվածները լոկ պահպանելու մասին, ապա դա արդեն իսկ բավարար չէ: Մենք պետք է նոր անտառներ և նոր կանաչապատ տարածքներ ստեղծենք: Շատ կարևոր է, որ դա բոլորը հասկանան, քանի որ կլիմայի փոփոխության արդյունքում առանց այն էլ եղածը ինչ-որ չափով, այսպես թե այնպես, կորցնելու ենք: Հարկավոր է այս խնդրին լուրջ վերաբերվել: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ