ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ` ՎԱՆՈՒՄ 


Մեր օրերի համար եզակի այն անհատներից է գրող, հրապարակախոս Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆԸ, ով արժանապատվորեն շարունակում է կրել մտավորականի խաչը` հավատարիմ մնալով անաչառության, իրատես լինելու իր սկզբունքներին: Առանց անհարկի աղմկարարության` իր բեղուն գրչով նա սերունդների հիշողությունն է միշտ թարմացնում: Զի հայրենասիրությունը նրա համար արյան համակարգ է, հոգու կանչ, նախնյաց պատգամի արձագանք: Գրիգոր Ջանիկյանի ստորագրությունը միշտ փնտրված է եղել, ու, բարեբախտաբար, այսօր էլ ընթերցողն անտարբեր չի մնում դրա հանդեպ: Անտարբեր չի մնում և անարձագանք չի թողնում նրա գրած կամ նրա մասին պատմող որևէ հրապարակում (ու նույնիսկ` երկտող):

Գ. Ջանիկյանի բնատուր տաղանդներից մեկն էլ անկեղծությունն է, և «Կուզենայի՞ք անկեղծանալ» խորագրին հյուրընկալելով նրան, հարկավոր էր ընդամենը զրուցել` վայելելով «Ավանգարդի» լավ բարեկամի ընկերակցությունը: Եվ երբ իմացավ, որ զրույցն այս տարվա վերջին համարում է տպագրվելու, ասաց.

- Հերթական տարին ինձ համար միշտ շուտ է ավարտվում, հետևաբար հաջորդը շուտ է սկսվում: Բնավորություն է: Երևանի մայր հրապարակի տոնածառը չլուսազարդված` ես շտապում եմ հանրագումարել անցնող տարին, ապագայի ուղենիշեր կանխագծել: Այս տարի «Ավանգարդն» ինձ կանխել է: Սիրով եմ օգտվում ընձեռված հնարավորությու նից:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Ասացի չէ՞, բնավորություն է: Ամեն գիշեր, երբ անկողին եմ մտնում, գրառում են այն ամենը, ինչ անելու եմ հաջորդ օրը: Որոշ ծրագրեր ինձ այնքան դժվարին են թվում, որ երկնչում եմ, կարծում եմ` չեմ կարողանալու իրագործել: Բայց ընթացիկ օրվա վերջում, դարձյալ անկողնում, երբ թեթևացած սրտով ջնջում եմ այն ամենն, ինչ արդեն արել եմ, ինքս իմ վեհերոտության վրա զարմանում եմ: Արվածը` մանավանդ հաջողությամբ արվածը, բնավ դժվար չի թվում:

Իհարկե, ես ունեմ իրո´ք դժվարին նպատակներ, որոնց անդրադառնալը պարկեշտ չեմ համարում: Իսկ եթե չկարողանա՞մ կամ չհասցնե՞մ իրականացնել:

- Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:

- Հայտնի է` ազգությունը, ինչպես ծնողներին, չեն ընտրում: Այդ առումով դժվար է հասկանալ նրանց, ովքեր հատկապես վերջին տարիներին, երջանիկ եզերքի ակնկալիքով արտագաղթում են: Այսինքն` ուրանում են իրենց երկիրն ու ազգությունը: Առաքինի անհատը ծնողին կուրանա՞: Անհեթեթություն է հավատալն ու հավատացնելը, թե օտարությունում էլ կարելի է հայ մնալ: Գնացե´ք Ղրիմ, Լեհաստան, Ռումինիա և կտեսնեք, որ հայահոծ համայնքներից միայն մամռոտ ու թախծոտ, լքված տապանաքարեր են մնացել: Զրուցե´ք այդ երկրների բնիկների հետ, ցանկացած երկրի բնիկների հետ, կհամոզվեք, որ նրանք հայերից ո´չ ավելի երջանիկ են, ո´չ էլ ավելի դժբախտ: Էականն այն է, որ մենք որևէ ազգի չենք զիջում մեր պատմությամբ ու հատկապես` քաղաքակրթությամբ: Անհամեստություն մի համարեք, թույլ տվեք հենց ինձնից մեջբերում անել. «Հա´յ ծնվելը երջանկություն է, հա´յ ապրելը` պարտավորություն, հա´յ մեռնելը` անմահություն...»:

- Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Կարծում եմ` արդեն գաղտնիք չէ, քանի որ իմ սերնդակիցներից շատ-շատերն են արդեն խոստովանել: Ինչպես նրանք, այնպես էլ մենք, մի խումբ համախոհներով, ընդհատակյա կազմակերպություն էինք ստեղծել և ուզում էինք խորհրդային լծից, ռուսական ուծացումից փրկել Հայաստանը, վերականգնել մեր անկախ պետականությունը: Գաղտնիքը թերևս այն է, որ մեր կազմակերպությունում, չնայած չէի խոստովանում, ամենից շատ ես չէի հավատում, որ հնարավոր է խորհրդային միապետությունը թոթափել, Երևանի մայր հրապարակում ազգային եռագույնը ծածանել:

Անցավ, սակայն, ընդամենը մի քանի տասնյակ տարի, և մենք ոչ միայն ինքնիշխան երկիր դարձանք, այլև բռնազավթված տարածքներ ազատագրեցինք:

Ուստի ոչ մի կասկած չունեմ, որ մեր մյուս` նվիրական երազանքները ևս իրականանալու են: Իմ այս հավատը ես այլևս չեմ թաքցնում, գաղտնիք չեմ համարում:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Բնությունը: Ցանկացած ծաղկի ծաղկելն իր առանձնահատուկ թույրով ու բույրով, լուսինն աստղերի շքախմբով, ամե´ն, ամե´ն ինչ: Եվ եթե, իրոք, մեր մոլորակը, մեզ, բարեգութ Աստված է արարել, որտե՞ղ է եղել 1915-ի ապրիլի 24-ին:

- Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:

- Երբ ես երիտասարդ լրագրող էի «Գարուն»-ում, ամսագրի տարածվածության պատճառով, անուն-ազգանունս հանրապետությունում բավական հայտնի էր (ինչպես գլխավոր խմբագրինը` Վարդգես Պետրոսյանինը, Մուշեղ Գալշոյանինը, Մարգո Ղուկասյանինը, մեր մյուս աշխատակիցներինը): Ուստի, ճամփորդական խունացած ջինսով, կարճթև վերնաշապիկով, հենց ներկայանում էի որևէ շրջկոմի քարտուղարի, ինձ մինչև վերջ չլսելով, տեղից վեր էր թռչում. «Դուք Գրիգոր Ջանիկյանի վարո՞րդն եք: Իսկ ինքը որտե՞ղ է, ներքևո՞ւմ, մեքենայի մե՞ջ է»: Հեշտ չէր լինում հավատացնելը, որ Գրիգոր Ջանիկյանը ես եմ:

- 2015-ը` Ձեր կյանքում, մեր երկրի համար և աշխարհում:

- Ինքս իմ ժողովրդի մի աննշան մասնիկն եմ և ոչ միայն իմ ներկան ու ապագան, այլև ապրածս ամեն ակնթարթը առանց նրա չեմ պատկերացնում: Իհարկե, անցնող տարին հուսադրող չէր: Համայն հայ ժողովուրդը նախապատրաստվեց արժանապատվորեն նշելու ազգային մեծագույն ողբերգության` ցեղասպանության 100-ամյակը, ես Ստամբուլ մեկնեցի, մասնակցեցի Ապրիլի 24-ի քայլերթին, հանրահավաքին, մոմավառությանը, բայց, այնուամենայնիվ, հաջորդ առավոտ, երբ զարթնեցի, հուսախաբությամբ համոզվեցի, որ զույգ պետականություններով, հզորազոր սփյուռքով հանդերձ, ոչնչի չհասանք: Մեր անժամկետանց պահանջատիրությունը պահանջատիրություն էլ մնաց: Հատուցման հարց չարծարծվեց նույնիսկ: Այսինքն` հարյուր տարվա մեր ճիգերն ու ջանքերը, զոհողությունները գործնական ոչնչի չհանգեցրին:

Ուստի, շնորհավորելով «Ավանգարդ»-ի ընթերցողների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ինչպես երջանկահիշատակ Գերսամ Ահարոնյանը, պիտի բարեմաղթեմ` «Հաջորդ տարի` Վանում»: