Տեղեկատվականը` ռազմավարական նշանակության ոլորտ


Ողջունելով Սփյուռքից ժամանած հյուրերին` Բակո ՍԱՀԱԿՅԱՆԸ նշել է, որ համաժողովում քննարկվող թեմաները շատ կարևոր են, հետաքրքիր ու հրատապ: Տեղեկատվական ոլորտը նա որակել է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ:

- Ներկա դրությամբ տեղեկատվական ոլորտում ավանդական գերխնդիրների հետ մեկտեղ առաջ են գալիս նորանոր առաջադրանքներ ու անելիքներ: Այս ամենը պահանջում է համապատասխան քաղաքականության իրականացում տեղեկատվական դաշտում, սերտ համագործակցություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրագրողների ու լրատվական հատվածների միջև:

Համաժողովի մասնակիցները` նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի առաջնագիծ, ծանոթացել սահմանապահ զինվորների առօրյային, զրուցել զինվորների հետ` ականատեսը դառնալով պաշտպանական կառույցների արդիականացման ինժեներական աշխատանք ներին:

Այնուհետև Տիգրանակերտի ամրոց-թանգարանում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը լրագրողներին ներկայացրել է ապրիլյան պատերազմից հետո իրականացված բարեփոխումները` կարևորելով բանակում տիրող առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը: