Հուշամեդալ` անձնագրի արժեքով


«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամն ստեղծվել է 1995 թ., Մոսկվայում` որպես հայ-ռուսական մշակութային-բարեգործական կազմակերպություն: 2002 թ. հուլիսի 8-ից այն նույն անվանումով վերագրանցվել է Երևանում: Հիմնադրամի նախագահ է ընտրվել Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ, հոգաբարձուների խորհրդի նախագահ` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ: 1930 թ. մայիսի 13-ին դադարեց բաբախել մի մեծ սիրտ, որի յուրաքանչյուր տրոփյունը թանկ էր հայ ժողովրդի համար: Մեծ նորվեգացին, մարդասերն ու հայասերը` Ֆրիտյոֆ Նանսենը, այդ օրը կնքեց իր մահկանացուն` թողնելով անմահ հիշատակ մի ժողովրդի սրտում, ով նրան է պարտական իր 320 հազար որդիների կյանքով: Ավելի քան 70 տարի է անցել այդ օրվանից, բայց դեռ չի խամրել նրա հիշատակը: Այն միշտ կենդանի պահելու գործում մեծ ավանդ ունի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը` հանձին նրա նախագահ Ֆելիքս Բախչինյանի: Հիմնադրամի անցած ուղին հարուստ է ձեռքբերումներով` 10-ից ավելի մենագրություններ, գիտական կոնֆերանսներ, ցուցահանդես Ստրասբուրգում` Եվրախորհրդի շենքում: Ֆելիքս Բախչինյանի ջանքերով Նանսենի անվամբ կոչվեցին դպրոցներ Երևանում, Արմավիրում, Դիլիջանում, փողոց` Ստեփանավանում, մանկատուն` Գյումրիում: 2006-ը հիմնադրամի համար առանձնանում է միջոցառումների առատությամբ. լրանում է մեծ հումանիստի ծննդյան 145-ամյակը և նրա` հայերեն հրատարակված 1-ին գրքի 100-ամյակը («Դեպի բևեռ», Իզմիր, 1906 թ., թարգմանություն ֆրանսերենից): Անցկացվեց «Նանսենյան տասնօրյակ», որը պաշտոնապես բացվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Լսվեցին ֆակուլտետի դեկան Հայկ Ավետիսյանի, բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի, ԱԳՆ փոխնախարար Արմեն Բայբուրդյանի և ասպիրանտների ու հայցորդների զեկուցումները: Միջոցառումներն ավարտվեցին հոկտեմբերի 19-ին: Այդ օրը Գ. Սունդուկ յանի անվան թատրոնում տեղի ունեցավ համերգ` օրհնությամբ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: Ելույթ ունեցան Էջմիածնի քաղաքապետարանի կամերային նվագախումբը և Գյումրիի` Նանսենի անվան մանկատան սաները: «Նանսենյան տասնօրյակի» եզրափակումը եղավ Ժուռնալիստի տանը լավագույնների պարգևատրումը, երբ պարգևատրվեցին իրենց մասնագիտական հայացքներով վերջին շրջանում աչքի ընկած քաղաքական գործիչները և լրագրողները: Ոսկե հուշամեդալների արժանացան Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Ջուլիետ Մարտիրոսյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, Սպիտակի «Լուսարձակ» թերթի խմբագիր Ֆահրադ Ափուջանյանը: Ինչպես իր շնորհակալական խոսքում նշեց Աստղիկ Գևորգյանը, այդ հուշամեդալը նանսենյան անձնագրի արժեք ունի, և այն կրելը խիստ պարտավորեցնող է: P.S. «Մեծագույն շնորհակալություն» պետք էր հայտնել Սպիտակի քաղաքապետ Վանիկ Ասատրյանին, ով խոստացել էր Նանսենի անունով կոչել Սպիտակի փողոցներից մեկը (կա թույլտվության փաստաթուղթը), բայց վերջին պահին հրաժարվեց իր խոստումից: Կարող էր և գլուխ չգովել:

Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ, Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ