Անկախություն` ըստ «Հովհաննու»


Մեր ժամանակներում ամենալավ ու հեռանկարային գործը ընդդիմադիր լինելն է: Նախ, որ դա ոչինչ չպարտավորեցնող աշխատանք է, երկրորդ` կարող ես ասել խելքիդ փչածը, քանի որ այն ոչ մի հետևանք չի ենթադրում: Օրինակ այսպես. «Կար ժամանակ, որ Ղարաբաղի հարցը միջազգային հանրության կողմից դիտարկվում էր որպես իրանական դոսիեյի մի մաս, և միջազգային հանրությունն ուզում էր այդ հարցը լուծել իրանական համատեքստում» (իրո՞ք): Կամ «Պարոն Զատուլինը առանց ֆիքսելու Հայաստանի արտաքին քաղաքական ամբիցիաները և առանց ֆիքսելու մեր ժողովրդի շահերը, միայն ասում է` շուտ արե°ք, որոշեք», «Ինչո՞ւ կոմպլեմենտարիզմը չի բավարարում նրան, որովհետև Հայաստանը հասել է այն աստիճանին, որ սա չի բավարարում մեր հարևաններին, ասենք` Ռուսաստանին»: Այսպիսի հարցադրումների և եզրակացությունների գիտակցության է եկել Հայաստանի Ազատական Առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ոչ թե դպրոցական տարիքում` շարադրություն գրելիս, այլ բոլորովին վերջերս, երբ «Փաստարկ» ակումբում հանդիպում էր լրագրողների հետ: Հանդիպման նպատակը պարզ է` տարվա ընթացքում որևէ ձևով գոնե մեկ-երկու անգամ պետք է հիշեցնես գոյությանդ մասին: Իսկ հիշեցնելու սխեման բավական պարզունակ է` քառամյա բորբոսով պատված մոտ 30-40 բառերի օգնությամբ կազմում ես բառակապակցություններ, ինչպիսիք են, ասենք, ոչ լեգիտիմ նախագահ, կեղծված ընտրություններ և այլն, կազմում նախադասություններ ու ներկայանում հանրությանը: Ընդ որում, եթե ուզում ես, որ քեզ նկատեն արևմտյան երկրները, ապա պետք է այս իշխանություններին զուգահեռ «քլնգել» նաև Ռուսաստանին, իսկ եթե ուզում ես նկատվել Ռուսաստանի կողմից, ապա` հակառակը: Չմոռանանք նշել, որ հընթացս էլ պետք է խոսես Ադրբեջանի աննախադեպ տնտեսական հաջողություններից. «Ադրբեջանի միջազգային կապիրովկան (նմանությունը.- խմբ.) բավական բարձրացել է` դրանից բխող բոլոր հետևանքներով» (դե եկ ու հասկացիր) և Վրաստանի ինքնիշխանության երևելի բարձունքներից. «Վրաստանն ուզում է որպես սուվերեն պետություն իր ինքնուրույն (արդյո՞ք - խմբ.) քայլերն անել արտաքին և ներքին քաղաքականության բնագավառում, որի արդյունքում ստանում է Ռուսաստանի կողմից ահավոր ոչ ադեկվատ պատասխան»: Նկատենք, որ այս կարգի հայտարարություններով, ըստ որոնց Կորեան ու Իրանն էլ ոչ մի պայմանավորվածություն չհարգող կիսատոտալիտար կամ ավտորիտար պետություններ են, իսկ Իրանի համար տնտեսական շրջափակում կանխագուշակելով` Հովհաննիսյանը ռևերանս է կատարում Արևմուտքին (արդյո՞ք - խմբ.), հուսալով եթե ոչ երկրի նախագահ, ապա գոնե խորհրդարանական կուսակցություն դառնալու աջակցություն ստանալ (քանզի սեփական ժողովրդից աջակցություն հուսալն իրատեսական չէ): Ռուս-վրացական հարաբերությունների մասին խոսելիս նա անհանգստություն հայտնեց, որ «այս դեպքերը դեռ զարգացում են ունենալու, և պատերազմ կծավալվի ոչ թե ռուս-վրացական, այլ վրաց-աբխազական կամ օսական ճակատում: Բայց այս լարված վիճակը ազդեցություն չի ունենալու Արցախի խնդրի լուծման վրա, և 2006-ը Ղարաբաղի հարցում առաջընթացի տարի է լինելու»: Քանի որ բոլոր հարցերը լուծված են, «մնում է Քելբաջարի խնդիրը, թե ով պետք է զիջի: Այս մասին է խոսում և° Շիրակի այցը Հայաստան, և° Ֆրանսիայի խորհրդարանի վերջին որոշումը»: «Ավանգարդի» մի քանի հարցերին Հ. Հովհաննիսյանի պատասխաններն ավելի ընդգծում են սեփական հայտարարություններին իսկ հակադրվելու նրա մարմաջը: - Որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ Հայաստանը պետք է փորձի առավելագույն օգուտ քաղել Վրաստանի այսօրվա ծանր վիճակից: Ասենք` կայուն երաշխիք, որ նա չի մասնակցի Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությանը: Ձեր կարծիքով Հայաստանը պե՞տք է գնա այդպիսի ռիսկի: - Դա կլինի վերջը: Կկրկնվի 1918-20 թթ.-ի պատմությունը, երբ Հայաստանը կռվում էր իր բոլոր հարևանների հետ: Ինչ վերաբերում է երկաթգծին, պետք է ասել, որ դա Վրաստանը չի որոշում: Հենց երեկ նրանք հավաքվել էին, և որոշվեց, որ շինարարության գումարի վրացական մասնաբաժինը իր վրա կվերցնի Թուրքիան: Ես գտնում եմ, որ սա պատասխան է ֆրանսիական խորհրդարանի ընդունած որոշման: - Դուք ժամանակին գլխավորել եք ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը: Այդ ընթացքում մշակե՞լ եք, արդյոք, հայեցակարգային մի ծրագիր կամ ուղենիշ պլան, որից այսօր հրաժարվել են ներկայիս իշխանությունները: - Ճիշտն ասած` չենք մշակել ազգային անվտանգության հայեցակարգ: - Դուք մեղադրում եք գործող իշխանությանը` իր վարած արտաքին քաղաքականության համար: Ձեր ժամանակվա համեմատ արտաքին քաղաքականության ո՞ր շեշտադրումներն են փոխվել: - Պետք է ասեմ, որ գրեթե չեն փոխվել: Երևի թե մի քիչ ծանրացել է ռուսական նժարը: Մի քիչ շատ ենք թեքվել այդ կողմ: - Ռուսաստան-Վրաստան սրված հարաբերության պայմանում Հայաստանը հայտնվել է փակուղային վիճակում: Ձեր կուսակցությունը, գոնե իր համար ճշտե՞լ է, թե որն է ելքը: Հայաստանն ի՞նչ դիրքորոշում պետք է բռնի: - Անկեղծ ասած, վիճակը շատ ծանր է: Ես էլ չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել: - Դուք Վրաստանը բնութագրեցիք որպես անկախ պետություն: Ինչպե՞ս կարող է մի երկիր անկախ լինել, երբ տվյալ երկրի Նախագահը աշխատավարձ է ստանում մի այլ երկրից: - Վրաստանն անկախ երկիր է: Այլ բան, եթե ասեք, որ նա աջակցություն է ստանում մի այլ երկրից: Բայց Վրաստանն անկախ երկիր է և իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու քայլեր է անում: Համարենք, որ սա էլ անկախության` Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության տեսլականն է:

Գագիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ