ՈՂՋՈՒՆԵԼԻ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է ԵՎ ՕԳՏԱԿԱՐ


Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ. Տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, աշխատում է «Կենտրոն» հեռուստատեսությունում` որպես լրագրող և միջազգային կապերի բաժնի համակարգող.

- Տեղեկատվական դաշտի այս խելահեղ մրցավազքում գուցեև փոքր-ինչ դժվար է, սակայն լրագրողի նեղ մասնագիտացման անհրաժեշտությունն արդեն հրամայական է դառնում: Միայն փաստերն արձանագրելը մեզանում չստացվեց, որովհետև անաչառություն կոչվածը հարաբերական հասկացություն է դարձել: Մինչդեռ փաստը ներկայացնելով ` լրատվամիջոցներն այն վերլուծելու, գնահատելու, հնարավոր զարգացումներ կանխասելու առաքելություն ունեն նաև: Նաիրի Հոխիկյանի պարագայում` ոչ միայն իրեն, այլև նրա հաղորդումներին հետևողներին ի սկզբանե հայտնի է, թե նրա հեղինակած հրապարակումից ինչ պետք է ակնկալեն:

- Համաձայն եմ. լրագրողն անպայման պետք է ունենա ուղղվածություն, հակառակ դեպքում նա չի տարբերվի ձայնագրող և ձայնագրածը վերարտադրող սարքից: Եվ պետք է կարողանա զարգացնել այդ ուղղվածությունը: Նաև պիտի կարողանա տվյալ ոլորտի վերաբերյալ իր հրապարակումը շահեկան դարձնել իր երկրի համար: Իհարկե` ի շահ օբյեկտիվ տեղեկատվության:

Ես ընտրել եմ տարածաշրջանային հարաբերությունները, զարգացումները, և այդ համատեքստում` հատկապես հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերութ յունները: Իհարկե` ընդհանուր տարածաշրջանային հարաբերությունները ևս իմ հետաքրքրության շրջանակում են, այդ պատճառով չեմ ասում` հակամարտություններ, որովհետև տարածաշրջանում են նաև մեր հարևան Իրանը, Վրաստանը: Մի խոսքով` իմ ուղղվածությունը մեր տարածաշրջանն է` իր դրական և բացասական կողմերով, զարգացումներով, մարտահրավերներով, և այդ մարտահրավերների դեմ պայքարը` հայկական շահերով:

Վերջին 7-8 տարիներին հայ-թուրքական հարաբերություններում ուսումնասիրում եմ այն ուղղությունը, որի մասին շատ քչերն են խոսում: Խոսքն այն իրականության մասին է, որը կոչվում է Արևմտյան Հայաստանի հայեր: 4,5-5, երբեմն մինչև 7-8 միլիոն հայերի մասին է խոսքը: Այս խնդրին չեն անդրադառնում, որովհետև 100 տարի մենք դաստիարակվել ենք այն ոգով, որ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանը հայաթափվել է, ավերվել են մեր բերդերն ու եկեղեցիները ու այնտեղ ոչինչ չունենք` բացի ավերակներից: Բայց իրականում այդպես չէ. երբ զուտ զբոսաշրջային այցելությամբ չես բավարարվում, և խորանում ես երևույթների մեջ` տեսնում ես, որ այնտեղ մեծաթիվ համայնք կա: Ճիշտ է, մարդիկ ապրում են` որոշակիորեն հեռացած հայկական ինքնությունից: Ու դա բնական է, որովհետև ժամանակին և մինչև այսօր էլ թուրքերը, քրդերը նրանց ստիպում են հեռանալ ազգային ինքնությունից:

- Կարևորը` նրանք չեն հրաժարվել ազգային պատկանելությունից և արդեն խոստովանում, բացահայտում են իրենց ծագումը:

- Իհարկե, նրանք երբեք իսպառ չեն հրաժարվել իրենց ծագումից: Պարզապես նրանց ճնշող մեծամասնությունը չեն խոսել, չեն բացահայտել ազգային ինքնությունը:

- Դրա պատճառը հայտնի է` իրենց ապահովության նկատառումներով ծպտյալ են մնացել: Իսկ այսօր բացահայտվելն արդյո՞ք վտանգավոր չէ թուրքաբնակ հայերի համար:

- Կասեի, որ ոչ մի ժամանակում հայը չի կարող ապահով լինել թուրքի, ադրբեջանի կողքին: Եվ այսօր էլ, երբ ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրում են միլիոնավոր հայեր, չի կարելի միարժեքորեն նրանց կյանքն ապահով համարել: Պարզապես փոխվում են ժամանակները, փոխվում են քաղաքական իրադարձությունները: Հիմա առաջ է գալիս նոր` «Մերձավոր Արևելք» ծրագիրը, որը ենթադրում է պետությունների սահմանների վերաձևում, պետությունների մեջ հանրային տեղաշարժեր, և այստեղ հայկական գործոնը սկսում է «գլուխ բարձրացնել»: Այսինքն` այն, ինչը 1-2 տասնյակ տարի առաջ արգելված էր, չէր կարելի, այսօր սկսում է աստիճանաբար գործել: Եվ այսօր չօգտվել այդ հնարավորությունից ու չփորձել այդ հայերին ակտիվացնել, վերադարձնել իրենց ազգային ինքնությանը և Թուրքիայի, ավելի կոնկրետ` Արևմտյան Հայաստանի տարածքում չունենալ ուժեղ, արմատին կպած ազգային համայնք` դա կլինի նորից «թղթե շերեփի» օգտագործում:

- Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արդեն ավանդական դարձած համահայկական համաժողովները որքանո՞վ են նպաստում մեր ինքնության վերարթնացմանը:

- Դրանք շատ կարևոր են: Այս համաժողովին 28 երկրներից եկած 140 հայազգի լրագրողներ են մասնակցում: Ինչ-որ առումով` լրագրողները նույնպես զինվորներ են, ովքեր ազգային շահերն են ներկայացնում: Եվ այսպիսի հավաքները հնարավորություն են տալիս, որպեսզի կարողանանք մեր ազգային պետական շահերը թիրախային օգտագործել: Ես շատ ուրախ կլինաի, եթե այստեղ լինեին լրագրողներ Արևմտյան Հայաստանից: Թուրքիայից լրագրողներ կան, իհարկե: Բայց շատ լավ կլինի, եթե 9-րդ համաժողովին ներկա լինեն հենց Արևմտյան Հայաստանից լրագրողներ, որովհետև այնտեղ ապրող հայերի գործոնն այսօր շատ ուժեղ է դառնում: Այսուհանդերձ, այն փաստը, որ հիմա աշխարհի ամենատարբեր երկրներից 140 լրագրողներ այստեղ են` լավ հնարավորություն է, որ կարողանան իրար ճանաչել, համագործակցել ճգնաժամային թե սովորական պայմաններում` ի նպաստ մեր երկրի, մեր ազգային շահերի:

Շատ ողջունելի ավանդույթ է. ինքս պատիվ եմ համարում դրան մասնակցելը: