ԹԱՆՁՐԱՑՈՂ ՁԱՆՁՐՈՒՅԹ


Ցավով պետք է նշել, որ Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար հրավիրված խորհրդարանական արտահերթ նիստում իր միապաղաղ գործունեությամբ նորից աչքի ընկավ խորհրդարանական ընդդիմությունը, որը խորհրդարանական ինադուի մակարդակից այն կողմ չի կարողանում անցնել: Առանց ծրագիր, անսկզբունք գործող ընդդիմությունը տանուլ է տալիս նույնիսկ այն դաշտում, որն ավանդաբար իրենն է համարել` կոռուպցիա-հակակոռուպցիա, կրիմինալ-հակակրիմինալ և այլն: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ հասկանալ, թե ինչո՞ւ ընդդիմությունը հրաժարվեց քվեարկությանը մասնակցելուց: Ո՞րն էր հարցի էությունը: Կրիմինալ պարունակող գործողություն կատարելիս ձերբակալվել է պատգամավոր, որը իշխանական ճամբարից է: Նա ավանդաբար կողմ է քվեարկել իշխանական բոլոր ձեռնարկներին, համարվում է օլիգարխիկ կառույցներից մեկի ղեկավար, խուլիգանական արարքից բացի դատախազության կողմից մեղադրվում է ֆինանսական խոշոր խախտումներ կատարելու հարցում: Իշխանական թևը հայտարարում է` եթե մեղավոր է, թող պատժվի: Բայց արի ու տես, որ ընդդիմությունը համաձայն չէ: Թվում էր, թե նոր Սահմանադրության ընդունման հետ կապված պատմությունից հայրենի ընդդիմադիրները որոշ դասեր քաղած կլինեին, երբ հնարավորություն կար սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և այսօրվա հաջողությունների (Հյուսիսային պողոտայի ծրագրի հակասահմանադրական ճանաչվելու փաստը, սոցքարտերի համակարգի ներդրումը Սահմանադրությանն անհամապատասխան ճանաչելը) «Ժառանգորդը» դառնալ ժողովրդի աչքին, բայց նա նորից գնաց «ջիգրու»-ի տարբերակով, բավարարվելով լոկ մի պիտակով, որի արդյունավետությունը խիստ կասկածելի է: Այս «ջիգրուն» կար երեկ, կա այսօր և կլինի նաև վաղը, որից արդեն աշնանային ձանձրույթ է բուրում: Մի՞թե կարելի է հուսալ, որ այսպիսի գործելակերպով գարնանը ընտրություններին ձայներ կստանան, եթե նույնիսկ այն լինի ամենաազատն ու ամենաարդարը: