Այստեղ ամեն ինչ, այնտեղ ոչինչ


Մեր գիտական բարձր ներուժի, բարձր տեխնոլոգիաների գերակայության մասին մենք էլ ենք խոսում, ուրիշներն էլ: Բայց խոսելն ի՞նչ: Պետք է իմանալ` ինչպես առաջ տանել բարձր տեխնոլոգիաները, և ինչպես գործի դնել ինովացիոն ոլորտը` ի զարգացումն գիտելիքահենք տնտեսության: Ոլորտի զարգացման ճանապարհին առաջին քայլը հայեցակարգի ընդունումն էր: Հայտնի չէ, թե հայեցակարգի ընդունմամբ ինովացիոն դաշտում ի՞նչ տեղաշարժեր կատարվեցին: Առհասարակ, մեզանում մի տեսակ փաստաթղթերի, օրինագծերի, որոշումների ընդունման առատություն է: Ի՞նչ կհաջորդի կամ արդյո՞ք որևէ բան կհաջորդի այդ ամենին, ի՞նչ ճակատագիր կունենան կյանք «գործուղված» օրինագծերն ու որոշումները` կիրակման ու կիրարկելիության առումով, առայժմ պակաս արծարծելի է: Դառնանք ինովացիոն ոլորտին կառավարության նոր անդրադարձին. ոլորտի գերակայությունների սահմանում գերակա ուղղությունն ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումն է և զարգացումը, էներգիայի այլընտրանքային աղբյուրները, բարձր տեխնոլոգիական մշակումները, էկոլոգիական գերադասելի տեխնոլոգիաների զարգացումը: Բնականաբար, գերակայությունների ընտրությունը որոշակի հիմք ունի. նշված ճյուղերում առաջընթացը որոշակիորեն կբարձրացնի Հայաստանի դերը տարածաշրջանում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, անշուշտ, այդպիսի իրողությամբ միայն ուրախանալ կարող է: Սակայն Հայաստանի ամեն մի քաղաքացի չէ, որ հնարավոր կհամարի այն: Ինովացիոն ոլորտը զարգանում է Երևանում` խոշոր չափերով ու թափով, նաև մեկ-երկու քաղաքներում: Իսկ մարզե՞րը, հեռավոր բնակավայրե՞րը, որտեղ ինտերնետ կապը դեռ չի թափանցել: Միայն մասամբ, «ըստ տեղանքի» ինովացիոն համակարգ չես զարգացնի: Որքան էլ Կառավարությունը խոստանում է, որ ինովացիոն ենթակառուցվածքների ստեղծումը պետք է ավարտվի եկող տարվա ընթացքում, երևանյան և շուրջերևանյան ինովացիոն ոլորտին զարկ տալով` երկրի ինովացիզացիայի խնդիր չես լուծի: Ինտերնետային կապը պիտի թևածի երկրով մեկ: Բարձր տեխնոլոգիաները պիտի հաստատվեն ամենուր` մայրաքաղաքից մինչև ամենահեռավոր գյուղը: Մեր հին ու նոր դարդը, քաղաքապետարանի նոր կարգը Մեր հին ու նոր դարդը, քաղաքապետարանի նոր կարգը Բոլոր նոր կառուցվող շենքերը պետք է ունենան ավտոհանգրվանատեղեր: Եթե ժամանակին իշխանությունների կողմից ավտոկայանատեղի ունենալու խնդիրը նման համապարփակ, միասնական լուծում ստանար, քաղաքն այսպես չէր այլակերպվի-այլանդակվի: Բակուդուռ լցվեցին ավտոտնակներով, քարե ու զանազան բանե շինություններով: Ով ինչով հարմար գտավ` ծեփեց, ինչպես խելքը կտրեց` կառուցեց: Ով ում ճանապարհն ուզեց` կտրեց, ով ում տարածքն ուզեց` յուրացրեց: Ում խելքին փչեց, ոտքը դրեց ընդհանուր բակային տարածքին ու ասաց. «Իմն է»: Անգլիացիներն ասացվածք ունեն` «Ոչխարները կերան մարդկանց»: Հայերիս համար էլ «ավտոտնակները կերան մարդկանց» արտահայտությունն է ասույթի ուժ ձեռք բերել: Ասում եք, հին դարդերը ջրի երես հանել պետք չէ՞: Ախր, ամեն օր սրտներս ցավում է` տեսնելով ավտոտնակախեղդ բակերում այսուայնկողմ ծեփվող երեխաներին: Հասկանալի է, ավտոտնակը հարմարություն է, մարդու բարեկեցությունը լրացնող միջոց: Սակայն մեծագույն անբարոյականություն է բարեկեցություն ունենալ մանուկների հաշվին, նրանց իրենց խաղատեղերից զրկելու, ինչո՞ւ չէ, նաև մեծահասակների` բակում ժամանցի վայրից զրկելու հաշվին: Օսկար Ուայլդի խոսքերը հիշենք` «Երեխաների ինչի՞ն են պետք պարիսպները»: Այս անբարոյականությունը շարունակվում է և մեր ժամանակներում: Միայն թե հիմա դա օրինականացվում է: Տեղական իշխանությունն ասում է. գնիր հողը ու կառուցիր: Ու բակերում էլ մի թիզ ազատ հող չես գտնի: Մարդիկ օրենքով են վարվել, գնել են հողը: Իրե՜նցն է, օրինակա՜ն է: Երևանի քաղաքապետարանը նոր մոտեցում է որդեգրել. բոլոր նորակառույցները պետք է ունենան ավտոկայանատեղեր: Տեսնենք, թե այս անգամ ավտոտնակների «գոյապայ քարում» Երևանն ի՞նչ կունենա թե° ճարտարապետական և թե° մարդկային-բարոյական առումով: Մայրաքաղաք ներմուծվող ավտոմեքենաների քանակն, ըստ Երևանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանի, ամեն տարի կրկնապատկվում է: Սա նշանակում է, որ քաղաքապե տարանն, իրոք, ավտոհանգրվանատեղերով մտահոգվելու խնդիր ունի: Եվ ոչ միայն: Ավտոմայրուղիների, փողոցների ծանրաբեռնվածությունը նույնպես նոր լուծումներ է թելադրում: Դրանց բեռնաթափումը դառնում է օրախնդիր: Ըստ փոխքաղաքապետի, ծանրաբեռնված ճանապարհների բեռնաթափման աշխատանքներն արդեն իսկ տարվում են: Սակայն ավտոմեքենաները շարունակում են իրար շալակ ելած երթևեկել:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ