Մարդու բարօրության մտահոգությամբ


Աջափնյակ թաղամասը ժամանակին եղել է Երևան քաղաքի էկոլոգիապես ամենամաքուր, ամենականաչ գոտին: Մարդիկ ձգտել են բնակարան ստանալ Աջափնյակում, սիրել են իրենց թաղամասը: Այսօր մարդիկ նույնն են, բայց բնակավայրն ասես օտարացել է իրենցից: Պետք է վճռական լինենք և, որքան հնարավոր է, վերադարձնենք Աջափնյակի երբեմնի գեղեցիկ դեմքը: Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ. ծնվել է 1958 թ. օգոստոսի 28-ին, Երևանում: 1982 թ. ավարտելով Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը, աշխատանքի է անցել «Ռեմդետալ» գործարանում, լինելով սկզբում բարձրակարգ փականագործ, այնուհետև` արտադրամասի վարպետ: Ավարտել է Մոսկվայի ոչ առևտրային ինքնավար կազմակերպության և ձեռներեցության միջազգային ակադեմիայի (ինստիտուտի) Երևանի մասնաճյուղը: Եղել է «Մաշտոց» էլեկտրացանցի փոխտնօրեն, այնուհետև` «Մուսալեռ» մասնաճյուղի տնօրեն: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի Աջափնյակ -Դավիթաշեն տարածքը սպասարկող կադաստրի պետական կոմիտեի «Դավթաշեն» ստորաբաժանման ղեկավար պետռեգիստրն է: Աշխատասիրությունն է ամենայն հաջողության երաշխիքը, հատկապես, երբ իրատեսական ծրագրերով ես կոչված նպաստելու մարդկանց բարօրությանը: Ռուբեն Հովսեփյանը Աջափնյակ համայնքի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը պայմանավորում է համայնքի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Եվ այդ առումով գործնական են նրա քայլերը: - Բարձրագոչ խոսքեր ենք հնչեցնում երկրի, պետության զարգացման մասին, մինչդեռ վաղուց ժամանակն է, որ յուրաքանչյուր ոք իր բաժին «քարը» դնի պետության հիմնասյունին` ի նպաստ հայրենիքի շենացման,- ասում է նա: Հիրավի, վստահությունը գեղեցկախոսությամբ չեն վաստակում: Ժողովուրդը գործին է վստահում, իր հոգսը կիսողին հավատ ընծայում: Ու թեև Աջափնյակ համայնքում բազում են խնդիրները, այդուհանդերձ, մեր ապագայի հանդեպ լավատեսորեն է համակված իր երկիրն անկեղծորեն սիրող Ռուբեն Հովսեփյան քաղաքացին. - Կգա ժամանակ, երբ հոգսաթափ կտեսնենք մեր ժողովրդին: Եթե պատահում է, որ դժվարությունների բովում աղավաղվում է հայ մարդու դիմագիծը, իրեն բնորոշ լավատեսությամբ նա կրկին հայացքն ուղղում է գալիքին: Չէ՞ որ դժվարություններն ի վերջո հաղթահարելի են, եթե կամքն ու սեփական ուժերիդ հանդեպ հավատն ես ընտրում քեզ ուղեկից: Պարզապես փոքր-ինչ համբերությամբ պետք է զինվել և միաբանվելով` համատեղել ջանքերը, - համոզված է Ռուբեն Հովսեփյանը: Առհավատչյան` աշխատանքային կենսագրությունը, որի յուրաքանչյուր էջը ինքնադրսևորման լավագույն օրինակ է: Ինչպես ինքն է փաստում, նեղյալին կարեկցելու և սատարելու բարի կամքն ու պատրաստակամությունը ժառանգել է ապարանյան արմատներով` մարդասեր ծնողներից: Հայրը` Գառնիկ Հովսեփյանը, առ Աստված ունեցած իր անսահման հավատով վերակառուցել է իրենց պապենական Նարեկ Մատուռը, հայրենի Չքնաղում եկեղեցի կառուցել և հենց այդ հավատով էլ բարություն է սերմանել զավակների մեջ: Այդ հավատամքով նույն էության մեջ ներդաշնակվել են աշխատասիրությունը, նպատակասլացությունն և կատարած գործերով ժողովրդի վստահությունն արդարացնելու հաստատակամությունը: Անկարելի է չհավատալ, որ Աջափնյակ համայնքի ղեկավարի թեկնածու Ռուբեն Հովսեփյանը ընտրվելու դեպքում արդարացնելու է ընտրողների վստահությունը: Արդարացնելու է, քանզի առաջին հերթին առավել պահանջկոտ հորն ու հարազատներին պիտի կարողանա ապացուցել, որ ինքնանպատակ չէ այս մղումը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ