ՈՐՏԵՂ` ՈՆՑ 


Ինչո՞վ միայն չեն զբաղվում մարդիկ, և այդ զբաղմունքները հաճախ մասնագիտություն են հռչակում ու վարձատրվող աշխատանք դարձնում: Զորօրինակ.

ԳՆԴԱԿՆԵՐ ՀԱՎԱՔՈՂ. Հետևում է, որ գոլֆի գնդակները խաղից հետո չմնան խաղադաշտին հարակից տարածքներում:

ԿՈՎԵՐԻ ՈՏՆԱՀԱՐԴԱՐ. Կճղակների վատ վիճակը կարող է անդրադառնալ այս կաթնատուների ինքնազգացողության ու նույնիսկ` բազմանալու ունակության վրա: Ամերիկայի և Եվրոպայի էլիտար ֆերմաներում կճղակներին հետևում ու դրանք կարգի են բերում աշխատողներով հագեցած առանձին բաժիններ:

ԲԱՐՁԵՐ ՈՒՂՂՈՂ. Պահանջված աշխատողներ են թանկարժեք կահույք վաճառող խանութներում և ննջարանի կահույքի առևտուր անողների շրջանում: Աշխատանքային օրվա ընթացքում նրանք պետք է անընդհատ շրջեն առևտրի սրահում և ուղղեն, հարթեցնեն բարձերի և ծածկոցների վրայի ծալքերը:

ՊԱՀՊԱՆԱԿՆԵՐ ՓՈՐՁԱԿՈՂՆԵՐ. Պահպանակներ արտադրողներն ուզում են վստահ լինել, որ իրենց արտադրանքը հուսալի է: Չէ՞ որ դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ` սեքսն անվտանգ դարձնել ցանկացողների համար: Ահա թե ինչու նոր արտադրանքը փորձարկում են շուրջ 1000 վարձու «աշխատողներ», և այդ փորձարկումը տևում է մեկ տարուց ոչ պակաս:

ԶՈՒԳԱՐԱՆԻ ՈՒՂԵԿՑՈՂ. Ճապոնիայում նրանք պետական ծառայողներ են համարվում: Քաղաքում մոտակա զուգարան որոնողներին օգնում են գտնել այդ պետքարանը: Ծառայությունն արժե մոտ 4 ցենտ:

ՎԱՐՁՈՒ ԱԶԳԱԿԱՆՆԵՐ. Պաշտոնական այս ծառայությունն ի հայտ է եկել անցյալ տարի` Չինաստանում: Դրան դիմում են հիմնականում հարսանիքից, ծննդան օրվանից կամ այլ հանդիսությունից առաջ, որտեղ պետք է շատ մարդիկ լինեն: Մի խոսքով, ցուցադրական շրջապատ. համարյա` հայտնի ֆիլմի «3 մանեթանոց» լացողների պես: Չինաստանն առաջինն է` այս ծառայությունը պաշտոնական դարձնելու առումով, բայց «ազգականներ» վարձելու պրակտիկան բավական տարածված է աշխարհում և այն էլ` շատ վաղուց:

ԶԱՌԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏ. Այսպիսի արհեստավարժներ պահել ստիպված են Լաս-Վեգասի և Մոնտե Կառլոյի իշխանությունները: Եթե խաղատունը հայտնաբերում է կեղծված կամ մաշված զառեր, դա համարվում է այցելուներին խաբելու, հիմարեցնելու փորձ: Մարդիկ գնահատում են իրենց հաստատություններում միլիոններ թողնողներին և չեն կամենում արհեստականորեն «հիմարացնել» նրանց: