..ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄՈՍԿՎԱ..


Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 36-39-ում Օրենքն ասում է` այո»: Հարց ու պատասխանի այս ձեռագիր մենախոսության արդյունքում 1876 թ. մայիսի 30-ին Հուսեյն Ավնի փաշան ատրճանակի փողը դրեց գահաժառանգ, սուլթան Աբդուլ-Մեջիդի (1839-61) որդու, Մուրադի կրծքին և ստիպեց նրան ընդունել թագը: Միաժամանակ հետևակայինների մի մեծ խումբ ներխուժեց Աբդուլ-Ազիզի պալատ և տեղեկացրեց նրան, որ նա դադարում է իշխել: Գահ բարձրացավ Մուրադ V-ը: Մի քանի օր անց ազդարարվեց, որ Աբդուլ-Ազիզը մկրատով բացել է իր երակներն ու մահացել: Այդ լուրն առնելուն պես նրա հավատարիմ թիկնապահներից մեկը` չերքեզ Հասան բեյը, հենց Միդհատ փաշայի տանը որպես վրեժխնդրություն սպանում է մի քանի նախարարների: Իր հորեղբոր` Աբդուլ-Ազիզի մահը, ինչպես նաև չերքեզ թիկնապահի գործած նախճիրն այն աստիճան բացասաբար են ազդում մինչ այդ էլ հոգեկան խնդիրներ ունեցող Մուրադ V-ի վրա, որ նա բառիս բուն իմաստով խելքը գցում է: Շեյխ-ուլ-իսլամն ստիպված է լինում մի թուղթ էլ սրա համար գրել: Այս ամենի արդյունքում 1876 թ. օգոստոսին գահ է բարձրանում նրա եղբայրը` 34-ամյա Աբդուլ-Համիդ II-ը: Թուրքական «բարի» սովորույթը` սուլթանին ուղարկել պարտված զորավարների գլուխները, մնացել էր անցյալում, և 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմում թուրքական գործող բանակների հրամանատարները` Մեհմեդ Ալի, Սուլեյման, Աբդուլ-Քերիմ, Օսման, Ռեուֆ փաշաները չզլացան առավել կամ պակաս չափով օգտվել բարքերի նման «ժողովրդավարացումից»: Եթե գլխավոր հրամանատարների` սկզբում Աբդուլ-Քերիմի, հետո` Մեհմեդ Ալիի և վերջապես Սուլեյման փաշայի հրամանները մյուս, այսպես ասած, դաշտային զորահրամանատարները խիստ դժկամորեն կատարում էին միայն մասամբ կամ բոլորովին չէին կատարում, մի բան, որ որքան էլ անհնարին է արդարացնել, բայցևայնպես, կարելի է հասկանալ ու բացատրել գլխավոր հրամանատարների ունեցած անձնական հեղինակության պակասով («Մի փաշա դու ես, մի փաշա` ես, ինձ ամեն օր անիմաստ հրամաններ մի ուղարկիր» տրամաբանությունից ելնելով - Ռ. Ա.), ապա համանման վերաբերմունքին սուլթանական գրասենյակից, նույնն է, թե անձամբ սուլթանի կողմից տրված հրամանների հանդեպ բացատրություն գտնելը դժվար է: Այստեղ թերևս մի կետում հատվում են մի քանի հնարավոր պատճառաբանություն ներ` անձնական պատասխանատվության նվազումը, կենդանի ուժի և սպառազինության ու տարատեսակ այլ մատակարարումների խիստ անբավարար լինելու հանգամանքի վրա ամեն վայրկյան մատնացույց անելու հնարավորությունը, իր` իբրև թե միայն ակտիվ գործողությունների միտված զորաշարժերի վիժեցումը հարևան հրամանատարների հանցավոր անգործության պատճառով և այլն: Թեև, ինչ էլ որ ասենք, այնուամենայնիվ, գլխավոր պատճառը, կարծում եմ, մեկն է. երկրի ղեկավարի, այսինքն` սուլթան Աբդուլ-Համիդ II-ի թուլությունը: Հիմա տեսնենք, թե բուն մարտական գործողությունների վրա այդ ամենն ինչպես էր անդրադառնում: Կբերեմ միայն մեկ-երկու բնորոշ օրինակներ. մնացածները միանգամայն համահունչ են ու արտացոլում են իրար: Ուրեմն այսպես` ըստ երևույթին այն պատճառով, որ Սիլիստրիա-Վառնա-Շումլա-Ռուշչուկ հայտնի քառանկյունում տեղակայված էր թուրքական զորքերի ամենախոշոր խմբավորումը. ապա գլխավոր հրամանատարի պաշտոնը մի տեսակ ավանդապահորեն անցնում էր տեղի ուժերի հրամանատարին: Ինչպես արդեն ասել ենք, սկզբում այն զբաղեցնում էր Աբդուլ Քերիմ փաշան, այնուհետև Մեհմեդ Ալի փաշան և վերջապես` Սուլեյման փաշան: Անկեղծ ասած` չգիտեմ, թե որն էր Աբդուլ Քերիմ փաշային Մեհմեդ Ալի փաշայով գլխավոր հրամանատարի պաշտոնում փոխարինելու անմիջական պատճառը, բայց վերջինիս նշանակումից անմիջապես հետո մինչև Սուլեյման փաշային այն զիջելը այս երկուսի միջև ոչ մի վայրկյան չդադարեցին մեկմեկու առաջադրված փոխադարձ մեղադրանքները և սուլթանական գրասենյակ բողոք-բողոքի հետևից ուղարկելը: Ողջ սեպտեմբեր ամսին թուրքական ռազմական նախարարությունն աշխատում էր ակտիվ գործողություն ների դրդել հայտնի քառանկյունում ծվարած Մեհմեդ Ալի փաշային իր ավելի քան 100 հազարանոց բանակով` Պլևնեի ամրոցի պաշտպանների վիճակը գոնե մի փոքր թեթևացնելու նպատակով: Միաժամանակ հորդորում էին (?) Սուլեյման փաշային, թե քո տրամադրության տակ եղած ուժերի մի մասն ուղարկիր ՄԵհմեդ Ալի փաշային օգնության: Սուլեյման փաշան էլ մեծ աղմուկ էր բարձրացնում, թե ինձնից 3 անգամ ավելի զորք ունի, ե՞ս պետք է իրեն օգնեմ, թե՞ ինքն ինձ: Այս ոգով երկար տվին-առան, և օր չէր անցնում, որ թե իրար, թե Կ. Պոլիս գրություն չուղարկեին, իսկ ողջ այդ ընթացքում թուրքական զորամիավորումները գամված էին տեղում և ակտիվության նշույլ անգամ չդրսևորեցին: Ի վերջո, սեպտեմբերի կեսերին սուլթանական գրասենյակում բռնեցին Սուլեյման փաշայի կողմը և հրամայեցին նրան ստանձնել գլխավոր հրամանատարի պաշտոնը` ակնկալելով նրանից իրական ակտիվություն: Պլևնեում փակվելու առաջին իսկ օրից սկսած` Օսման փաշան դժգոհում էր բոլորից, թե իրեն բոլորովին չեն սատարում: Երևի թե իրավացի էր դժգոհում, բայց իրականությունը կայանում էր նրանում, որ թվարկածս դաշտային բանակների հրամանատարներից յուրաքանչյուրը հետամուտ էր սոսկ իր նեղ անձնական նպատակներին ու շահերին: Ինչ վերաբերում է Սուլեյման փաշայի գլխավոր հրամանատարության օրոք թուրքական ուժերի դրսևորած ակտիվությանը, ապա դրանք սահմանափակվեցին միայն մի քանի մանր-մունր հարձակողական գործողություններ հիշեցնող քայլերով, այն էլ զուտ տեղի տալով Կ. Պոլսից հնչող համառ պահանջները բավարարելու պատրանք ստեղծելու միտումին: Մի խոսքով, թուրքական հրամանատարության ծայր աստիճան անհամաձայնեցված գործողությունները մեծ դեր ունեցան ռուսական զենքի հաջողության գործում: Ասում եմ սա` մտադրության հյուլե իսկ չունենալով նվազեցնել ռուս զինվորների դրսևորած քաջության ու հերոսության աստիճանը: (Շարունակելի)

Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ