Կյանքս անցավ, գնաց, Ավանդս ո՞ւր մնաց...


Է¯, ե՞րբ էր, ամիսներ առաջ, տարեսկզբին, Կառավարությունը ՕԵԿ-ի անհեռատես ու ամբոխահաճո տարփողումով ժողովրդի մեջ խլրտում գցեց, թե խորհրդային բանկին պահ տված խնայողությունները վերադարձվում են: Խորհրդային տարիներին գրեթե ամեն ընտանիք խնայած գումար ուներ, և էն գլխից պարզ էր, որ ավանդների զանգվածային վերադարձ չի կարող լինել: Աղքատ երկիր ենք, հարկերով ավանդներ վերադարձնելը անիրականանալի ներկա է: Խոշոր հարկատուներն իրենք իրենց ազատել են հարկ վճարելու նեղությունից, մանր-մունրով ու թեկուզ միջիններով էլ բյուջեն լցվում է այնքան, որքան լցվում է: Այնպես որ` այսպես թե այնպես, ավանդներ ստացող երջանիկները շատ չէին լինելու: Ու քանի որ կարիքավորից կարիքավորը` աղքատից աղքատը, անապահովից անապահովը կա, սոցապ նախարարությունը դասեց-դասդասեց, զատեց ու ընտրեց, ստուգեց ու վերստուգեց, ու մարդկանց թվում էր, թե էն է, էն է` դառը քրտինքով նեղ օրվա համար հետ գցած մի 2 կոպեկն իրենց բուռը կդնեն, պարզվեց, ինչպես սոցապ նախարար Աղվան Վարդանյանն է ասում` «տագնապալի մի իրավիճակ»: Հաշվառվել է 138 հազար գրքույկ, որոնք պատկանում էին 62 հազար մարդու: Յուրաքանչյուրին բաժին է ընկնում 2-2,3 գրքույկ: 4 հազար ավանդատուների քարտերը խնայբանկում չեն գտնվել, մինչդեռ ՀՖՆ-ի հաշիվներում դրանք կային: 20 հազար քաղաքացու հետ էլ գումարային տարբեր խնդիրներ էին ծագել: Միով բանիվ, 62 հազարից 60 հազարի հետ խնդիրներ ունեինք: Օգոստոսին ավանդներ բաշխվեցին 190 մլն, սեպտեմբերին` 110 մլն դրամի չափով: 200-ական մլն էլ կվճարվի հետագա ամիսներին: Տարբեր պարամետրերի անհամապատասխանությունն ու հակասականությունը վերջնականապես և լիովին պարզելու համար Կառավարությունը նոր որոշում է ընդունել` նոր մոտեցումներ կիրառելու վերաբերյալ: 56 հազար քաղաքացու ավանդային խնդրի վրա լույս կսփռի հենց այս որոշումը: 4 հազար քաղաքացու, ովքեր գրքույկ ունեն, բայց խնայբանկում հաշիվ չկա, խնդիրը մնում է առկախ: Ի՞նչ ստացվեց արդյունքում: Իրենց խնայողությունները հետ ստանալու երջանկությանն արժանացածներն աչքերին չհավատալով և դրա հույսը չունենալով` իհարկե, ուրախ էին. քիչ էր, բայց էլի բան էր: Նրանք, ովքեր համոզված էին, որ իրենք նույնպես վճարման ենթակա էին, իրենց այդ ցանկում չգտնելով, դառնացած թափ տվեցին ձեռքները` մենք էդպես էլ գիտեինք: Ինչևէ, մարդկանց հիասթափությունն ու հուսահատությունը երկշերտ դարձավ: Մեկ փոխհատուցման չափերից հիասթափվեցին, մեկ էլ չվճարվողների շարքին դասվելուց: Սակայն Կառավարությունը հույսի մի փոքրիկ շող խոստանում է. եկող տարվա բյուջեով ավանդների վերադարձման համար դարձյալ 1 մլրդ դրամ կհատկացվի: Ո՞ւմ կժպտա բախտը...

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ